Մի խումբ ճարտարապետներ եւ մտավորականներ պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել՝ քաղաքապետի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան քանդելու թույլտվության դեմ: Իսկ թե դա որքանով նպաստավոր կլինի, դժվարանում են կանխատեսել: Այս մասին Aravot.am-ին ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Նա կարծում է, որ հարց լուծողը բիզնես-շահն է եւ, ի վերջո, «Զվարթնոց»-ը կորցնելու ենք. «Բազմիցս կոնցեսիոներին խնդրել ենք գործակցել տեղի ճարտարապետների հետ, բայց ապարդյուն: Կոնցեսիոները չունի նման ցանկություն»,-ասաց Քալաշյանը:
Ճարտարապետը նշեց, որ դեմ են էստակադան քանդելու որոշմանը, որովհետեւ դրա համար մասնագիտական հիմքեր չեն ներկայացվել. «Պատճառաբանություն չկա, ինչո՞ւ են քանդում: Հիշեք Փակ շուկան. թույլատրեցին մեկ կամար քանդել, բայց գիշերվա կեսին շենքի կեսը քանդեցին՝ պատճառաբանելով, թե իբր ինքնափլուզում է տեղի ունեցել: Հիմա էլ ասեկոսեներ են տարածում, թե «Զվարթնոց»-ը սեյսմակայուն չէ, վթարային է, բայց մեր մասնագիտական ստուգումներով եւ հաշվարկներով՝ այն լրիվ համապատասխանում է անվտանգության պահանջներին: Պարզապես երկու վթարային սյուներ կան, բայց դա չի նշանակում, թե էստակադան պետք է քանդել»:
Սաշուր Քալաշյանը եւ նրա գործընկերները մտավախություն ունեն, որ էստակադան քանդելուց հետո օդանավակայանի մյուս շինությունները եւս կքանդեն. «Եթե ամբողջը չպետք է քանդվի, ուրեմն ինչո՞վ են էստակադան քանդում… չկա պատճառ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հայաստանը պրծել ա…. ազգերի հոգեվարքը բա սենց ա լինում…