Այսօր «Փաստարկ» ակումբում ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը խոսեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից, որը լայն հնարավորություններ է բացում Հայաստանի համար:
Մեր հարցին՝ այդ հնարավորություններից ինչքանո՞վ կհաջողվի օգտվել եւ հայտարարություններից բացի արդյունք ունենալ, որովհետեւ ԵՄ Ասոցացման համաձայնագիրն էլ էր հնարավորություններ բացում ՀՀ-ի առաջ, բայց վերջին պահին ՀՀ-ն հետ կանգնեց այդ քայլից՝ Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Իսկապես հնարավորությունների իրացումը բազմաթիվ պայմաններից է կախված: Արդեն իսկ ստեղծված ծրագրերը թույլ են տալիս ասել, որ դրանք բավականին մեծ կլինեն: Քառակողմ համաձայնագիրը, որը պետք է ապահովի էլեկտրաէներգետիկայի տեղափոխումն Իրանից ՌԴ եւ հակառակ ուղղությամբ` ֆինանսավորված եւ արդեն գոյություն ունեցող ծրագիր է: Հյուսիս-Հարավ մայրուղին է հաջորդը, որը եւս գործում է չափազանց մեծ հնարավորություններ է տալիս Իրանի տնտեսության զարգացման նոր իրողությունների պայմաններում եւ կարող է ապահովել կապող օղակ սեւծովյան նավահանգիստների եւ Իրանի միջեւ: Դրանք արդեն գործող ծրագրեր են եւ դրանց ավարտը սարերի հետեւում չի: Հաջորդը նոր ՋԷԿ-ի ստեղծումն է Երեւանի ՋԷԿ-ի տարածքում որը թույլ կտա էլեկտրաէներգիայի մատակարարումն ապահովել Իրանին՝ դրա դիմաց ստանալով գազը»:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին՝ Գագիկ Մինասյանն ասաց. «Այն անհեռատես քաղաքականությունը, որն իրականացնում է ԵՄ-ն Արեւելյան գործընկերության առումով, տվեց իր բացասական պտուղները: Հիմա իրենք հասկանում են, որ որեւէ տեղ չտանող կամ-կամ-ի մոտեցումը միայն խնդիրներ է առաջացնում արեւելյան գործընկերության եւ ԵՄ-ի համար: Իսկ մեր կողմից առաջարկված եւ-եւ-ի մոտեցումն իր դրական մոտեցումն է սկսում տալ: Հիմա ինչ անում է ԵՄ-ն, եթե աներ 3 տարի առաջ՝ բոլորի համար ավելի լավ կլիներ»:
Գագիկ Մինասյանը նշեց, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը բյուջեի հետ կապված լուրջ խնդրի առջեւ են կանգնել: Լրագրողների դիտարկմանը, որ ՀՀ-ում էլ բյուջեի հետ կապված լարվածություն կա, մենք էլ նման խնդրի առաջ չե՞նք կանգնելու՝ Գագիկ Մինասյանը բացառեց դա. «Մեր այսօրվա բյուջեի իրականացման համար ունենք բավականին մեծ ռեսուրսներ»:
Կարդացեք նաև
Լրագրողները ճշտեցին՝ ի՞նչ նկատի ունեք «մեծ ռեսուրսներ» ասելով: Պատգամավորը պատասխանեց. «Ներքին ռեսուրսներ: Իրական ռեսուրսները դրանք ներքին ռեսուրսներն են: Մենք ունենք դեռ լրիվ չիրականացված ներքին ռեսուրսներ: Դրանք մի քանիսն են՝ հատկապես մեր պայքարը՝ տնտեսական մրցակցության ավելի բարձր մակարդակի հասնելու համար, մեր պայքարը կոռուպցիայի դեմ: Կարծում եմ, կան մեծ հնարավորություններ, որոնք այսօր մենք դեռ չենք իրացրել»:
Մեր հարցին՝ Դուք իսկապե՞ս կարծում եք, որ կա պայքար կոռուպցիայի դեմ՝ նա վստահ պատասխանեց. «Այո»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իրենց դեմ պայքարում նրանք միշտ պարտվում են, որի համար երկրում կոռուպցիան ու հովանավորչությունը աճում են առաջանցիկ ձևով: Իրենց ասածներին նույնիսկ իրենք չեն հավատում…