«Կարծում եմ, անպտուղ բանակցություններ են»,- այսպես արձագանքեց Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այն հարցին, որ քաղաքական ուժերը բանակցություններ են վարում իշխող ՀՀԿ-ի հետ` կոալիցիա կազմելու համար:
Մասնավորաբար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է. «Եղել է առաջարկությունը, և մեզ համար դա սկզբունքորեն ընդունվել է, որ պետք է ունենանք համագործակցություն Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Բայց ուրիշ որևէ խոսակցություն առայժմ տեղի չի ունեցել»:
Aravot.am-ը փորձեց իշխող ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամներից մեկնաբանություններ ստանալ այս առիթով: Արդեն տեւական ժամանակ ՀՀԿ-ականները չեն արձագանքում մեր հեռախոսազանգերին:
Լյուդմիլա Սարգսյանը տեղյակ չէ ՀՅԴ-ին արված առաջարկից, բայց չի կարծում, որ այս նախընտրական շրջանում ՀՅԴ-ի շահերից է բխում պատասխանատվություն վերցնել իշխանության մեջ. «Քանի որ հանրությունը շատ հստակ վերաբերմունք կունենա ՀՅԴ-ի նկատմամբ, որ իրենք ընդդիմություն չեն: Կարծում եմ, նախընտրական փուլում իրենց ավելի ձեռնտու պետք է լինի ընդդիմադիր դիրքերից հանդես գալը: Վերջին տարիների խնդիրների պատասխանատուն գործող իշխանությունն է ու մտնելով կոալիցիա`ՀՅԴ-ն պատասխանատվություն է կրելու ոչ թե մեկ-երկու տարվա համար, այլ այս իշխանության ողջ գործունեության համար: Պատրա՞ստ են`թող ասեն»:
Կարդացեք նաև
Խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՅԴ-ում, այս փուլում ակնկալում են ստանալ առնվազն երեք մարզպետի պաշտոն, հավանաբար, առաջիկա ընտրություններում դիրքերն ամրապնդելու համար: Լյուդմիլա Սարգսյանը չի կարծում, որ կան ազատ պորտֆելներ կամ իշխանությունը պատրաստ է դրանք զիջել:
Ավելին, իշխանության տեսանկյունից էլ մինչեւ 2017-թվականի խորհրդարանական ընտրությունները անիմաստ է համարում կոալիցիաների ձեւավորումը: Իսկ 2017-ից հետո կոալիցիաները տրամաբանական կլինեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ