ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը անդրադարձել է ՀՅԴ-ի՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու քննարկումներին:
«Ցանկացած քաղաքական ձևաչափում դաշնակցությանն ուղեկցել է մեկ նպատակ՝ ծառայել Հայոց պետականությանն ու հայ ժողովրդին՝ քայլ -քայլ հետամուտ լինելով մեր քաղաքական ծրագրին, չնահանջելով մեր սկզբունքներից։ Այս պահին կոալիցիոն հստակ ձևաչափի կամ բովանդակային մանրամասների մասին չեմ կարող խոսել։ Պարզապես վերահաստատելով Հրանտ Մարգարյանի խոսքերը կասեմ, այո, իշխող կուսակցությունից համագործակցության հրավեր ենք ստացել և այս պահին քննարկման փուլում ենք։ Սահմանադրական փոփոխություններից հետո կարծում եմ գործունեության, պատասխանատվության ու հանձնառությունների, ինչու չէ նաև մեր կողմից առաջադրված քաղաքական արժեքներին հետամուտ լինելու մեծ դաշտ է բացվել։ Համոզված եմ՝ իրականություն է, որ մենք լուրջ ռեսուրսներ ունենք դրանք իրացնելու համար։ Մեր ակնկալիքը կայուն ու աննահանջ փոփոխություններն են, որոնք վերաբերում են ներկա քաղաքական բովանդակությանը, երկրի տնտեսական ու սոցիալական ընթացքը առողջացնելուն, մեր պետականությանն ուղղված անթիվ մարտահրավերներին»,- ասաց Լիլիթ Գալստյանը:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի դիտարկմանը, թե ՀՅԴ-ին չստացվեց փոփոխություններ անել ոչ կոալիցիայի ներսում, ոչ կոալիցիայից դուրս, Լիլիթ Գալստյանը չհամաձայնեց. «Այնուամենայնիվ, ես չեմ կիսում այն տեսակետը, թե մեզ բոլորովին չի հաջողվել փոփոխություններ անել, ազդել պրոցեսների վրա։ Իհարկե, արդյունքները չափազանց համեստ են եղել, շատերիս չեն բավարարել, կարող էինք և իրավունք ունենք ավելին պահանջել։ Պահանջում ենք… և կարծում եմ, որ մեր պահանջատիրությունը, երկրին տեր կանգնելու պատասխանատվությունը, երկրում կուտակված խնդիրների խորությունը պարզապես պարտադրում են կենտրոնացնել մեր բոլոր ռեսուրսները հանուն Հայաստանի։ Ի դեպ, այսօրվա բարդ աշխարհաքաղաքական կացությունը բոլոր քաղաքական ուժերին է պարտադրում ազգային համախոհության դաշտում լինել, ծառայել Հայաստանին»:
Հիշեցնենք, որ Դաշնակցությունը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, «սկզբունքորեն» ընդունել է իշխող կոալիցիայի մաս կազմելու ՀՀԿ առաջարկը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ