Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Թարխանյանի պոռթկումը. «Դե եկեք վառենք Այվազովսկու նկարներն ու ասենք՝ օրինական է»

Հունվար 19,2016 16:47

Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկումը «Զվարթնոց» օդանավակայանի էստակադայի ապամոնտաժման թեմայով էր:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն անդրադարձավ քանդման թույլտվությանը, որը տրված է Երեւանի քաղաքապետարանի կողմից, եւ որին համաձայնություն է տվել քաղաքի գլխավոր ճարտարապետը: «Ի զարմանս բոլորի՝ այն տրված է առանց ճարտարապետական, շինարարական, նախագծային փաստաթղթերի…. Իմ դիմումի վերաբերյալ քաղաքապետարանի կողմից բազմաթիվ հիմքեր են բերվել, որ իրենց ընդունած որոշումն օրինական է, սակայն դա ինձ համար անհասկանալի է: Դա նույնն է, որ որոշում կայացնեն փակել Հայաստանից դուրս տանող բոլոր ճանապարհները՝ համարելով օրինական, որոշել, որ Այվազովսկու լավագույն նկարները կարելի է վառել ու համարել օրինական: Ես որեւէ այլ համեմատական չեմ կարող բերել»,- ասաց ճարտարապետը:

Նրա համոզմամբ, հին օդանավակայանը սեփականատիրոջը տրվել է առանց որեւէ վարձավճարի, եւ բոլոր գումարները, որոնք գոյանում էին կառավարման ընթացքում, պետք է ուղղվեին օդանավակայանի հին մասնաշենքի վերականգնմանը, ինչը չի արվել:

«Համաձայն ստորագրված պայմանագրի, բոլոր այն շենքերը, որոնք սեփականատերը կառուցում էր Հայաստանի տարածքում դառնում էին իր սեփականությունը, իսկ հին օդանավակայանը՝ մնում էր Հայաստանի սեփականություն: Համարյա 15 տարվա ընթացքում անընդհատ բարձրացվել է հին օդանավակայանի քանդման հարցը, սակայն նախկինում այն այդքան սուր ձեւով չի դրվել: Պատճառն այն է, որ այն կառավարվում էր, եւ գոյացած եկամուտները իմ համոզմամբ ուղղվում էին նոր օդանավակայանի կառուցման, ինչով խախտվել է պայմանագրի գլխավոր նախապայմանը»,- հայտարարեց տիկին Թարխանյանը:

«Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանի խոսքով, 2015 թ. մարտ ամսին եւս նույնպիսի մոտեցում է եղել սեփականատիրոջ կողմից, քանի որ էստակադայի վրա աննշան հանգույցներ էին վնասվել՝ մի քանի տարի չշահագործվելու պատճառով:

Նրա փաստմամբ, քաղաքապետարանը ստեղծել էր հանձնաժողով, որտեղ ներգրավված լավագույն մասնագետները ուսումնասիրել եւ ասել էին, որ էստակադան 80 %-ով նորմալ վիճակում է, 20 %-ով է վնասված, ինչը կարելի է վերականգնել ու շահագործել: «Հենց այդ հանձնաժողովի այդ եզրակացությունը ուղղվեց սեփականատիրոջը: Հիմա ի՞նչ պատահեց այս մի տարվա ընթացքում, որ էստակադայի սեյսմիկ վիճակը դարձավ այնքան անթույլատրելի, որ որոշվեց այն քանդել: Այդ հարցականը թողնում եմ նրան, ով նման որոշում է կայացրել»,-շեշտեց պարոն Ազիզյանը:

Նրա ձեւակերպմամբ, էստակադայի սեյսմիկ առումով անթույլատրելիության մասին եզրակացությունը կատարել է Հայաստանի մասնագետներից մեկը, որը սեփականատիրոջ հրավերով է այն իրականացրել, մինչդեռ կային ավելի բարձրակարգ մասնագետներ: «Էստակադան ինչի՞ց ելնելով են ապամոնտաժում, չէ՞ որ ընդամենը մեկ տարի առաջ այլ եզրակացություն կար»,- տարակուսանք է հայտնում «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրենը:

Իմիջիայլոց, միջոցառման մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև Երևանի քաղաքապետարանին, Քաղաքաշինական պետական տեսչությանը, սակայն երկու կառույցներից էլ հրաժարվել են մասնակցել քննարկմանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031