Նման երազանք ունի մեցցո սոպրանո Նարինե Անանիկյանը՝
Ազատության հրապարակի վերաբերյալ
Ավելի քան երկու տասնամյակ մեզանում տարբեր ուղիներ են փնտրվում օպերային արվեստը լայն զանգվածներին հասու դարձնելու համար: Մի օրինակն էլ այն էր, որ 2000-ականներին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոցում (շուրջ 1000 հանդիսական) կայացան Տիգրանյանի «Անուշ» եւ Դոնիցետիի «Պողիկտոս» օպերային ներկայացումները: Վերջին տարիներին Արցախի բերդաքաղաք Շուշիի ռեալական վարժարանի տարածքում էլ բեմադրվեցին Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» եւ Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերաները: Ընդ որում, «Զվարթնոցի» տարածքը նախատեսված էր շուրջ 1000 հանդիսականի համար, մինչդեռ Ազգային օպերային թատրոնը նախատեսված է 1074-ի համար: Կարծում ենք՝ օպերային արվեստը ավելի մեծ լսարանին հաղորդակից դարձնելու համար անհրաժեշտ է գուցե տեղայնացնել համաշխարհային փորձը:
«Առավոտի» զրուցակիցը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհի, մեցցո սոպրանո Նարինե Անանիկյանը, վերը շարադրվածի առիթով իր տեսակետն ունի: «Կահիրեի, Սիդնեյի օպերային թատրոնները կամ Իսպանիայի Մերիդա քաղաքի, Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակում վաղուց անցկացվում են օպերային արվեստի փառատոներ, ներկայացվում բեմադրություններ: Էլ չասեմ՝ Իտալիայի «Արենա դի Վերոնա» հնագույն ամֆիթատրոնի մասին: Թվարկածս վայրերում օպերային արվեստին հաղորդակից են դառնում հազարավոր հանդիսականներ,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով,- ես կուզեի, որ մեր թատրոնի դիմացի մինչեւ 1988 թվականը պետականորեն Թատերական հռչակված հրապարակում, որը ներկայումս կրում է Ազատության հրապարակ անունը, կայանան բացօթյա հայկական օպերային ներկայացումներ եւ ոչ թե հանրահավաքներ»:
Նարինե Անանիկյանը՝ Տիգրան Մեծի, Ամներիսի եւ Կարմենի կերպարներում:
2000թ. մինչ օրս Նարինե Անանիկյանը Ազգային օպերային թատրոնում հանդես է եկել հայ եւ համաշխարհային օպերային գրականության լավագույն նմուշներից բեմադրված ներկայացումներում մեցցո սոպրանոյի համար դերերգերով, այդ թվում՝ Ադալջիզա (Բելինի՝ «Նորմա»), Փառանձեմ (Չուխաջյան՝ «Արշակ Երկրորդ»), Ամներիս (Վերդի՝ «Աիդա»), Ալմաստ (Սպենդիարյան՝ «Ալմաստ»), Կարմեն («Բիզե՝ «Կարմեն»): Մինչ օպերային թատրոնում հանդես գալը՝ երգչուհին տասնյակ գլխավոր դերերգեր է մարմնավորել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային կից Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում: Դրանցից հատկանշական են Օլգան՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Լոլան՝ Մասկանիի «Գեղջկական պատիվ», Դքսուհին՝ Պուչինիի «Քույր Անժելիկա» եւ այլն: Վերջին շրջանում Նարինե Անանիկյանը հրավերներ է ստանում ֆիլհարմոնիկ նվագախմբից, Ազգային կապելլայից, Պետական կամերային երգչախմբից եւ այլ կոլեկտիվներից: Օրինակ՝ ֆիլհարմոնիկի նախագծերում մարմնավորում է Էմիլիայի (Վերդի՝ «Օթելլո»), Սուձուկիի (Պուչինի՝ «Մադամ Բաթերֆլայ»), Շուշանի (Բաբաեւ՝ «Արծվաբերդ») կերպարները, Չեքիջյանի ղեկավարությամբ հանդես է գալիս Ալան Հովհաննեսի «Մագնիֆիկատ», Ռոսինիի «Ստաբաթ մատեր», Մոցարտի «Ռեքվիեմ» մեծակտավ ստեղծագործություններում: 2015թ. երգչուհին հրավիրվել է եւ հանդես եկել Վորոնեժի Պլատոնովյան փառատոնի գալա համերգում, որը կրում էր «ԱՊՀ օպերային բեմերի աստղերը» խորագիրը, Ֆիլհարմոնիկի հետ Լիբանանում կատարել է մեցցո սոպրանոյի պարտիան՝ Մոցարտի «Ռեքվիեմում»: Դրանից առաջ Կանադայում Տորոնտոյի «Operabelcanto of York» կազմակերպության հրավերով (տնօրեն՝ Դավիթ Վաժապետյան) երգչուհին հանդես է եկել Ազուչենայի դերերգով (Բիզե՝ «Կարմեն»):
Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս՝ Նարինե Անանիկյանն ասաց, որ փետրվարի 23-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում սոպրանո Դիանա Հարությունյանի հետ (կոնցերտմայստեր՝ Մարգարիտ Սարգսյան) հանդես կգա մենահամերգով, որտեղ առաջին անգամ կհնչեն Վլադիլեն Բալյանի «Գարունը անտառում» վոկալ շարքը, Հարո Ստեփանյանի՝ Շիրազի խոսքերով 5 երգերը, Ռոմանոս Մելիքյանի «Աշնան տողեր» շարքն ամբողջությամբ եւ այլն:
Հատկանշական է, որ հայ երգչուհին, չունենալով իմպրեսարիո, նրան նկատել են նաեւ արտերկրում, օրինակ՝ մեր զրուցակիցը հանդես է եկել Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգասրահում, Միխայլովյան թատրոնում, Թբիլիսիի օպերային թատրոնում եւ այլուր:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.01.2016
Ես ողջունում եմ նման ծրագրով համերգը … Հարգանքով` Աշոտ Բաբայան