Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Գրիգորյան. «Հայաստանի առաջնությունում միավոր վաստակելն ավելի դժվար է»

Հունվար 19,2016 17:00

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 76-րդ առաջնության մասնակիցները երեկ հանգստանում էին:

Վեցերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով միանձնյա գլխավորում է Զավեն Անդրիասյանը: Նրանից կես միավոր պակաս է վաստակել Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է 4,5 միավոր ունեցող Արման Փաշիկյանը: Չեմպիոնի կոչման եւ Հայաստանի ազգային հավաքականի միակ թափուր տեղն զբաղեցնելու համար պայքարն այս դասավորվածությամբ ընթանում է հիմնականում այս երեք գրոսմայստերների միջեւ: Սակայն ոչ ոք չի կարող կանխագուշակել առաջնության ընթացքի շարունակությունը:

Քիչ չեն դեպքերը, երբ տվյալ մրցաշարի առաջին հատվածն անհաջող անցկացրած շախմատիստները երկրորդում վերագտել են իրենց խաղն ու հաղթանակներով գլխիվայր փոխել ամեն ինչ: Իսկ Հայաստանի տղամարդկանց առաջնությունում այդ բանն անել կարող են շատերը՝ գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Հովհաննես Գաբուզյանը, Լեւոն Բաբուջյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը, ինչպես նաեւ ստեփանակերտցի միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը, որն ընթանում է չորրորդ տեղում:

Մի տեսակ, տարօրինակ է, որ Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը վեց հնարավորից վաստակել է ընդամենը 2,0 միավոր եւ 12 մասնակիցների մեջ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: «Առավոտը» հինգերորդ տուրի մեկնարկից առաջ, զրուցեց նրա հետ:

-Հայաստանի չեմպիոն եւ հինգ հնարավորից 2,0 միավոր: Բնականաբար, դժգոհ ես արդյունքից: Անհաջողության պատճառը գիտե՞ս:

-Սպորտ է, որտեղ ամեն ինչ էլ պատահում է: Իհարկե, դժգոհ եմ այս արդյունքից:

-Դու գրեթե մշտապես մասնակցում ես հատկապես Իսպանիայում անցկացվող միջազգային մրցաշարերին ու, որպես կանոն, կամ հաղթում ես, կամ տեղ զբաղեցնում առաջին եռյակում: Իսկ Հայաստանի առաջնությունում մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականներում ես: Ինչո՞վ կբացատրես:

– Դա այնքան էլ այդպես չէ: Անցած տարի դարձա Հայաստանի չեմպիոն ու ընդգրկվեցի ազգային հավաքական: Դա ձեռքբերում է իմ շախմատային կարիերայում: Իսկ եթե համեմատենք իմ մասնակցած միջազգային մրցաշարերն ու Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը, միանշանակ այստեղ մակարդակն ավելի բարձր է, քան այնտեղ: Հետեւաբար, Հայաստանի առաջնությունում միավոր վաստակելն ավելի դժվար է: Էլ չեմ խոսում չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին:

Բայց պայքարի հիմնական մասը դեռ առջեւում է ու կաշխատեմ կորցրածը հնարավորին չափ ետ բերել:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031