Անցյալ տարեվերջին «ՀԺ»-ն գրել էր, որ դաշնակցությունը իշխող ՀՀԿ-ից 3 մարզպետի պաշտոն է ուզում, որպեսզի կարողանա 2017 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններում որոշակի ազդեցություն ձեռք բերել եւ ձայն հավաքել։ Այս առաջարկը, սակայն, կարծես թե չէր ընդունվել։
Այս պահին դեռ հստակ չէ՝ բանակցությունների արդյունքում ինչ ձեւաչափով եւ ինչ պաշտոններ կարող է ստանձնել դաշնակցությունը։ ՀՅԴ ներկայացուցիչները մասնավոր զրույցներում չեն բացառում, որ պաշտոններ ստանձնեն կոալիցիոն կառավարության շրջանակներում, թեեւ դեկտեմբերին առավել հավանական էին համարում, որ կոալիցիոն հուշագիր չեն ստորագրի, պարզապես մի շարք պաշտոններ կզբաղեցնեն։
Ամենաուշազրավն այստեղ այն է, որ դաշնակցությունը գործող կոալիցիան վերջին անգամ լքել էր հայ-թուրքական արձանագրությունների պատճառով, որոնք, սակայն, դեռ Ազգային ժողովի մեծ օրակարգում են։ Այսինքն, մեծ հաշվով՝ ոչինչ չի փոխվել։
Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ն 2 մարզպետի ու 2 նախարարի պաշտոն է ուզել։ Բանակցությունները դեռ շարունակվում են, վերջնական պայմանավորվածություն չկա, թե կոնկրետ որ ոլորտները բաժին կհասնեն դաշնակցությանը։
Կարդացեք նաև
Ի դեպ, հանրապետական պատգամավորները եւս մասնավոր զրույցներում պնդում են, որ պաշտոնների հարցը դեռ վերջնականապես հստակեցված չէ։
Նկատենք, որ հանրապետականները մասնավոր զրույցներում պնդում են, որ հաշվի առնելով դաշնակցության ազդեցությունը սփյուռքում, այսպես թե այնպես, ամեն ինչ անելու են՝ ՀՅԴ-ի համար անցողիկ 5 տոկոսանոց շեմ ապահովելու համար, թեեւ իրականում ՀՅԴ-ի ձայներն ավելի քիչ են։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում