Լրահոս
Օրվա լրահոսը

Էդիկ Մինասյան. «Ռեալ չէ կարծել, որ մարտի 16-ին ՌԴ-ն կրկին կվավերացնի 1921թ. Մոսկվայի պայմանագիրը»

Հունվար 19,2016 13:37

«Էրդողանն ամեն կերպ փորձում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, վերջինս էլ հեռու է մնում դրանից: Հետագայում, հնարավոր է, հարաբերությունները նորմալ դառնան»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում այսօր նման տեսակետ հայտնեց պատմաբան Էդիկ Մինասյանը:

Նա նկատեց, որ Թուրքիայի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելը հանդիպում է Ռուսաստանի հակազդեցությանը, ինչը եւս ազդում է այդ երկրների հարաբերությունների կարգավորման վրա:

Բանախոսն անդրադարձավ նաեւ Ռուսաստանի կողմից 1921թ. Մոսկվայի պայմանագիրն այս տարվա մարտի 16-ին չվավերացնելու խոսակցություններին՝ ասելով. «Այդ պայմանագիրը հենց սկզբից օրինական չի եղել, որովհետեւ պետությունները ճանաչված չէին՝ ոչ Ռուսաստանը, ոչ էլ քեմալական Թուրքիան: Ընդ որում, պայմանագիր էր ստորագրվում մի երկրի վերաբերյալ, որը պայմանագրի մասնակից կողմ չէր: Փաստաթղթում չկա նշված, որ 25 տարին մեկ այն պետք է վավերացվի, բայց պայմանավորվածություն, համենայն դեպս, եղել է: Գործնականում, իսկապես, այն 25 տարին մեկ վավերացվում է»:

Այնուամենայնիվ, պատմաբանն ասաց, որ իրական չի համարում առաջիկայում Ռուսաստանի ստորագրելու հավանականությունը. «Մեծ տերությունների շահերը կարող են որոշ ժամանակով խաթարվել, բայց հետագայում քաղաքական դաշտում գործակցությունը հնարավոր է: Հիշենք, որ Պուտինն ասաց՝ Քեմալ Աթաթուրքը եթե այսօր ապրեր, իսլամական քարոզչության պայմաններում գուցե գերեզմանում շուռ գար»:

Էդիկ Մինասյանը նաեւ ասաց, որ ապագայում Թուրքիան հնարավոր է պառակտվի. քրդական խնդիրը բավականին լուրջ է. «Հայկական պատմական հողերը քրդաբնակ են, բայց սրանից վախենալ եւ հետ կանգնել չի կարելի: Եթե Աստված տա եւ այս խնդիրը լուծվի, պետք չէ մտավախություն ունենալ, որ քրդերի հետ այդքան բարդ է լինելու: Դա իշխանության կարգավորելիք հարցն է՝ բանակցել հնարավոր է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031