Տիգրան Ուրիխանյանի նոր նախաձեռնությունը
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ի պաշտպանություն հայոց լեզվի: Մոտ մեկ շաբաթ առաջ պատգամավորը շրջանառության մեջ է դրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու մասին մի նախագիծ, որով առաջարկում է օրենքով պարտադրել Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր հեռուստաընկերություններին Հայաստանի Հանրապետության տարածքում եթերով հեռարձակվող կինոֆիլմերը ցուցադրել պետական` հայերեն լեզվով: Պատգամավորը նաեւ առաջարկում է, որ օրենքը խախտող սուբյեկտները տուգանվեն նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Իր` նման նախաձեռնությամբ հանդես գալը պատգամավորն այսպես է հիմնավորել. «Սույն օրենքի անհրաժեշտությունը թելադրված է պարզ տրամաբանությամբ. այն է` մայրենի, պետական լեզվի` հայերենի պահպանություն եւ զարգացում»: Տիգրան Ուրիխանյանը կարծում է. «Ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այլ երկրում հեռուստատեսությամբ կինոֆիլմերը ցուցադրվում են տվյալ երկրի պետական լեզվով, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պետք է ցուցադրվեն հայերենով: Օտար լեզվով ֆիլմերի դիտումն ինքնին առաջացնում է օտարալեզու մտածողություն եւ տարիների ընթացքում առաջացնում է մարդկանց մոտ նախապատվություն օտար լեզվի նկատմամբ: Հայապահպանության ու առաջին հերթին ազգային լեզվի պահպանման եւ տարածման հարցում տվյալ նախագիծը կունենա անփոխարինելի եւ նույնիսկ պատմական նշանակություն»:
Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստատեսություններով հեռարձակվում են հիմնականում ռուսերեն լեզվով ֆիլմեր` նկատի ունենալով Հայաստանի խորհրդային անցյալը: Իր նախաձեռնությունը ընդդեմ ՌԴ-ի կամ ռուսաց լեզվի չօգտագործելու ու չշահարկելու համար պատգամավորը հատուկ ընդգծում է. «Իմ նախագիծը ուղղված է բացառապես հայերենի պահպանմանն ու զարգացմանը եւ նպատակ ունի արգելելու հայկական հեռուստաալիքներով կինոֆիլմերի ցուցադրությունը թե՛ կորեերեն, թե՛ պորտուգալերեն, թե՛ արաբերեն, թե՛ թուրքերեն եւ թե՛ ցանկացած այլ օտար լեզվով»: Տիգրան Ուրիխանյանը համարվում է ռուսական կողմնորոշում ունեցեղ քաղաքական գործիչ:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` այնուհանդերձ, մտավախություն չունի՞, որ իր նախաձեռնությունը կշահարկվի, մանավանդ, որ ինքն ընկալվում է որպես ռուսական կողմնորոշմամբ գործիչ, պատգամավորը պատասխանեց. «Ես կամ եւ ընկալվում եմ Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, հայոց պետականության շահն առաջ քաշող գործիչ: Մնացած բոլոր հարցերն ու մտայնություններն անտեղի են: Ճիշտ այնպես, ինչպես ՌԴ-ում, Թունիսում, Տրինիտադ-Տոբակոյում, Ավստրալիայում եւ այլուր, այնպես էլ ՀՀ-ում, հեռուստաեթերից պիտի հնչի պետական լեզուն: Տվյալ դեպքում` հայերենը»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.01.2016