Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաբան. «Դինքի սպանության իրական կազմակերպիչները բացահայտված չեն» (Տեսանյութ)

Հունվար 19,2016 13:18

2007թ. հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի համայնքում սպանվել է պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: «Դա մեծ ողբերգություն էր, որն այսօր Թուրքիայում կատակերգության է վերածվել: Դինքն իրեն նվիրեց Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ թուրքահայ համայնքի շահերի պաշտպանությանը»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում, խոսելով Դինքի սպանության մասին, ասաց պատմաբան Էդիկ Մինասյանը:

«Սպանողը ծոծրակից երեք կրակոցով գետնին տապալեց մեծ հայրենասերին: Անգամ սպանելուց հետո գոչեց «գյավուր»: Դա վկայում է այն մասին, որ նա ազգայնական կազմակերպության անդամ է: Մի քանի օր անց նա ձերբակալվեց: 17-ամյա Օգյուն Սամաստին մեղադրեցին կատարված հանցագործության մեջ: Տեսախցիկի ֆիքսած լուսանկարում հայրը ճանաչել էր իր մարդասպան որդուն»,-ասաց Մինասյանը:

Նա փաստեց, որ Դինքի սպանության գործով դատավարությունը 5 տարի շարունակվեց մեծ դժգոհություններով, եւ իրական կազմակերպիչը այդպես էլ չհայտնաբերվեց. «2012թ. Օգյուն Սամաստը դատապարտվեց 21 տարի 6 ամիս ազատազրկման: Մյուս մասնակիցը՝ Հայալը, ցմահ բանտարկվեց, իրական կազմակերպիչներն էլ այդպես էլ չբացահայտվեցին: Դատական գործընթացն այսօր էլ շարունակվում է, Ազգային անվտանգության աշխատակիցներ են ձերբակալել, այդ թվում՝ Տրապիզոնի հետախուզական վարչության նախկին պետը՝ Դինքի նախապատրաստված սպանությունը չկանխելու մեղադրանքով»:

Պատմաբանը նշեց, որ միջազգային հանրությունը նույնպես հետաքրքրված է այդ գործընթացով. «Թաղման արարողությանը հազարավոր մարդիկ մասնակցեցին՝ ցույց տալով, որ ազատության մարտիկի նպատակի իրականացումը միջազգային հանրության խնդիրն է: Ֆիզիկապես Դինքին ոչնչացնելով՝ հնարավոր չէ նրա կատարած գործը սպանել»:

Մինասյանն անդրադարձավ նաեւ Դինքի սպանության հնարավոր պատճառներին. «Նա թուրքահայերի ճակատագիրն ու խնդիրներն էր ներկայացնում: Իրական պատճառները պետք է փնտրել նրա համարձակ ելույթներում, որտեղ նա դատապարտում էր Թուրքիայում ազատ խոսքի սահմանափակումը, ժողովուրդների միջեւ փոխըմբռնման բացակայությունը եւ պատմական ճշմարտությունը ժողովրդից թաքցնելու փաստը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031