«Գլխավոր խնդիրն այն է, որ կոտրվի մտածողությունը, որ եթե ծանր հանցագործություն է կատարում, անձը պետք է ազատազրկվի»,- հունվարի 19-ին Հայաստանում անցկացվող «Վտանգավոր իրավախախտներ» թեմայով տարածաշրջանային սեմինարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ պետք է գործի հանգամանքների վրա շեշտը դնել, որպեսզի գործը քննող մարմինները լիարժեք կարողանան գնահատել անձի վարքագիծը, քրեական գործի ընթացքում նրա հնարավոր անօրինական վարքագիծ դրսեւորելու հնարավորությունները եւ թե ինչ միջոցներով կարելի է կանխարգելել. «Դրա համար քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը խորհրդարանում է եւ արդեն ավարտման փուլում է գտնվում: Մենք այնտեղ մեթոդներ ենք իսկապես նախատեսել, հնարավորություններ, որ իսկապես, հնարավոր ենք համարում ազատությունից զրկելը դարձնել բացառիկ միջոց, եւ դա կիրառել բացառապես այն դեպքում, երբ այլ այլընտրանքային միջոցներով հնարավոր չէ ապահովել կոնկրետ դեպքում, ասենք՝ մեղադրյալինը կլինի քրեական վարույթի ընթացքում կամ դատապարտյալի անօրինական վարքագիծը հնարավոր չէ կանխել այլ միջոցներով»:
Նկատառումը, թե Հայաստանում ծանր հանցագործություն ցմահ բանտարկյալները 20 տարի հետո ազատ արձակվելու հնարավորություն չունեն, փոխնախարարը համարում է, որ այլ խնդիր է, որը նաեւ շատ ավելի գլոբալ է. «Այս հարցը միշտ առաջ է գալիս Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրներում: 16 պատվիրակություն է հիմա ներկա, եւ բոլորն այդ խնդրով մտահոգված են: Պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունեց այս հանձնարարականը, որովհետեւ իսկապես այս խնդիրը կա, սա գլոբալ հարց է, որ բոլոր երկրներին հուզում է»:
Փոխնախարարը հրաժարվեց պատասխանել Գեւորգ Սաֆարյանին վերաբերող հացերին՝ պատճառաբանելով, թե իր իրավասություններ մեջ չէ:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ