Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարի. Սա ոչ թե հանրային պաշտպանի ինստիտուտ է, այլ՝ դատախազության ծպտյալ գործակալների

Հունվար 19,2016 21:45

Վարդգես Գասպարին Aravot.am-ի հետ զրույցում նշել էր, որ պատրաստվում է հանդիպել հանրային պաշտպան Մերի Ալավերդյանի հետ, ում ներգրավել էին Գասպարիի գործով: Վարդգես Գասպարիի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ նա արդեն այցելել է հանրային պաշտպանի գրասենյակ: Aravot.am-ը խնդրեց նրան ներկայացնել մանրամասները:

«Տոներից առաջ դեռ գնացի հանդիպման, գրասենյակի ղեկավարը տեղում չէր, տեղակալն էր, բաներ ասացի՝ պատասխան չստացա: Երկրորդ անգամ գրավոր դիմեցի, 12-ին դիմել էի, մինչեւ երեկ պատասխան չկար, երեկ գնացի, որ պատասխանը վերցնեմ, այն էր, ինչ դուք տեսաք (նկատի ունի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութը Ա. Չ.), այսօր գնացի պատասխանը վերցրեցի: Եվ ուղիղ հարց եմ տվել, բայց իմ շատ ուղիղ հարցին, ցավոք, չպատասխանեց, դա դուք տեսնում եք ե՛ւ տեսանյութում, ե՛ւ թղթի վրա. ի վերջո հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը ի՞նչ կարգավիճակ է ունեցել, երբ որ գնացել է դատարան: Չեն պատասխանում, ասում են ոչ մի կարգավիճակ չի ունեցել, եւ դա ասում է, շատ ցավալի է, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը: Նոնսենս է, նման բան գոյություն չունի:

Նա փաստացիորեն, այնպես, ինչպես Հայկ Կյուրեղյանի պարագայում էր, որ ամբողջությամբ քաղաքացու պայքարը մի հանրային պաշտպանը, փաստորեն, փչացրեց, որովհետեւ քաղաքացին իր կամքով փակուղու առջեւ է դնում դատարանին, բայց մի հանրային պաշտպան իր հանապազօրյա հացի չկտրվելու համար՝ գալիս այդտեղ նստում է, եւ փչացնում է այդ քաղաքացու պայքարը: Խնդիրն այն է, որ այդ հանրային պաշտպանը հանրությա՞ն պաշտպանն է, թե՞ դատարանի օժանդակ մարմինը»,- ասաց նա:

Հարցին, թե հունվարի 21-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայանալիք նիստին, որտեղ դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշմամբ, իրեն բերման են ենթարկելու, տեղեկացրե՞լ է իր փաստաբաններին, որ ներկա գտնվեն եւ պաշտպանեն իր շահերը, Վարդգես Գասպարին պատասխանեց. «Իհարկե՛, ոչ, ես ներկա չեմ գտնվելու: Հարկադրանքով, եթե կարողանան ինձ բերման ենթարկել, նմանապես պաշտպաններիս էլ, եթե կարող են: Ես նրանց դիմել եմ եւ պահանջել, որ առանց իմ ներկայության իրենք չմասնակցեն, դատավորը կարո՞ղ է թող նրանց էլ բերման ենթարկի, այլապես ինչ ուզում է, թող անի:

Ես չգիտեմ, եթե իրենց հետաքրքրում է իրենց դերակատարությունը կատարեն կամ ձեւ անեն, որ արդարադատություն են իրականացնում այնպես, ինչպես Հայկ Կյուրեղյանի պարագայում արեցին, կարող են անել: Բայց դա ոչ մի քննադատությանը չի դիմանա: Ո՞նց կարելի է, երբ մարդը չի հայտնում, որ ցանկանում է իրեն պաշտպանեն, իրեն պարտադրեն:

Դիմում եմ գրել եւ այդպես էլ պատասխան չեմ ստացել հանրային պաշտպանից, գրել եմ եւ հարցրել, թե հատկապես իր ո՞ր արժանիքի համար հենց ինքը պետք է իմ շահերը պաշտպանի եւ ոչ թե այն փաստաբանները ում հետ ես պայմանագիր եմ կնքել, ում խնդրել եմ, որ իմ իրավունքները պաշտպանեն: Դա, այսպես ասած, անտեսում է Մերի Ալավերդյանը, եւ ինքը ինքնակոչ գտնում է, որ հենց ինքը պետք է իմ իրավունքները պաշտպանի: Ես կարծում եմ, որ սա ոչ թե հանրային պաշտպանի ինստիտուտ է, այլ ընդհանրապես դատախազության ծպտյալ գործակալների ինստիտուտ է»:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Վարդգես Գասպարին 2014թ. ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական ա մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ», ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներն են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում» «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031