Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկատուների գումարներն էլ են քամուն տալիս պետական ավտոպարկի համար բենզինը թանկ գներով ձեռք բերելիս

Հունվար 20,2016 14:30

Արդեն քանի օր է՝ միջազգային շուկայում, նավթի գներով պայմանավորված, որն օր օրի սրընթաց անկում է արձանագրում, բենզինը զգալիորեն էժանացել է, սակայն Հայաստանի վրա, կարծես թե, այս փոփոխությունը չի ազդում: Բենզին օգտագործողները շարունակում են ավտոմեքենաները լիցքավորել թանկ բենզինով: Մեզ մոտ բենզինն էժանացել է ամենաշատը 10 դրամով: Եվ որքան էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը պնդում է, որ մեր երկրում բենզինը չի էժանանում, քանի որ նրա գնի մեջ հարկերի մասնաբաժինը մեծ է, այնուամենայնիվ, ըստ տնտեսագետների՝ Շաբոյանի մեկնաբանությունը որեւէ տրամաբանության չի ենթարկվում: Տնտեսագետները պնդում են, որ բենզինի չէժանանալու պատճառը այս ոլորտում օլիգարխիկ համակարգն է: Այն մի քանի օլիգարխները, որոնք բենզին են ներկրում, համաձայնության գալով, բենզինի գինը բարձր են պահում՝ ուղղակիորեն հարվածելով նաեւ պետական բյուջեին:

Այս օրերին ավելի պակաս ուշադրության է արժանանում նաեւ այն հարցը, որ բենզինի բարձր գնից տուժում են նաեւ պետական գնումները: Եթե բենզինը թանկ է՝ պատգամավորների, նախարարների, մանր ու միջին այլ չինովնիկների ավտոմեքենաները լիցքավորվում են թանկ բենզինով, այսինքն՝ պետական գնումներով նրանց համար այդ նույն օլիգարխներից բենզինը կտրոնով ձեռք է բերվում թանկ, ավելի պարզ ասած՝ պետությունն այս ոլորտում էլ գերուռճացված ծախսեր է անում:

Այս առնչությամբ մեր հարցին, տնտեսագետ Բաբկեն Թունյանը պատասխանեց. «Եթե երկրում որեւէ ապրանքատեսակ վաճառվում է շուկայականից բարձր գներով, բնականաբար, պետությունն էլ այն թանկ է ձեռք բերում»: Պարոն Թունյանը այնքան էլ համամիտ չէ այս օրերին առավել հաճախ հնչող այն մտքին, որ տնտեսության լավ կամ վատ վիճակը ուղղակիորեն կախված է քաղաքականությունից: Ըստ նրա՝ նախեւառաջ պետք է լուծել մեր երկրի ներքին խնդիրները՝ կոռուպցիայի, անհավասար մրցակցային պայմանների եւ բիզնեսին խոչընդոտող այլ պատճառների հարցը. «Հայաստանի պրոբլեմների գլխավոր պատճառներից մեկն իր ներքին խնդիրներն են, ճիշտ է՝ միջազգային արտաքին ազդակներն ազդում են, բայց մեր ներքին խնդիրները պետք է լուծենք. եթե դրանք լուծվեն, նոր կարող ենք ասել, թե արտաքին ազդակները որքանով կվնասեն կամ կարող են վնաս հասցնել մեր տնտեսությանը»:

Բաբկեն Թունյանի համոզմամբ՝ ներքին հարցերը լուծելու պարագայում արտաքին ազդեցությունն էականորեն կնվազի. «Բայց, առաջին հերթին, պետք է նայել՝ մենք ինչքա՞ն հնարավորություն ունենք այդ ազդեցությունը թուլացնելու համար, որովհետեւ մենք մտել ենք մի տնտեսական տարածք՝ ԵՏՄ, որտեղ ուրիշ չափանիշներ են, Եվրոպական միությունում խոսել մեր ռեսուրսները օգտագործելու մասին այդքան էլ իրատեսական չէ, որովհետեւ տնտեսական աճն ու մնացած ոլորտներում առաջընթացը կախված են ժողովրդավարության մակարդակից, օրենքի իշխանությունից, արդար դատական համակարգից: Իսկ այդ ամենի հիմքը գալիս է նորմալ ընտրությունների անցկացումից: Եթե մեզ մոտ գոնե մեկ անգամ նորմալ ընտրություն չանցկացվեն, մենք երբեք չենք ունենա նորմալ տնտեսություն, մեր կախվածությունն արտաքին աշխարհից երբեք չի նվազի, հակառակը՝ կխորանա»:

Ըստ նրա՝ Ռուսաստանը, ինչպես ռուսաստանյան մի շարք մասնագետներ են փաստում, քարե դարում է մնացել. «Աշխարհը զարգացել է, իրենք հետ են մնացել, նավթի դարը ավարտվել է, իրենք մրցակցությունը տանուլ են տվել ու աշխարհի հետեւից չեն հասնում: Աշխարհը կզարգանա՝ իրենք կմնան նույն տեղում լճացած, որովհետեւ ոչ մի լծակ չկա, ոչ մի շահագրգռվածություն չկա, մտածում են՝ քանի լավ է՝ լավ է, հենց սկսում է վիճակը վատանալ, նոր միայն մտածում են՝ ինչ կարող են անել»:

Բաբկեն Թունյանը հարցին՝ եթե Իրան-Վրաստան գազատարի ծրագիրն իրագործվի, որն անցնելու է Հայաստանով, ի՞նչ կշահի մեր երկիրը, ասաց, որ Ռուսաստանը պարզապես չի թողնի, որ այդ որոշումն ի կատար ածվի. «Այն ցանկացած հնարավորություն, որ պետք է օգտագործենք, կախված է նրանից, թե մեզ որքանով են թույլ տալու, որ այն օգտագործենք, որքանով թույլ կտան՝ այնքանով կօգտագործենք: Սա անկախ երկրի վարքագիծ չէ, բայց իրականությունն այդ է»:

Տնտեսագետի կանխատեսմամբ՝ այս տարի տրանսֆերտներն ավելի շատ կկրճատվեն. «Նախորդ տարի Ռուսաստանից կես միլիարդ դոլարով տրանսֆերտները պակասել են, եթե տնտեսական աճի տեմպերը նույն կերպ շարունակվեն, այս տարի ավելի շատ կպակասեն, բայց կա տրանսֆերտների մի նվազագույն շեմ, որից ներքեւ չի իջնի»:
Մեր այն հարցին, թե որոշ մասնագետներ, տնտեսական վատ վիճակով պայմանավորված, մի դրական կողմ են տեսնում՝ արտագաղթի նվազում, պարոն Թունյանն ասաց, որ եթե սոցհարցում անցկացնեն, ապա կտեսնեն, որ մարդիկ ավելի շատ արտագաղթում են ոչ թե սոցիալական վատ պայմաններից ելնելով, այլ անարդարությունից եւ շատ ու շատ այլ դրդապատճառներով. «Եվ այս դեպքում բոլորովին կապ չունի, թե ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում տնտեսական վիճակը լա՞վ է, թե՞ վատ»:

Ըստ նրա՝ գուցե աշխատանքային միգրացիան դեպի Ռուսաստան պակասի, քանի որ այսօր ե՛ւ Ռուսաստանի տնտեսական վիճակի վատացումը, ե՛ւ ռուբլու արժեզրկումը կարող է միգրանտին ստիպել, որ մնա իր երկրում, քանի որ այդ նույն նվազագույն գումարը նա այստեղ էլ կաշխատի, եւ նրա համար արդեն անիմաստ կդառնա ընտանիքը թողնել եւ դուրս գնալ:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031