Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի կապակցությամբ` ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարություն է տարածել, որում վերահաստատել է արագ եւ թափանցիկ դատավարություն անցկացնելու իր կոչը, որը պետք է ուղղված լինի սպանության պատվիրատուներին գտնելուն:
«Ես շարունակում եմ հույս ունենալ, որ դատական գործընթացի վերջին զարգացումների շնորհիվ սպանության պատվիրատուները պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է Միյատովիչը: Նա նկատի ունի 2015 թվականի դեկտեմբերին Ստամբուլի հանրային գլխավոր դատախազի որոշումը սպանության գործում 25 պաշտոնյաների անփութությունը եւ զանցանքը հետաքննելու մասին:
«Ես վստահ եմ, որ դատական գործընթացը վերջապես, կվերականգնի Դինքի ընտանիքի, ընկերների եւ գործընկերների արդարությունը: Պատվիրատուներին գտնելը նաեւ ողջ հասարակությանը ցույց կտա խոսքի ազատության կարեւորությունը եւ լրագրողների նկատմամբ բռնությունների դեմ պայքարի շարունակման անհրաժեշտությունը»,- եզրափակել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ