Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդ. Համոզված ենք, որ պատրիարք Կիրիլի հնչեցրած անհաջող օրինակը պարզապես վրիպում է

Հունվար 19,2016 16:59

Մենք` ՀՀ Հանրային խորհրդի անդամներս, խորին հարգանք տածելով Ռուս Ուղղափառ եկեղեցու, ինչպես նաև Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հանդեպ, անհրաժեշտ ենք համարում հանդես գալ հայտարարությամբ` վերջինիս կողմից ս.թ. հունվարի 7-ին «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում հեռուստալրագրող Դմիտրի Կիսիլյովի հետ հարցազրույցի ընթացքում արտահայտած որոշ նկատառումների վերաբերյալ:

Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնված ազգերի շրջանում տարակուսանք է առաջացրել Պատրիարքի այն պնդումը, թե Օսմանյան կայսրությունն իր հպատակների համար եղել է կարգուկանոնի ու խաղաղության երաշխավոր: Պատրիարք Կիրիլը` որպես քրիստոնեական և մահմեդական քաղաքակրթությունների միջև փոխհարաբերությունների պատմության բացասական օրինակ, բերել էր մահմեդականների կողմից քրիստոնեական Բյուզանդիայի նվաճման փաստը` «մոռանալով» նշել այդ մահմեդականների էթնիկ պատկանելությունը: Ուստի անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ Բյուզանդիան նվաճվել է թուրք օսմանների կողմից, և հենց այդ նվաճման արդյունքում էլ ստեղծվել է Օսմանյան կայսրությունը: Իսկ որպես դրական օրինակ` Պատրիարքը կրկին բերել էր նույն Օսմանյան կայսրությունը` պնդելով, որ այնտեղ իբրև թե քրիստոնյա ժողովուրդներին ոչ ոք չէր ոչնչացնում:

Վերջին տարիներին Ռուսաստանում և բազմաթիվ այլ երկրներում Թուրքիան նպատակաուղղված ձևավորում է Օսմանյան կայսրության «ռոմանտիկ» կերպար` որպես հանդուրժողական պետություն, որը շատ ուշադիր էր իր հպատակների բոլոր պահանջների և իրավունքների նկատմամբ: Ցավոք, Թուրքիայի լոբբիստական գործունեությունն իր ազդեցությունն է թողել նաև ռուսական ակադեմիական շրջանակների որոշ ներկայացուցիչների վրա: Անհրաժեշտություն չկա մեկ անգամ ևս անցնել օսմանյան պատմության արյունալի արահետով, որը մինչ օրս չսպիացող վերքեր է թողել Բալկաններում, Կովկասում և Մերձավոր Արևելքում: Այդ վերքերը վստահորեն կարելի է կոչել սուլթանների և երիտթուրքերի կողմից վարած անմարդկային քաղաքականության և իրականացրած ցեղասպանությունների վկայություն: Իր գոյության ընթացքում Օսմանյան կայսրությունը վարել է արյունալի պատերազմներ հարևան երկրների հետ, նվաճել և կորցրել տարածքներ` ամայացնելով հսկայական տարածություններ և ոչնչացնելով հարյուր հազարավոր տեղաբնակ ժողովուրդների: Այդ ժամանակահատվածում ստեղծվել է նախադեպը չունեցող և կատարելության բարձրագույն աստիճանի հասած բռնատիրական համակարգ, որը և դարձել էր թուրքական ազգային քաղաքականության հիմնասյունը: Բալկանյան ժողովուրդների, հայերի, հույների, ասորիների և այլ ազգերի բռնի թուրքացումն ու իսլամացումը. ահա թե որն է օսմանյան նախագծի «հաջողությունը»:

Իրենց պատմական հայրենիքում 1.5 միլիոն քրիստոնյա հայերի, ինչպես նաև հույների և ասորիների ցեղասպանությունները, ողջ քրիստոնյա բնակչության ու նրա ստեղծած հարուստ ժառանգության ոչնչացումն ու թալանը Օսմանյան կայսրության և ժամանակակից Թուրքիայի տարածքում պատմական փաստ է, որը կասկածի կամ ժխտման ենթակա չէ: Ավելին, հայերի ցեղասպանությունն ուղեկցվում էր հայրենազրկմամբ իր պատմական, Աստծո կողմից տրված Հայրենիքից:

Օսմանյան Կայսրությունը եղել է, իսկ ժամանակակից Թուրքիան այսօր էլ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդն է, և դրա վառ ապացույցն են Սիրիայի վերջին իրադարձությունները:

Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունն ունի հստակ դիրքորոշում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության հարցի վերաբերյալ, որը հաստատվել է Ռուսաստանի օրենսդիր մարմնի կողմից: Մի շարք այլ երկրների ղեկավարների հետ մեկտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը: Իսկ ահա քրիստոնյա հպատակների նկատմամբ Օսմանյան կայսրության կողմից իրականացված բռնության և ցեղասպանության պետական քաղաքականության արդարացումը, օսմանյան տիրապետության աղետալի հետևանքների մասին լռությունը և առավել ևս պատմության նման մեկնաբանումը ոչ մի ընդհանրություն չունեն պատմական իրողության հետ:

Մենք միշտ հարգանքով լսում էինք Պատրիարք Կիրիլի քարոզները` ընկալելով դրանք որպես տիեզերական բարեգթության դրսևորում, տեսնելով դրանց մեջ բացարձակ ճշմարտություն և արդարություն: Համոզված ենք, որ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների և մահմեդականների համակեցության և հանդուրժողականության վերաբերյալ պատրիարք Կիրիլի կողմից հեռուստաեթերում հնչեցրած անհաջող օրինակը պարզապես վրիպում է` հեռու ճշմարտությունից և արդարությունից:

 

 

ՀՀ Հանրային խորհուրդ

19.01.2016 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031