Հաշվի առնելով տոնական օրերին պարենային մթերքի առևտրի ծավալների աճն ու դրանով պայմանավորված ռիսկերը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով նախատոնական ու հետտոնական օրերին իրականացվել են դիտարկումներ և մշտադիտարկումներ: Սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով մինչև հունվարի 16-ը դիտարկումներ են կատարվել հանրապետության մարզերի և Երևան քաղաքի իրացման 347 կետերում (գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, մսի իրացման կետեր, խանութներ):
Արդյունքում բացահայտվել է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման 72 դեպք, մասնավորապես՝ կենդանական ծագման հումքի՝ առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տեղափոխման 14 դեպք, անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման խախտման 9 դեպք, սննդամթերքի պահման պայմանների խախտման 27 դեպք, պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի իրացման 8 դեպք, մակնշման պահանջների խախտմամբ սննդամթերքի իրացման 10 դեպք, առևտրի իրականացման վայրում հիգիենային ներկայացվող պահանջների խախտման 4 դեպք:
Ծառայության հետևողական աշխատանքի արդյունքում յուրաքանչյուր անհամապատասխանության մասով տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ և հսկվել դրանց կատարման ընթացքը. խախտումները վերացվել են:
Տոնական օրերին Ծառայության պետի հրամանով սահմանվել է նաև Ծառայության թեժ գծի շուրջօրյա հերթապահություն: Նշված ժամանակահատվածում Ծառայության թեժ գծին ստացվել է 8 զանգ, ձեռնարկվել են համարժեք միջոցառումներ կամ տրվել համապատասխան պարզաբանումներ:
Կարդացեք նաև
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն