«Ժամանակին «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի վրա 34 միլիոնի չափ գումար է ծախսվել: Հերիք չէ, որ հիմա այդքան գումարն ուզում ենք փոշիացնել, դեռ մի 10 միլիոն էլ պիտի ծախսենք դրա փոշիացման վրա, հետո նոր զրոյից սկսենք կառույցի վրա ծախս անել: Ու սա այն դեպքում, երբ հստակ առաջարկ կա, որով կարելի է և´ այդ 34 միլիոնը չփոշիացնել, և´ շատ ծախսեր չանել: Երբ մարդը չի ընդունում այս փաստը, ես արդեն չեմ կարողանում տրամաբանությունը հասկանալ»,- «Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն արտահայտեց «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի համահեղինակ Լևոն Չերքեզյանի որդին՝ ճարտարապետ Մհեր Չերքեզյանը՝ անդրադառնալով «Զվարթնոցի» էստակադան քանդելու քաղաքապետի թույլտվությանը:
Մհեր Չերքեզյանը նշեց, որ ինքը 1989 թվականից մասնակցել է «Զվարթնոցի» հետազոտական աշխատանքներին. «Իրականում ընդամենն էստակադայի տակի երկու հենարաններ են վնասված: Դրանք վերականգնելը դժվար չէ: Իսկ որ ասում են՝ շենքը սեյսմակայուն չէ, բազմիցս նշվել է, որ Հայաստանի շենքերի 99%-ն ունի այդ խնդիրը: Բայց այն լուծելի է: «Զվարթնոցի» շենքը լրիվ հնարավոր է հարմարեցնել այսօրվա սեյսմիկ կանոններին, և դա անհամեմատ ավելի էժան կլինի»,- վստահեցրեց ճարտարապետը:
Նրա փոխանցմամբ՝ այս ուղղությամբ մի քանի առաջարկներ եղել են, սակայն ոչ մի արձագանք. «Շենքի հեղինակներից մեկը՝ ճարտարապետ Ժորժ Շեխլյանը, վերջին չորս ամսվա ընթացքում ներկայացրել է շենքը փրկելու և այն օգտագործելու երեք տարբերակ: Բայց դրանք անտեսվել են, որը շատ վիրավորական է: Այսինքն՝ իրենց առջև հստակ խնդիր են դրել և ուզում են հասնել դրան ամեն հնարավոր ու անհնարին ճանապարհներով»,- նշեց Մհեր Չերքեզյանը:
Նրա խոսքով՝ միայն էստակադան չէ, որ քանդելու են. «Մեծ օղակն էլ են քանդում: Թողնում են միայն աշտարակը: Ավելի լավ է՝ աշտարակն էլ քանդեն. կարծես հատուկ չեն քանդում, որ անընդհատ տեսնենք ու մրմռանք»,- ասաց ճարտարապետը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ