19 հունվար, Երևան – Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Այո» հարթակի այս տարվա ամանորյա ծրագիրն անակնկալներ պատրաստելն էր Լեռնային Ղարաբաղի երեխաների համար:
«Նվերներ երեխաներին» ծրագրի շրջանակներում Երևանի 6 դպրոցների` Այբ, Մակսեդան, Լև Տոլստոյի անվան 128 դպրոց, Մ. Մաշտոցի անվան թիվ 2 դպրոց, Արեգնազան և Հ. Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց, 600 աշակերտներ տուփերի մեջ նվերներ էին պատրաստել ԼՂՀ-ի Հադրութի շրջանի 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանցիների համար: Նվերներից զատ յուրաքանչյուր երեխա նամակ էր տեղադրել իր պատրաստած տուփի մեջ։ «Այո»-ն տուփերին ավելացրել էր ձմեռային գլխարկ, ձեռնոց և գուլպա:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նվերներ երեխաներին» ծրագիրը հաջողությամբ իրականություն է դարձել։ Մոտ մեկ ամիս տևած ակտիվ դրամահավաքի շնորհիվ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող բազում մարդիկ օգնել են հավաքագրել 2919 դոլար այս ամանորյա հեքիաթը մանուկների համար իրականություն դարձնելու համար։
Հայաստանում դրամահավաքի համար կազմակերպվել են զանազան տոնական միջոցառումներ, որոնցից էին` Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանում երաժշտական համերգ և տոնածառի ձեռագործ խաղալիքների վաճառք։ «Այո»-ն նաև մասնակցել է Լոֆտ և Էոն սրճարաններում տեղի ունեցած ամանորյա տոնավաճառներին, որի արդյունքում կարողացել է հավաքագրել մոտ 95 հազար դրամ։ Նշենք, որ վաճառքի հանված ձեռագործ աշխատանքները ստեղծվել էին «Այո»-ի կամավորների անդադար աշխատանքների և օգնության շնորհիվ։
Կարդացեք նաև
Բոլորի մասնակցության շնորհիվ 1800 երեխա ամանորյա նվերներ, տաքուկ ձմեռային պարագաներ ու լավ ընկերներ է ձեռք բերել:
***
«Այո»-ն ակտիվ գործունեություն ցուցաբերող երիտասարդների նախաձեռնություն է, որը տեղական խնդիրներին առաջարկում է տեղական լուծումներ: «Այո»-ի նախագծերը ստեղծված են ոգեշնչելու հայ երիտասարդներին Հայաստանի տարածքում, ինչպես նաև Հայաստանից դուրս, խթանելու միասնականության ուժը և լավագույնին հասնելու ձգտումը:
ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրություն