Դիմում-բողոք
Հարգելի´ պարոնայք
երեկ` 18.01.2016թ., ժամը 15:00, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված էր դատական նիստ` բողոքաբեր Սուսաննա Ղազարյանի գործով, որը նախագահում է նույն դատարանի դատավոր Լիլիթ Թադևոսյանը: Սուսաննա Ղազարյանը, իրեն իրավաբանական օգնություն տրամադրելու համար, դիմել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ Խոշտանգումների կանխարգելման և վերականգնողական կենտրոն, որը իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով նույն գործով Սուսաննա Ղազարյանին ներկայացուցիչներ է տրամադրել նշված Կենտրոնի փաստաբաններ Հայարփի Սարգսյանիս և Արա Ղարագյոզյանիս:
Երեկ` 18.01.2016թ., նշված դատարանում ներկայանալով սույն դատական նիստին, սպասեցինք մինչև ժամը 15:05, այնուհետև, մի աղջիկ մոտեցավ մեզ, ճշտեց մեր ինքնությունը և հայտնեց, որ Սուսաննա Ղազարյանի գործով դատական նիստը հետաձգվում է: Փորձեցինք ճշտել, թե ինչ հիմքով, նա նշեց, որ դատավորը վատառողջ է, հարցրեցինք, թե ինչու նախապես մեզ չէին տեղեկացնում, քանի որ դատական նիստը ժամը 15:00 էր, նշված աղջիկը արհամարհական շրջվեց` կիսատ թողնելով մեր հարցը, և գնաց: Փորձեցինք կարգադրիչներից ճշտել, թե ով էր այդ աղջիկը, սակայն, մի պահ մտորելուց հետո, կարգադրիչներից պատասխանեցին, որ զանգահարենք դատավորի գրասենյակ: Զանգահարեցինք, ներկայանալով որպես սույն գործով փաստաբան, մեզ ասացին, որպեսզի սպասենք, կրկին զանգահարեցինք մի քանի անգամ, սակայն հեռախոսակապ հնարավոր չեղավ հաստատել: Կրկին դիմեցինք կարգադրիչներին, խնդրեցինք տեղեկացնել դատավորի գրասենյակ, որպեսզի պատասխանեն մեր հեռախոսազանգին, կարգադրիչները բազմանշանակ ժպտացին, և վերջիններիս կողմից նմանատիպ վերաբերմունքը վիրավորական էր մեզ համար, որից հետո հեռախոսակապ հաստատվեց, և կրկին ներկայանալով` հարցրեցինք, թե ով է մեզ տեղեկացրել սույն դատական նիստի հետաձգման մասին, մեզ ասացին, որ դատական նիստի հետաձգման մասին մեզ տեղեկացրել է դատավոր Լիլիթ Թադևոսյանի օգնական Անի Կիրակոսյանը:
Կարդացեք նաև
Հարգելի´ պարոն Փոլադյան, այն, որ Անի Կիրակոսյանը դատավորի օգնական է, դա չի արդարացնում նրա արհամարհական պահվածքը փաստաբանների նկատմամբ, տվյալ դեպքում` մեր նկատմամբ: Բացի այդ, դատավոր Լիլիթ Թադևոսյանի վատառողջ լինելը որևէ կերպ չհիմնավորվեց, չներկայացվեց որևէ փաստաթուղթ` վերջինիս վատառողջ լինելը հաստատելու վերաբերյալ:
Հարկ ենք համարում նշել, որ դատավորի նման կամայական մոտեցման հետևանքով մենք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում արժանացել ենք վատ վերաբերմունքի, քանի որ հենց նման պահվածքն է մեր կարծիքով իրավունք վերապահում դատավորի օգնականին և դատական կարգադրիչներին` նմանատիպ` դատական ծառայողին ոչ վայել պահվածք դրսևորելու համար: Ինչպես նաև ունեցել ենք ժամանակի անիմաստ կորուստ և անիմաստ ճանապարհածախս, քանի որ մեզ նախապես չէին տեղեկացրել դատական նիստի հետաձգման մասին: Եթե իսկապես դատավորը վատառողջ լիներ, կարծում ենք, որ նախապես, գոնե հեռախոսազանգով կարող էին տեղեկացնել Սուսաննա Ղազարյանին, որ դատական նիստը հետաձգվում է:
Ելնելով վերոգրյալից, խնդրում ենք համապատասխան գնահատական տալ դատավորի, դատավորի օգնականի և դատական կարգադրիչների վերը նկարագրված վարքագծին:
Փաստաբաններ` Արա Ղարագյոզյան
Հայարփի Սարգսյան
19.01.2016թ.
Երէց գործընկերոջ խորհուրդ՝ լաւ կ’ընէք մի քիչ ձեր «մորթերը կարծրացնել», եթէ նպատակ ունիք դատարաններու հետ գործելու: Իսկ այսպիսի պոռթկումներ կրնան միայն վնաս բերել, ոչ թէ ձեզի, այլ – եւ այդ է կարեւորը -՝ ձեր յաճախորդներին: Աշխարհում չկայ ոչ մի դատարան կամ դատաւոր որ ձեր ցանկացած ուղղութեամբ ազդվին այս տեսակի «ճնշումներից»: (Այդ ուրիշ, որ կարող է ազդու միջոց լինել ձեզ ծանուցանելու հանրութեան… )