Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանության ձգտելը վատ բան չի

Հունվար 20,2016 10:00

Երբ ԽՍՀՄ նախկին ղեկավար Գորբաչովն եկավ երկրաշարժից ավերված Լենինական եւ, ի պատասխան իր հետ եկած լրագրող Տիխոմիրովի նախապատրաստված հարցի՝ «Ղարաբաղ» կոմիտեի մասին ասաց՝ «рвутся к власти», նա, հավանաբար, նկատի ուներ, որ իշխանության ձգտելը դատապարտելի երեւույթ է: Այդ պնդումը «Ղարաբաղ» կոմիտեի անդամները որոշ ժամանակ հերքում էին՝ ասելով, որ իրենց իշխանություն պետք չէ, միայն թե ժողովրդին լավ լինի: Ճանաչելով նրանցից շատերին՝ կարծում եմ, որ նրանք անկեղծորեն այդպես էին մտածում: Բայց երբ 1989 թվականին նրանց մի մասը դարձավ այն՝ դեռեւս կոմունիստական Գերագույն խորհրդի պատգամավոր, իշխանության ձգտումները թաքցնելն այլեւս անիմաստ էր:

Բայց հետագա քառորդ դարի ընթացքում ավանդույթը կարծես թե պահպանվել է, եւ մարդիկ առայսօր էլ ամաչում են խոստովանել, որ ձգտում են պաշտոնների կամ պատգամավորական մանդատի եւ սովորաբար, ի պատասխան այդ թեմայով հարցումների, սահմանափակվում են «ազգին նվիրվելու» մասին ընդհանուր բանաձեւերով: Հենց այդ ձեւավորված ավանդույթի պատճառով էլ, երբ Դաշնակցությունը երեկ հայտարարեց, որ սկզբունքորեն պատրաստ է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ եւ այդպես իր ներկայությունն ունենալ խորհրդարանում, դա բուռն դժգոհություն առաջացրեց: ՀՅԴ-ին իր «դարավոր» պատմության մեջ շատ բաներում կարելի է մեղադրել, բայց ոչ այս դեպքում: Սեփական ծրագրերի մասին ուղիղ տեքստով խոսելն, իմ կարծիքով, ավելի ազնիվ է, քան ասել, որ թքած ունես մանդատների վրա, կամ ընդդիմադիր խաղալ, հայհոյել եւ դժգոհել, իսկ հետո հարմար գնով վաճառել այդ դժգոհությունը:

Ինձ թվում է՝ որքան շատ է մարդ ասում, որ զբաղվում է քաղաքականությամբ, որքան շատ է մարդ բարձրաձայնում, որ ցանկանում է դառնալ պատգամավոր կամ նախարար, այնքան լավ: Վատ է, երբ այդ ցանկությունը քողարկում են ամպագոռգոռ խոսքերով: Վատ է, երբ իրական նպատակը խորհրդարանում 5 տեղ ունենալն է, բայց ասվում է, որ հիմա ժողովուրդը կբռունցքվի, ոտքի կկանգնի եւ…

Եթե մարդը կարծում է, որ կարող է պետությանը (ազգն ու ժողովուրդը հանգիստ թողնելով) օգուտ բերել` զբաղեցնելով այս կամ այն պաշտոնը, նա պիտի հրաժարվի կեղծ բարեպաշտությունից եւ նախ՝ իր սեփական քաղաքական ուժին, իսկ այնուհետեւ՝ հասարակությանը հայտարարի, որ իր ծրագրերն ու մտահղացումները իրականություն կդառնան միայն այն դեպքում, եթե հենց նա ղեկավարի տվյալ ոլորտը: Նա չպիտի չքմեղանա` «ես կուսակցության զինվոր եմ, ինչպես կուսակցությունը որոշի, այդպես էլ կանեմ», եթե ընդդիմություն է, չպիտի խոստանա` «սրանց թախտից գցենք, հետո տեսնենք»: Ոչ, նա պիտի ասի, թե ինչ է պատրաստվում անել իր պատկերացրած ոլորտում, եւ ովքեր են մտնելու իր թիմի մեջ:

Իսկ երբ մարդը կամ կուսակցությունը «համեստորեն» լռում է իր ծրագրերի մասին, երբ նա միայն վերամբարձ բառեր է ասում «ազգի» եւ «հայրենիքի» մասին, շատ մեծ է հավանականությունը, որ գործադիրում կամ օրենսդիրում տեղ զբաղեցնելուց հետո նա «կնվիրվի» իր անձնական բարեկեցությանը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Լավ հիշում եմ այդ ծանր օրերը, երբ երկրաշարժից հետո Գորբաչովը տիկնոջ հետ ժամանեց Հայաստան, Գյումրի և մի շարք կարեկցական-ցավակցական նախադասություններից հետո սկսեց բարոյախրատական դասեր տալ հայերիս, կշտամբելով, թե այս ծանր օրերին նույնիսկ ավերակների վրա մարդիկ հարկ են համարում խոսել ձերբակալված ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի ազատ արձակման մասին, այն դեպքում, երբ վերջիններս պարզապես «рвутся к власти»:
    Այդ կշտամբանքը գործեց մինչև այն պահը, երբ Հայսատան ժամանեց ամերիկյան քաղաքական գործիչ Ջեսսի Ջեքսոնը և հայտարարեց, որ ձգտումը իշխանության ոչ միայն վատ բան չէ, այլ շատ բնական հասարակական երևույթ, և որ ինքը ևս ձգտում է իշխանության / նա որպես թեկնածու մասնակցում էր ԱՄՆ նախագահի պոստի համար ընթացող պրայմերիզ-ներին /
    Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա նրանց հանրային ռեաբիլիտացիային շատ թերահավատորեն եմ վերաբերվում. էդ ի՞նչ հրաշք պիտի կատարվի, որ մարդկանց մոտ նրանց ՛՛գեղամյանացումը՛՛ չեղարկվի:
    Մի պահ ենթադրենք, թե հանրաքվե կոչվածով մեզ պարտադրված սահմանադրությանն աջակցելը ՀՅԴ-ի կողմից անկեղծ էր և բխում էր նրանց ՛՛հանգրվանային հերթական տեսլականից՛՛: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է բացատրել նրանց վարքը, ավելի ճիշտ վարքի բացակայությունը ճչացող ընտրակեղծարարությունների, ոստիկանության ոչ ադեկվատ պահվածքի, հասարակական՝ թեկուզ ոչ իրենց հետ համախոհ ակտիվիստների նկատմամբ կատարվող բռնաճնշումների նկատմամբ:
    Եթե Ընտրական օրենսգրքի առաջիկա քննարկումներում ՀՅԴ-ն իրապես, այլ ոչ թե իմիտատիվ կերպով չպայքարի զեղծարարությունները գրեթե բացառող ՀԱԿ առաջարկների ընդունման համար, ապա իմ ընկալմամբ դա կլինի նրանց քաղաքական դագաղի կափարիչով ինքնածածկումը: Դրանով նրանց՝ Քյալաստանի Մանրապետությանը միացման փուլը կավարտվի:

  2. Նարեկ says:

    Ճիշտ եք` Իշխանության ձգտելը վատ չի, բայց ՀՅԴ իշխանության չի ձգտում: Ձգտում է դառնալ մի այնպիսի համակարգի մաս, որը իր կարծիքով վատն է, հակաժողովրդական, ապազգային, չարիք եւ նման ՓԻՍ-ՓԻՍ բաներ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031