Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կանխատեսելի է համարում այն, ինչ ներկայումս կատարվում է հետխորհրդային երկրների արժույթների հետ՝ կտրուկ, սրընթաց անկայունացում:
Պատճառներից մեկն էլ նա համարում է այն, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո թեեւ քառորդ դար է անցել, միեւնույն է, այդ երկրները չեն կարողանում հարմարվել ոչ տարածաշրջանային զարգացումներին, ոչ էլ համաշխարհային տնտեսության միտումներին:
«Հետխորհրդային երկրների ՀՆԱ-ի եւ արտահանման կառուցվածքները բավարար դիվերսիֆիկացված չեն: Անգամ ներմուծման աշխարհագրությունն էլ բավարար դիվերսիֆիկացիայի չի ենթարկվել, ինչը նշանակում է, որ կա որոշակի կախվածություն՝ առանձին ճյուղերից, ինչը բավական միակողմանի զարգացումներ է ապահովում տնտեսության համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ նկատելով, որ արտահանման եւ ներմուծման հարցում կախվածությունը բավական մեծ է, մասնավորաբար, եթե հարցը վերաբերում է սննդամթերքին, որը տնտեսական անվտանգության առումով նաեւ լուրջ սպառնալիք է:
2014-ից սկսած՝ ռուսական ռուբլին եւ բելառուսական դրամը արժեզրկվեցին շուրջ 55 տոկոսով, այժմ արդեն արժեզրկումը հասավ 75 տոկոսի: Բայց ամենասրընթաց արժեզրկումը ադրբեջանական մանաթինն էր:
Կարդացեք նաև
Տնտեսագետի գնահատմամբ՝ մանաթը ռեկորդ սահմանեց, մեկ տարվա ընթացքում հարյուր տոկոսով արժեզրկվելով եւ Ադրբեջանում խուճապ առաջացնելով: Ընդհանուր առմամբ, բոլոր հետխորհրդային երկրներն այդպես էլ չկարողացան խուսափել դրամի անկումից, ընդ որում՝ երկնիշ թվով: Տնտեսագիտորեն դա կոչվում է «հիպերինֆլյացիա», ինչը ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ սոցիալական ոլորտում է խնդիրներ հարուցում:
Այդ ֆոնին, սակայն, 2015 թվականին հայկական դրամը բավական կայուն վարքագիծ արձանագրեց: Ուշագրավ է, որ 2014-ի ավարտին հայկական դրամն էլ էր արժեզրկման սպառնալիքի տակ՝ փոխանակման կետերում, բնակչության շրջանում խուճապ էր, քանի որ դրամի արժեզրկումը բերելու էր նաեւ բարձր գնաճ: Որոշ տնտեսվարողներ նման փորձեր արեցին:
Ինչի հաշվին կարողացավ կառավարությունը, մասնավորաբար, դրամավարկային քաղաքականության պատասխանատու կենտրոնական բանկը կայունացնել դրամի վիճակը, մեր հարցին ի պատասխան, Թաթուլ Մանասերյանը կարեւորեց պարտադիր պահուստավորման դրույքի բարձրացումը՝ արտարժույթային պարտավորությունների համար: «Դա որոշակի դժգոհություն առաջացրեց բանկային համակարգում, ոմանք անտեղի ու անընդունելի համարեցին՝ ասելով, որ դա տնտեսական հետեւանքների կարող է բերել, բայց փորձը ցույց տվեց, որ ինչպես դա, այնպես էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը զսպեցին ինֆլյացիոն միտումները՝ թուլացնելով նաեւ լարվածությունը տնտեսության մեջ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ միջազգային կառույցները անցյալ տարվա համար բավական բացասական կանխատեսումներ էին կատարել, ու այդ ֆոնին նաեւ բարդություններ էին առաջացել ներդրումների առումով. «Բայց սա այն դեպքն էր, երբ ֆինանսական շուկայի կայունությունն անդրադարձավ նաեւ սպառողական շուկայի կայունության վրա: Ոչ միայն խուճապ չեղավ, այլ սպառողները, կարծես թե, ապահովվեցինք շոկերից»:
Տնտեսագետն աշխուժացման մի պատճառ համարում է նաեւ լոմբարդներում գրավադրման տոկոսադրույքների նվազեցումը, բանկերի կողմից երկարաժամկետ միջոցների ներգրավումը ու դրանց դիմաց պահուստավորման գրեթե զրոյական տոկոսադրույքի առկայությունը: «Այս ֆոնին, եթե վերցնենք 2014-ի վերջին երկու ամիսների ցնցումները եւ 2015-ի առաջին եռամսյակի լուծումները, երկրորդ եռամսյակի վիճակագրական տվյալներն արդեն վկայում են, որ գնաճն ավելի կառավարելի էր դարձել: Դա այն է, ինչը մեզ՝ սպառողներիս համար շատ կարեւոր է»:
2015-ի ավարտին, տնտեսագետն արձանագրում է, որ դեկտեմբերյան գնաճը, որը նախատոնական եւ առեւտրի ակտիվ շրջան է, բավական ցածր էր: Այստեղ, իհարկե դերակատարում ունեցավ նաեւ բարենպաստ գյուղատնտեսական տարին՝ մրգերի եւ բանջարեղենների առատությունը, ի հեճուկս բոլոր բացասական կանխատեսումների որոշակի դիվերսիֆիկացիան՝ գյուղմթերքների արտահանման աշխարհագրությունը նաեւ մեծացավ: Միաժամանակ, մեր տնտեսությունը շատ է կախված տրանսֆերտներից, որոնք կրճատվեցին 40 տոկոսով՝ բերելով գնողունակության անկում:
Տնտեսագետը, սակայն, փաստում է, որ դրամավարկային քաղաքականությունը դրան էլ համարժեք արձագանքել եւ ընդհանուր արտաքին հաշվեկշռով նաեւ էական բարելավում գրանցել:
Ինչեւէ, Թաթուլ Մանասերյանն այժմ առավել կարեւոր է համարում՝ կկարողանա՞նք իրացնել այս առավելությունը՝ դրամի կայունությունը, ինչը մակրոտնտեսական առումով լուրջ հնարավորություններ է ընձեռում: Բայց սա արդեն միայն ԿԲ-ի խնդիրը չէ. «Պետք է նախահարձակ, ճկուն տնտեսական քաղաքականություն: Հայաստանն այսօր մեկ այլ հնարավորություն էլ է ստանում՝ ԵՄ-ի հետ բանակցությունները վերսկսվել են եւ ուզում եմ հավատալ, որ սրանով վերջ կդրվի մեզ համար շատ անընդունելի «կամ-կամ» բանաձեւին, որը 2013-ից Հայաստանին պարտադրվեց: Եթե ընձեռված հնարավորությունները կարողանանք ճիշտ օգտագործել՝ կշահենք: Ես պատկերացնում եմ, որ լավագույն բանաձեւը կլիներ հետեւյալը՝ արժեզրկված արժույթ ունեցող հետխորհրդային երկրներից Հայաստանը կարող է ներկրել հումք, էներգակիրներ, տեղական վերամշակող արտադրություն զարգացնել, կարող ենք շոշափելի օգուտներ գրանցել: ՌԴ-ի հետ նման պայմանավորվածություն կարծես թե կա՝ գազը ռուսական ռուբլով գնելու տրամադրվածություն կա, որը ՌԴ-ի համար մեծ վնաս չի լինի, բայց Հայաստանի համար մեծ օգուտ կլինի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ