Լրահոս
Օրվա լրահոսը

Գործող պաշտպանը դեկտեմբերի 22-ից սկսած՝ պետք է աշխատեր նոր Սահմանադրությամբ

Հունվար 20,2016 14:00

Կարեն Վարդանյանը մի շարք օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է: Նա ՀՀ հանրային խորհրդի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի քարտուղարն է, 9 տարի առաջ առաջադրվել էր որպես ԱԺ պատգամավորի թեկնածու: Սահմանադրական հանրաքվեից օրեր առաջ նա հանրության սեղանին դրեց իր «Սահմանադրության փոփոխություններ. ռիսկերը եւ վտանգները» գրքույկը, ինչն էլ մեր հարցազրույցի առիթը դարձավ:

– Մինչ մեր զրույցը, նկատեմ, որ Դուք բավական ակտիվ էիք ՀՀ վարչական դատարանում՝ որպես հայցվորի ներկայացուցիչ: Վաղուց չենք տեսնում Ձեզ: Ինչո՞ւ:

– Վարչական դատարանում մենք լուծում էինք կոնկրետ մեկ խնդիր՝ վերջապես կարգավորել ընտրական պրոցեսի օբյեկտիվությանն էապես խոչընդոտող ընտրական գրավի առկայության խնդիրը: Նախաձեռնող խումբ էինք ձեւավորել եւ ստանալով թեկնածուներից մեկի՝ Նարինե Մկրտչյանի աջակցությունը, դիմեցինք վարչական դատարան: Բնականաբար, ստացանք մերժում, քանզի մեր նպատակն էր անցնել այդ փուլը, որպեսզի հարցը բարձրացնեինք Սահմանադրական դատարանում: Հարցն այն է, որ մեզանում գործնականում ընտրական գրավը վերածվել է գույքային ցենզի, քանի որ հասկանալի է, որ եթե երկրում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է, իսկ միջինը՝ 120.000-ի կարգի, ապա մեկ միլիոն դրամի ընտրագրավը մեծամասնական ընտրակարգի ժամանակ ակնհայտորեն ԱԺ-ն վերածում է միլիոնատերերի ակումբի: Մեկ միլիոն դրամ չունեցողը ԱԺ-ում հայտնվելու հեռանկարից գործնականում զրկվում է: Դա որոշ չափով վերաբերում է նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին. այնտեղ, իհարկե, միլիոն չէ, բայց էլի մի քանի հարյուր հազար դրամ է, որը նույնպես ստեղծում է պրոբլեմներ: Խնդիրը ընտրական գործընթացն ապաֆինանսականացնելն է:

– Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից օրեր առաջ լույս տեսավ Ձեր գրքույկը: Դա, որքան հասկանում եմ, էական ազդեցություն չունեցավ հանրաքվեի գործընթացի վրա: Ի՞նչ կարող է տալ հիմա:

– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Այո»-ն դե-յուրե ընդունվել է, գիրքը շարունակում է պահպանել իր արդիականությունը, քանի որ դրանում լուսաբանված են արդեն ընդունված տարբերակի ռիսկերը եւ վտանգները, որոնցից առաջինին մենք բախվեցինք վերջերս: Կարիք չեղավ երկար սպասելու: Գիրքը նպատակ ունի վեր հանելու ընդունված նախագծի վտանգները, ինչո՞ւ չէ՝ խնդիր դնելով դրանցից ժամանակի ընթացքում ձերբազատվելու:

– Երբ գրքույկի շապիկը դրվեց սոցիալական ցանցում, հնչեց թեական կարծիք Ձեր՝ սահմանադրագետ լինելու հետ կապված:

– Սահմանադրագետ ասվածը երեւի մի քիչ թեական բան է, որովհետեւ նման մասնագիտություն գոյություն չունի, բայց եկեք հարցին նայենք այսպես՝ ինչո՞ւ սահմանադրագետի համարում ունեցողներից որեւէ մեկը չորոշեց վերցնել այդ նախագիծը եւ վերլուծել դրույթ առ դրույթ: Ինչպես ամբողջ քարոզարշավի ընթացքում, այնպես էլ դրանից հետո մեր ազգաբնակչությունը չստացավ օբյեկտիվ եւ համապարփակ մոտեցումների ամբողջություն ներկայացված նախագծի վերաբերյալ: Ի՞նչ լսեցինք մենք. մի կողմը պնդում էր, որ պետք է ընդունել այս նախագիծը, քանզի մի քանի բան փոխվել է, որովհետեւ անհատների փոխարեն երկիրը կառավարելու են կուսակցությունները։ Թե որքանով է դա սխալ կամ ճիշտ՝ դա դեռ մի կողմ, սակայն հակառակ կողմն էլ սահմանափակվեց հետեւյալով՝ քանի որ սա առաջարկում են գործող իշխանությունները, ուրեմն դա մերժելի է: Նմանատիպ անորոշ եւ նիհիլիստական իրավիճակում, բնականաբար, շարքային ընտրողը հայտնվել էր ոչ միայն կամուկացի մեջ, այլեւ, ի վերջո, հանրաքվեի մասնակիցներից քանի՞սն են գոնե պատկերացրել, թե ինչի օգտին են կամ ինչի դեմ են քվեարկել: Այս տեսակետից իսկապես անհրաժեշտ էր կազմել մի գրքույկ, որի խնդիրը կլիներ նախագծի հնարավորինս համափարփակ, օբյեկտիվ եւ համակողմանի վերլուծությունը:

– Կարեն, Դուք ասացիք, որ մենք այս տարվա սկզբին առնչվեցինք վտանգներից մեկի հետ: Ո՞րն էր այդ վտանգը:

– Ռիսկերն առնչվում են նախագծի բոլոր 16 գլուխներին՝ մինչեւ անցումային դրույթներ, որոնք իրականում վերածվում են երաշխիքային կտրոնների, իսկ երբեմն էլ հանգեցնում հակասական իրավիճակների, նկատի ունեմ Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի հետ կապված անորոշ իրավիճակը: Անցումային դրույթով պետք է նախատեսվեր, թե ինչ է տեղի ունենում, եթե համապատասխան պաշտոնյաների պաշտոնավարումն ավարտվում է մինչ այդ ժամկետը, որից սկսած՝ գործում են սահմանադրական փոփոխությունների դրույթները:

– ՄԻՊ-ի հրաժարականը 2005թ. փոփոխություններով խմբագրված Սահմանադրությա՞մբ է կարգավորվելու:

– Տվյալ պարագայում Սահմանադրության 2005թ. փոփոխությունների մասին խոսելն անիմաստ է, քանի որ 2015թ. փոփոխությունների անցումային դրույթները նախատեսում են, որ ՄԻ պաշտպանին առնչվող գլուխն ուժի մեջ է մտնում 2015թ. դեկտեմբերի 22-ից: Կարելի է ասել, որ գործող պաշտպանը դեկտեմբերի 22-ից սկսած՝ պետք է աշխատեր նոր Սահմանադրությամբ: Բայց առկա է հիմնարար խնդիր՝ ՄԻՊ-ի մասին օրենքը Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու համար տրվել էր մեկամյա ժամկետ, ՄԻՊ-ին տրվել էր նաեւ հնարավորություն պաշտոնավարելու մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի լրանալը՝ 2017թ. մարտի 2-ը: Բայց որեւիցե կերպ չէր նախատեսվել, թե ինչ անել այն դեպքում, եթե պաշտոնը թափուր մնա մինչեւ օրենքի համապատասխանեցումը Սահմանադրությանը: Կամ պիտի գրվեր, որ գործում է նախկին ընթացակարգը, կամ սահմանվեր, որ գործող օրենքները գործում են այնքանով, որքանով չեն հակասում փոփոխություններին, կամ արագ պիտի համապատասխանեցում արվեր, կամ պիտի այլ լուծում գտնվեր, ոչ թե ստեղծվեր փակուղային իրավիճակ:

– Տասնօրյա ժամկետը, երբ Պաշտպանը նորից կդիմի ԱԺ, ինչի՞ համար է:

– Սա առնչություն չունի սահմանադրական փոփոխությունների հետ: Դա օրենքով կարգավորվող դրույթ է, սահմանադրական կարգավորման առարկա չէ: Քանի որ անցումային դրույթներում չենք սահմանել, որ օրենքները գործում են այնքանով, որքանով չեն հակասում փոփոխությունների դրույթներին, կարելի էր, ի վերջո, որոշել, որ ամբողջ նախագիծն է ուժի մեջ մտնում կես տարի կամ մեկ տարի հետո, իսկ մինչ այդ իրականացվեին համապատասխանեցման գործընթացները, բայց այդ լուծումներից որեւէ մեկը չտրվեց, եւ մենք փակուղային իրավիճակում ենք: Պարզ չէ, թե օրենսդիրը ինչով պիտի առաջնորդվի: Նկատենք, որ նրա թեկնածության առաջադրման իրավունքը փոխանցվել է ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովին: Իսկ հանձնաժողովներում էլ իշխող կուսակցությունն ունի մեծամասնություն, որովհետեւ պատգամավորների տեղերը հանձնաժողովներում բաշխվել են ըստ համամասնության: Ստացվում է, որ թեկնածու առաջարկողն էլ իշխանությունն է: Օմբուդսմենի դեպքում՝ արդեն այսօր:

– Կա՞ն էլի վտանգներ:

– Վտանգները շատ են: Ի վերջո՝ եթե նոր համակարգն այդքան լավն է, ապա ինչո՞վ է պայմանավորված, որ մենք երկուսուկես տարի սպասենք, մինչեւ այդ համակարգին անցնելը: Նկատեմ, որ բազմաթիվ փոփոխություններ, անգամ նրանք, որոնք կարող ենք օբյեկտիվորեն գնահատել դրական, մասնավորապես՝ ժողովրդի կողմից հանրաքվե նախաձեռնելու եւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքը, ուժի մեջ են մտնում 2 տարի հետո՝ 2018թ. ապրիլի 9-ից: Հարց է ծագում՝ ո՞րն է այդքան ձգձգելու իմաստը: Եթե այդ ամեն ինչն այդքան լավ էր, կարելի էր, չէ՞, օրենսդրական համապատասխանեցումները մեկ տարվա ընթացքում անել, 2017-ից անցնել նոր ռեժիմի, ընդհուպ անգամ ՀՀ նախագահի եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելը: Այստեղ մենք բախվում ենք խնդրին, որ, ասենք, որոշակի դրույթներ արդեն ուժի մեջ են, իսկ որոշակի դրույթներ կիրառելու համար դեռ պետք է սպասենք: Օրինակ՝ համայնքների ղեկավարների ընտրության հնգամյա ժամկետն արդեն ուժի մեջ է, հունվարի 3-ին ընտրված գյուղապետն ընտրվեց 5 տարի ժամկետով: 2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում դրույթ, ըստ որի՝ համայնքի ղեկավարը պատասխանատու է ավագանու առջեւ: Սա նշանակում է, որ համայնքի ղեկավարն այլեւս պատասխանատվություն չի կրելու ժողովրդի առջեւ, եւ ժողովուրդն ըստ էության զրկվում է իրական լծակներից: Համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվե երբեք չենք ունեցել, որովհետեւ օրենքը համայնքի ավագանուն հնարավորություն է տալիս արգելափակել հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը:

– Իսկ համապետական հանրաքվեների մասո՞վ…

– Մենք արդեն ունենք այդ խնդիրը, որովհետեւ այդ դրույթը, որ 2018 թվականից մտնում է ուժի մեջ, ըստ որի՝ ժողովուրդն իրավունք ունի հանրաքվե նախաձեռնելու, շատ առումներով կրում է ձեւական բնույթ: Մի կողմից՝ եթե ժողովուրդը ցանկանում է օրենք փոխել, նա կարող է 50 հազար ստորագրություն հավաքել, թեեւ դա էլ է, իմ կարծիքով, շատ: Կարելի էր հաշվարկել պատգամավորի մեկ մանդատի արժեքը՝ ընտրողների ընդհանուր թիվը բաժանելով պատգամավորների թվին, բայց սահմանել են հիսուն հազար: Եթե այդ 50 հազար ստորագրությունը բերվում է ԱԺ, եւ այն մերժում է օրենսդրական նախաձեռնությունը, կարելի է օրենքը դնել հանրաքվեի, բայց դրա համար 60 օրվա ընթացքում պետք է հավաքել եւս երեք հարյուր հազար ստորագրություն: Կարծում եմ՝ դա որեւէ քաղաքացիական նախաձեռնության համար քիչ իրատեսական է: Իսկ Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հանրաքվե նախաձեռնելը գրեթե անհնար է, քանի որ պետք է ԱԺ երկու երրորդի համաձայնությունը: Այս դեպքում, եթե ԱԺ-ն մերժում է այդ նախաձեռնությունը, հանրաքվեն ուղղակի տեղի չի ունենա, որովհետեւ այդ վետոն հաղթահարելու որեւէ մեխանիզմ սահմանված չէ: Հաշվի առնելով այդ չարչրկված 100 տոկոս համամասնական ընտրակարգը՝ ստանում ենք այն վիճակը, որ երկրում քիչ թե շատ իրական բարեփոխում առանց իշխող կուսակցության կամ, ավելի ճիշտ՝ առանց վերջինիս ղեկավարության համաձայնության իրականացվել չի կարող: Մեկ կուսակցություն կամ դաշինք՝ անկախ ամեն ինչից, Ազգային ժողովում ունենալու է հիսուն տոկոս գումարած մեկ մանդատ: Հետեւաբար ընդդիմությունը՝ լինի միավորված, թե ոչ, 49,9 տոկոսից ավելի ունենալ չի կարող: Անգամ եթե երկրի ողջ ազգաբնակչությունը ստորագրի այդ նախաձեռնության տակ, Սահմանադրություն փոխել չի կարող:

– Մենք 90-ականներին ընդդիմություն տեսել ենք՝ Կոմկուսի դեմ: Լավատես լինենք, երեք տարի հետո էլ տեսնենք, որ ընդդիմությունն ի վերջո կմիավորվի:

– Գուցե միավորվեց այդ ժամանակ, որովհետեւ Կոմկուսը կազմակերպված չէր աշխատում: 1985թ.-ից Կոմկուս ըստ էության չի եղել: Իշխող կուսակցություն ասելով՝ նկատի ունեմ տվյալ պահին իշխող կուսակցությունը: Խնդիրն այն է, որ երկրում ձեւավորվում է իշխող կուսակցության գաղափար, առանց որի համաձայնության նույնիսկ ամբողջ ժողովուրդը որեւէ բան փոխել չի կարող: Եթե վաղը ժողովուրդը որոշի հարյուր տոկոս համամասնականը դարձնել հարյուր տոկոս մեծամասնական, դա չի ստացվելու, որովհետեւ դա միայն հանրաքվեով փոփոխվող դրույթ է, իսկ այդ հանրաքվեն տեղի չի ունենա առանց ԱԺ երկու երրորդի համաձայնության: Ձեր ասած 90-ականներից հետո էլ տեղի ունեցավ մի հետաքրքիր մետամորֆոզ՝ մեր քաղաքական ուժերը գաղափարականից սկսեցին վերածվել ոչ գաղափարականի, կոնյունկտուրայինի: Ցանկացած քաղաքական ուժ, որը հավակնում է ղեկավարելու երկիրը, պետք է իրեն ի վերջո տեսնի գաղափարական դաշտում: Հիմնարար երեքն են՝ ազատական, պահպանողական, սոցիալիստական, չի բացառվում, որ ի հայտ գա նաեւ չորրորդը: Կարող են լինել ենթագաղափարախոսություններ՝ կանաչներ եւ այլն։ Երկիր ղեկավարել հավակնող ուժը պիտի պատասխանի, թե ինչպիսի հասարակական-տնտեսական ֆորմացիա է առաջարկում ժողովրդին: Ի դեպ, իմ գրքույկում կա այս մասին էլ: Մենք ապրում ենք վայրի կապիտալիզմի եւ սոցիալական անարդարության ձեւաչափում. սոցիալական իրավունքների համատարած ոտնահարմամբ, աշխատողների շահերի անտեսմամբ, համատարած գործազրկությամբ, հստակ սոցիալական շերտավորմամբ՝ շահագործողների եւ շահագործվողների: Հարուստներ ու աղքատներ կա՞ն, կան: Սահմանադրության փոփոխությունների 11-րդ հոդվածով սահմանված է Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգը. բաց տեքստով գրված է՝ «Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգը սոցիալական շուկայական տնտեսությունն է, այն հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության եւ ազատ տնտեսական մրցակցության վրա»: «Սոցիալական» բառի առկայությունն այստեղ տարօրինակ է: Եթե պետությունն ամրագրում է, որ երկրի տնտեսությունը մասնավոր սեփականության վրա է հիմնված, սա նշանակում է, որ սեփականության այլ ձեւերը անցնում են երկրորդ պլան: Իսկ ո՞ւր է պետական, ո՞ւր է հանրային սեփականությունը: Եթե վաղն իշխանության են գալիս այլ ուժեր, որոնք գտնում են, որ պետք է զարգացնեն պետական, հանրային սեփականությունը, նրանք հայտնվում են սահմանադրական որոշակի սահմանափակման խնդրի առաջ: Հարկ է առաջանում հարցը լուծել հանրաքվեով: Նշենք նաեւ, որ այս փոփոխություններով ստեղծվում է մի իրավիճակ, երբ ինքնավար մարմինների անդամների առանձնասենյակների դռների բանալիները եւս գտնվում են իշխող կուսակցության գրասենյակում:

Հարցազրույցը վարեց
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031