Նավթից կախվածություն ունեցող,
նավթով քաղաքականություն թելադրող երկրների դերը փոխվում է
«Իրանի պատմության ոսկե էջը»
Հունվարի 16-ը՝ Գործարկման օրը (Implementation Day), պատմական օր կարելի է համարել Իրանի համար: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը` ԱԷՄԳ-ը, հաստատեց Իրանի ու «վեցյակի» միջեւ ձեռք բերված համաձայնագրի պայմանների կատարումը։ Հիշեցնենք. Իրանի եւ վեց գերտերությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ պատմական համաձայնագիրը ստորագրվել էր 2015թ. հուլիսի 14-ին Վիեննայում:
Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր պատժամիջոցներն ու ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների մի մասն, այսպիսով, չեղարկվեցին։ ԱԷՄԳ-ն զեկույց հրապարակեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն հայտարարել է, որ կազմակերպությունը հաստատում է Իրանի կողմից ատոմի վերաբերյալ համաձայնությունների իրականացման համար ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը:
Կարդացեք նաև
Այսպես, Իրանը հունվարի 16-ից ձերբազատվեց Արեւմուտքի կողմից երկրի դեմ կիրառվող պատժամիջոցների մեծ մասից: Պատժամիջոցների չեղարկումը պաշտոնապես հաստատեցին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Պատժամիջոցների չեղարկման արդյունքում Իրանը մուտք կստանա արտասահմանյան հաշիվներում սառեցված ակտիվներին, որոնք ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ կազմում են շուրջ 50 միլիարդ դոլար:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին, շնորհավորելով իր երկրի ժողովրդին, նշեց. «Ես երախտագիտություն եմ հայտնում Աստծուն օրհնության համար եւ խոնարհվում եմ իրանցի ժողովրդի մեծության եւ համբերատարության առջեւ: Շնորհավորում եմ այդ փառավոր հաղթանակի հետ կապված»,- գրել էր նա Twitter-ի իր միկրոբլոգում: Ռուհանին միջուկային գործարքի կնքումն անվանեց «Իրանի պատմության ոսկե էջ»: Ռուհանին վստահ է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերումը բարձրացնում է ազգային ինքնավստահությունը:
Ըստ Ռուհանիի` միջուկային գործարքի կնքումը կարող է հնարավորություն տալ լուծելու տարածաշրջանի խնդիրները։ Ռուհանին նշել է, որ ակնկալում է, որ պատժամիջոցների վերացումից հետո հաջորդ տարի Իրանի տնտեսությունը կաճի 5 տոկոսով։ Նա նաեւ տվյալ գործարքը «շրջադարձային պահ» է անվանել երկրի տնտեսության զարգացման մեջ: Ռուհանին, խորհրդարանին ներկայացնելով նոր բյուջեի նախագիծը, նշել է, որ այժմ երկրի տնտեսությունն ազատ է այն շղթաներից, որոնցով նրան պատել էին միջազգային պատժամիջոցները, սակայն նրա զարգացման համար անհրաժեշտ են հարյուրավոր միլիարդ դոլարների օտար ներդրումներ։
Հրաժարվել «նավթային ասեղից»
Խոսելով նավթի գնանկման հետեւանքով երկրի նավթային եկամուտների նվազման մասին՝ Ռուհանին ասել է, որ երկրին անհրաժեշտ են այլ եղանակներ՝ իր տնտեսությունն այնպիսի պայմաններում պահպանելու համար, երբ այլեւս ոչ մի բան չի սահմանափակում նրա պոտենցիալ աճը։
Պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը ծրագրում է վերադարձնել ՕՊԵԿ-ում եւ միջազգային շուկայում իր նախկին դիրքերը` աշնանը հում նավթի արտահանումը հասցնելով օրական մինչեւ երկու միլիոն բարելի: «Մենք վստահ ենք, որ շուտով պատժամիջոցների չեղարկումից հետո կհաջողվի նավթի օրական մատակարարումները հասցնել 500 հազար բարելի, իսկ 6-7 ամիս անց արտահանումը 2 մլն-ի կհասցնենք»,- ասել է Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեհը: Բացի այդ, Իրանի նախագահը երկրին կոչ է արել հրաժարվել «նավթային ասեղից»: Ռուհանիի կարծիքով՝ այդ քայլի համար հարմար պահ են ստեղծում էներգատարների ներկայիս ցածր գները եւ Արեւմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների վերացումը:
Իրանական համաձայնությունն աշխարհն ավելի անվտանգ է դարձնում
Այսպիսով, ամերիկյան պատժամիջոցների չեղարկման արդյունքում Իրանը հասանելիություն կստանա ավելի վաղ սառեցված 50 մլրդ դոլարի ակտիվներին: ԱՄՆ ֆիննախը փաստաթուղթ հրապարակեց, որտեղ ներկայացված է իրանցի թվով 400 մասնավոր անձանց եւ կազմակերպությունների ցուցակը, որոնց նկատմամբ դադարեցվեցին պատժամիջոցները: Պատժամիջոցները, մասնավորապես, կդադարեցվեն մասնավոր անձանց եւ կազմակերպությունների, այդ թվում՝ Իրանի պետական բանկի, պետական նավթային ընկերության, «ՆավթԻրան» առեւտրային ընկերության նկատմամբ: Բացի դրանից, ֆիննախում դիտարկում են երրորդ երկրներին Իրանի նավթի վաճառքի, ինչպես նաեւ քաղաքացիական ինքնաթիռների գնման հնարավորությունները:
Շաբաթ օրը Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ աշխարհն ավելի անվտանգ դարձավ Իրանի միջուկային ծրագրի հարցով Միացյալ համապարփակ գործողությունների ծրագրի ներմուծմամբ. «Այս օրը նշանակում է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնությունը թղթի վրա հավակնոտ խոստումներից վերածվեց իրական գործողությունների»: Նրա խոսքերով՝ անցյալ տարվա հուլիսից ձեռնարկած քայլերի արդյունքում ԱՄՆ-ը, նրա դաշնակիցները եւ Մերձավոր Արեւելքում ու ամբողջ աշխարհում նրա բարեկամներն ավելի անվտանգ իրավիճակում հայտնվեցին:
Մերձավոր Արեւելքն ու ամբողջ աշխարհն առավել անվտանգ կդառնան Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերման շնորհիվ՝ վստահ է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդը. «Իրանի հետ պայմանավորվածության ձեռք բերումը, որտեղ Մեծ Բրիտանիան կարեւոր դեր է խաղացել, Մերձավոր Արեւելքն ու շրջակա աշխարհն առավել անվտանգ է դարձնում: Համբերատար եւ հաստատուն դիվանագիտության, ինչպես նաեւ ծանր տեխնիկական աշխատանքի տարիները պտուղներ տվեցին, եւ մենք այժմ անցել ենք իմպլեմենտացման փուլին»:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը, ողջունելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ իմպլեմենտացման սկիզբը, նշեց. «Դա դեպի խաղաղություն եւ անվտանգություն կարեւոր քայլ է: Ես հույս ունեմ, որ այն օրը, երբ տարածաշրջանը կբախվի լուրջ մարտահրավերների եւ բարդությունների հետ, համագործակցության ոգին, որը նշանավորվում է համաձայնության փուլի ավարտով, ներկա կգտնվի նաեւ այլ տարածաշրջանային հարցերի լուծման դեպքում»:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների ծրագրի իրագործման ձեռք բերումը համարում է «դիվանագիտության պատմական հաղթանակ». «Այսօրվանից մենք ունենք վստահություն, որ Իրանը հակված է ամբողջությամբ իրացնել Վիեննայում ընդունված բոլոր համաձայնագրերը: Այսօր մենք արդարացիորեն կարող ենք խոսել դիվանագիտության պատմական հաղթանակի մասին: Ինձ համար անձամբ դա մեծ պահ է»,- հավելել է նա: Շտայնմայերը նշել է, որ առնվազն տեսանելի ապագայում տարածաշրջանում հաջողվել է խուսափել միջուկային զենքի վտանգից: Բացի այդ, նախարարը հույս է հայտնել, որ պատժամիջոցների հանվելուց հետո Իրանի եւ աշխարհի հարաբերությունները նոր փուլ կթեւակոխեն, եթե նույնիսկ շահերի բախումները մնան: Իրանի հաջողակ իրացումը նպաստում է Մերձավոր Արեւելքում եւ Պարսից ծոցում անվտանգության ամրապնդմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնային հարցը
Հայաստանի անմիջական հարեւանի` Իրանի խնդրի պատմական հանգուցալուծումը կրկին առաջ է քաշում Հայաստան-Իրան` նոր մակարդակով ու մոտեցումներով հարաբերությունների հարցը: Ունա՞կ են Հայաստանի իշխանությունները Իրանի հետ փոխհարաբերություններում նոր փուլ հայտարարել, թե՞ Ռուսաստանի շահը կրկին Հայաստանին պահելու է որոշակի սահմանափակումների դաշտում: Չէ՞ որ մի քանի անգամ ականատես ենք դարձել հայ-իրանական ծրագրերի վերաբերյալ ռուս պաշտոնյաների անկեղծացումներին, թե` այս կամ այն ծրագիրը նրանք «ձեռնտու չեն համարում»:
Այժմ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ նաեւ իրանական գազը Վրաստան արտահանելու համար: Վերջերս ռուսական եւ վրացական մամուլը հայտնում էր, որ Վրաստանը բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ՝ իրանական գազը Վրաստան ներկրելու հարցով: Վրաստանի իշխանությունները հաստատել էին ռուսական կողմի հետ բանակցությունների մասին տեղեկությունները:
Այն, որ Իրանի դեմ պատժամիջոցների հետեւանքով ստեղծված նոր հնարավորություններից կտուժի Ռուսաստանը՝ գիտակցում են բոլորը: Արդեն իսկ նավթի գների շարունակական անկումը կապվում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հետ: Իսկ սա նշանակում է, որ նավթից կախվածություն ունեցող, նավթով քաղաքականություն թելադրող երկրների կշիռը, ազդեցությունն ու դերն է փոխվում աշխարհում:
Իրանը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ աշխարհաքաղաքական հարցերում դառնում է լուրջ ազդեցություն ու կշիռ ունեցող պետություն: Մեր տարածաշրջանում Ադրբեջան-Թուրքիա, Ռուսաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Թուրքիա փոխհարաբերությունների առանձին դրվագներ չեն բխել Հայաստանի շահերից, հակադրվել են Հայաստանի ու Արցախի շահերին: Այսօր հարեւան Իրանի հետ հարաբերությունները փոխշահավետ հունի մեջ դնելը Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում առաջնային հարցերից մեկը պետք է դառնա:
Հայաստանի համար լուրջ ազդեցություն ու կշիռ ստացող Իրանն իրականում ինչ-որ առումով նույնիսկ կարելի է փրկօղակ համարել:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.01.2016