Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում եւս հայտնաբերվել են H1N1 վիրուսակիրներ. Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի պարզաբանումները (Տեսանյութ)

Հունվար 19,2016 18:30

Aravot.am-ը Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանից հետաքրքրվեց, թե սուր շնչառական վարակի բարդություններով քանի՞ հիվանդ են իրենց մոտ ստացիոնար բուժում ստանում, քանիսի՞ մոտ է հայտնաբերվել H1N1 վիրուս, ավելացե՞լ է, թե՞ նահանջում է վարակն այս մարզում: «Այս պահին մեզ մոտ կա 57 հիվանդ, որից 18-ը սուր շնչառական վարակով հիվանդներ են, 39-ը թոքաբորբ են, նրանից 3-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, սակայն արհեստական շնչառական ապարատին միացված չեն: Այսինքն` ծանր են, բայց ոչ այն աստիճան, որ շնչառական ապարատ միացնենք:

Հիվանդների մեջ կան 5 հղիներ: Ասեմ, որ, ընդհանուր առմամբ այս 10 օրվա ընթացքում մեզ մոտ 100 հիվանդ են ընդունվել ու դուրս գրվել: Բուժված, դուրս գրվածների թվում է մի հղի, որն արդեն ծննդաբերել է, առողջ, շատ լավ վիճակում գնացել է տուն: Գիտեմ, որ շատերին է հետաքրքրում, միանգամից ասեմ, երբ վերցրել ենք փորձանմուշները, հայտնաբերվել է նաեւ H1N1 վիրուսը: Բնակչության իրազեկվածությունը, գիտեք, որ բարձր է, հետեւաբար եւ դիմելիությունը շատ է ավելացել»,- ասաց Արմեն Իսահակյանը: Մեր զրուցակիցը նշեց, որ հետազոտություններն ու փորձանմուշառումը ցույց են տվել, որ Շիրակի մարզում շրջանառվող գրիպով, վիրուսով տառապողների մոտ 50 տոկոսն է H1N1 վիրուսակիր: Ըստ բժշկի, եթե ճիշտ ժամանակին դիմեն իրենց, ապա կհամոզվեն, որ սա վտանգավոր վիրուս չէ:

Մեր հարցին՝ նկատո՞ւմ եք արդյոք խուճապ, վախ բնակիչների մոտ, որի պատճառով էլ անմիջապես գալիս են հիվանդանոց, Արմեն Իսահակյանն ասաց. «Մի քիչ խուճապ ու վախ տեսնում եմ, չնայած չեմ կարծում, որ պետք է խուճապի ու վախի մթնոլորտով առաջնորդվենք, պարզ եմ ասում շատ մարդ է դիմել, բուժվել է: Այստեղ կարեւորը ճիշտ ժամանակին դիմելն է, ախտորոշվելն ու բուժում ստանալն է, հավատացեք, որ այդ դեպքում շատ արդյունավետ է բուժումը: Հիվանդները ընդունվել, բուժվել, դուրս են գրվել, նույնիսկ չունենք բարդացումներ, մեր վերակենդանացման հիվանդները տեղափոխվել են բաժանմունք, բաժանմունքից առողջացած տուն են գնացել:

Ու այս պահին վերակենդանացման բաժանմունքում գտնվող 3 հիվանդները, որոնց մասին խոսեցի, Գյումրու բժշկական կենտրոնի համար իրոք փոքր թիվ են կազմում, քանի որ խոսքն ամբողջ մարզի վերակենդանացման բաժանմունքի մասին է, բոլոր ծանր հիվանդները գալիս են մեր մոտ վերակենդանացման բաժանմունք: Մենք առաջին օրերին ավելի շատ հիվանդներ ենք ունեցել, հիմա 3 հոգի կա այս պահի դրությամբ: Տեսեք հղի կինը բուժվեց, ծննդաբերեց, կան էլի հղիներ, որոնք բուժվել, դուրս են գրվել: Մեր խնդիրը մի քիչ այլ է, հիվանդները ցերեկային ժամերին գալիս, ստացիոնար են դիմում: Լավ կլինի սկզբում դիմեն առաջնային օղակ, այն է՝ պոլիկլինիկա, մենք հիմա փորձում ենք կանոնակարգել ու պատահական չէ, որ Շիրակի մարզպետի մոտ խորհրդակցություն հրավիրվեց:

Պոլիկլինիկայի տնօրենների ու գլխավոր բժիշկների հետ խորհրդակցեցինք ու որոշեցինք, որ ցերեկային ժամերին ուղղորդվածությունը դեպի հիվանդանոց լինի պոլիկլինիկաների, իրենց ընտանեկան բժիշկների միջոցով: Ինչո՞ւ. հիվանդը գալիս է ստացիոնար, մենք հետազոտում ենք ու ոնց որ կապը կտրում է, չի պառկում, գնում է տուն, ոնց որ մենք իրեն չենք հետեւում, իսկ պոլիկլինիկայի բժիշկը, իրենց ընտանեկան բժիշկը կամ վարակաբանն այդ կապը շատ լավ կարողանում են պահպանել: Մենք պայմանավորվել ենք, որ հիվանդները ցերեկային ժամերին գան միայն պոլիկլինիկայի ուղեգրով, այնտեղ անցնեն ռենտգեն հետազոտություն, իրենց ընտանեկան բժիշկը, վարակաբանը հետազոտի, եթե կարիք կա պառկելու, կա բարդություն, նոր դիմեն հիվանդանոց, եթե ոչ, ինքը համապատասխան բուժումը ստանա ու հիվանդանոցում ծանրաբեռնվածություն չստեղծվի: 18 հիվանդների մասին է խոսքը, որոնք սուր շնչառական վարակով են, նրանք կարող էին նաեւ պոլիկլինիկական մասում բուժում ստանային, ոչ ստացիոնար»:

Gyumri_Infekcion_13 Gyumri_Infekcion_3

Հիվանդանոցի տնօրենը նաեւ ասում է, որ հիվանդները գալիս են գիշերվա ժամերին, իսկ իրենք հետագա բարդություններից խուսափելու համար ընդունում են նրանց, մինչդեռ ճիշտ կլիներ, որ հիվանդը դիմած լիներ իր պոլիկլինիկայի բժշկին: Մեր զրուցակցի ասելով, Շիրակի մարզպետի հրավիրած այսօրվա խորհրդակցությունից հետո ցերեկային ժամերին բուժօգնությունն այսուհետ կկազմակերպեն պոլիկլինիկաները, հիվանդանոցների ստացիոնար բաժիններ դիմելիությունը կնվազի: Տնօրենն ասում է, որ իրենք ծանր ռեժիմով աշխատանքներ են կատարում, ապահովված են դեղորայքով, ունեն պահուստային դեղորայք, առողջապահության նախարարության կողմից անվճար տրամադրվել է դեղորայքը:

Մեր ճշտող հարցին, փաստորեն Շիրակի մարզում վիճակն այնքան էլ ծայրահեղ չէ, մարդկանց հոսքն է արհեստակա՞ն է, Արմեն Իսահակյանն ասաց, որ մարդկանցից շատերը դիմում են իրենց առողջական վիճակը պարզելու համար, օրինակ՝ 250 ռենտգեն հետազոտվողներից ընդամենը 30-ի մոտ է հայտնաբերվել թոքաբորբ: Ըստ մեր զրուցակցի, շատ լավ է, որ դիմում են բժշկի, պարզապես անհրաժեշտ է ճիշտ ճանապարհով դիմել. նախ դիմել ընտանեկան բժշկին, լաբորատոր հետազոտություն անցնել, եթե կարիք կլինի ստացիոնար բուժման, նոր ուղեգրով գալ բժշկական կենտրոն: Այլապես, իմանալով, անվճար է բուժումը, բոլորը միանգամից պոլիկլինիկա գնալու փոխարեն գալիս են հիվանդանոց: Ընդ որում գալիս են թե՛ Աշոցքից, թե՛ Ամասիայից, Արթիկից ու Մարալիկից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031