Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան պետք է դպրոցից պատրաստ լինի աղետների ռիսկի կառավարմանը

Հունվար 19,2016 14:42

Աղետներին պատշաճ կերպով պատրաստված լինելը կարեւոր է, քանի որ ռիսկերը չեն կարող ամբողջությամբ վերացվել կամ նվազեցվել: Այսօր «Երեւան Պլազայում» կազմակերպված «Հայաստանի աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» ներկայացման ժամանակ ասաց աղետների ռիսկի կառավարման մասնագետ Կո Տակեուչին: Նա մեր մասնագետներին խորհուրդ կտա, թե ինչպես ֆինանսապես պատրաստ լինել աղետներին տարբեր մակարդակներում:

Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը, որպեսզի նա կրճատի աղետների ռիսկը: Կո Տակեուչին ճապոնիայից է եւ աղետների ռիսկի առումով մի շարք ընդհանրություններ է տեսնում մեր երկրի հետ: Ըստ նրա, Ճապոնիան փորձում է «լուրջ դասեր քաղել աղետներից»:

1,7 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի իրականացման ժամկետը 2015-2017 թթ. է: Գումարներն ուղղվելու են կարողությունների զարգացմանը, տեխնիկական աջակցությանը: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի, Ճապոնիայի կառավարության եւ այլ դոնոր կազմակերպությունների միջոցներով:

Միջոցառման մասնակիցները կարծիք հայտնեցին, որ ռիսկերի կառավարման վերաբերյալ գիտելիքները պետք է սկսել դպրոցից եւ, դրանով էլ պայմանավորված, կրթական համակարգում բարեփոխումներ անել:

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Նիկոլայ Գրիգորյանի խոսքերով, աղետների ռիսկի նվազեցման համար ֆինանսավորումը ոչ թե ծախս է, այլ` ներդրում. «Հարուստ պետությունները աղետների ռիսկի նվազեցման ոլորտում խոշոր ներդրումներ են անում, իսկ զարգացող երկրները եւ շատ երկրներ, մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, սոսկ արձագանքման գործողություններ են ձեռնարկում»:

Ըստ Նիկոլայ Գրիգորյանի, մեր երկիրը ե’ւ բնական վտանգներ ե’ւ տեխնածին վտանգների ե’ւ համաճարակային ե’ւ բնապահպանական ե’ւ քաղպաշտպանական վտանգների առումով խոցելի է. «Մեր երկիրն այս բոլոր ուղղություններով ծրագրերը դասակարգում է եւ ռիսկի նվազեցման միջոցառումներ է մշակում»:

Պարոն Գրիգորյանը նաեւ ասաց, որ մեր երկրի համար կարեւոր ուղղություն է շենքերի սեյսմիկ վիճակը, դպրոցների շենքերի սեյսմակայունության հարցը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031