Ermenihaber. Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «Demokrathaber.net» կայքում հրապարակվել է «ԵԽԽՎ-ի կուլիսներում կաշառքի մասին խոսակցություններ են պտտվում՝ կապված Ղարաբաղի հարցով օրինագծի հետ» վերտառությամբ հոդված: Հոդվածում նշվում է, որ հունվարի 26 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) մեկնարկելիք ձմեռային նստաշրջանում քվեարկության է նախապատրաստվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ երկու առանձին օրինագիծ:
«Իրավիճակը գնահատող միջազգային անկախ փորձագետները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ օրինագիծն օրակարգ մտցրած Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը և ԵԽՎՎ-ի ձմեռային նստաշրջանը նախագահող իսպանացի խորհրդարանական Պեդրո Ագրամունթը քննադատվում են կողմնապահության համար»,- գրում է թուրքական կայքը՝ հավելելով, որ բրիտանացի պատգամավորը նախապատրաստել է միայն Բաքվի իշխանությունների տեսակետին տուրք տվող օրինագիծ:
Իսկ ղարաբաղյան հարցում Բաքվին սատարող Անկարան էլ նույն այդ պատգամավորին անցած տարվա մայիսին շնորհել է Թուրքիայի քաղաքացիություն, որը աղբյուրի բնորոշմամբ «պատահականություն լինել չի կարող»:
Նշվում է, որ Ուոլթերին Թուրքիայի Հանրապետության անձնագիր հանձնել է անձամբ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Ահա այդ պատճառով էլ տեսակետներ են հնչում, որ վերոնշյալ օրինագիծը գաղտնի համաձայնության արդյունք է,- գրում է «Demokrathaber»-ը և շարունակում- Այն դեպքում, երբ հաշված օրեր են մնացել նստաշրջանի մեկնարկին, Ստրասբուրգի կուլիսներում լուրեր են պտտվում, թե Ուոլթերն առաջիկայում ստանձնելու է խորհրդականի պաշտոն Թուրքիայի արտգործնախարարությունում»:
Կարդացեք նաև
Նույն աղբյուրի համաձայն՝ պատահականություն չէ նաև այն, որ քննարկումների առարկա դարձած օրինագիծը ծրագրվել է օրակարգ բերել հենց Պեդրո Ագրամունթի նախագահության շրջանում: Վերջինս Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին իր զեկույցներում մշտապես խուսափել է Բաքվի իշխանությունների և Ալիևի ռեժիմին հակադրվող գնահատականներ տալուց, ինչի պատճառով էլ արժանացել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատություններին: Որպես այդպիսիք՝ հիշատակվում են «Human Rights Watch»-ը և «European Stability Initiative»-ը:
«Նա Ադրբեջանում գործող ռեժիմի հետ ունեցած իր մտերմության պատճառով բազմիցս հայտնվել է քննադատությունների թիրախում»,- եզրափակում է թուրքական լրատվամիջոցը: