Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆի հետ
-Արտադրողները վարչապետին հորդորել են Ռուսաստանի հետ ի վերջո համաձայնության գալ ռուսական գազը ռուբլով Հայաստանին վաճառելու, ինչպես նաեւ գազի գինը նվազեցնելու մասին: Դա ի՞նչ ազդեցություն կունենա մեր արտահանվող ապրանքների գնի վրա, հնարավոր կլինի՞ գոնե այդ կերպ քիչ թե շատ մրցունակություն ապահովել մեր արտադրողների համար ռուսական շուկայում:
-ԵԱՏՄ պայմանագրի 64-րդ հոդվածից փաստացի բխում է, որ հստակ քայլեր պետք է ձեռնարկվեն տնտեսական համագործակցության երկրների միջեւ նաեւ գնվող գազի հաշվարկն ազգային արժույթով կատարելու համար: Այսինքն` պայմանագիրը դա պահանջում է: Պարզապես հարկավոր է ճիշտ օգտագործել պայմանագրի դրույթները:
Կարդացեք նաև
Պայմանագրի 4-րդ հոդվածը հստակեցնում է, որ ԵԱՏՄ ձեւավորելու նպատակը անդամ երկրների միջեւ կոոպերացիան է, այդ երկրների ինտեգրացիան եւ ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումն է:
Ուստի ռուսական կողմը պետք է նպաստի հայկական արտադրանքի համար ԵԱՏՄ շուկայում մրցակցային պայմաններ ապահովելուն, ինչը հնարավոր է ոչ միայն ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող ապրանքները ռուսական արժույթով վաճառելով, այլեւ հարկ եղած դեպքում գազն ավելի մատչելի գնով Հայաստանին վաճառելով, այնպիսի գնով, որը էապես մոտ կլինի գազի ներռուսաստանյան գներին:
Իհարկե, հայկական կողմին շատ ձեռնտու է, որ գազի առեւտրային հաշվարկը կատարվի ռուսական ռուբլով, այլ ոչ թե դոլարով, ինչպես հիմա է:
Դա ձեռնտու է նաեւ Ռուսաստանին հետեւյալ առումով՝ տարբեր տարադրամներով առեւտուր անելիս կոնվերտացիայի խնդիրներ են առաջանում ե՛ւ իրենց, ե՛ւ մեզ համար: Մենք 1,5 միլիարդ տրանսֆերտ ենք ստանում ռուսական ռուբլով, իսկ գազի համար վճարում ենք մոտ 400 միլիոն դոլար: Եթե կարողանանք այդ հաշվարկներն անել ռուսական ռուբլով, ապա կրկնակի կոնվերտացիայի կարիք չի լինի:
Բացի դրանից, ապահովված կլինենք փոխարժեքային տատանումներից, ինչը Հայաստանում էներգակիրների գների բարձրացման պատճառ է դառնում: Հետեւաբար էներգակիրների գների արդյունավետ կարգավորման դեպքում ապրանքների գների վրա դրանց ազդեցությունը մրցունակության տեսանկյունից կլինի ակնհայտ դրական:
Նույնը վերաբերում է գազի գնի իջեցմանը: Եթե այն էժանանա, կէժանանա նաեւ էլեկտրաէներգիան, ընդհանրապես էներգակիրները, բնականաբար տեղական արտադրության ապրանքը էներգակիրների բարձր գնի պատճառով չի թանկանա:
Բայց ապրանքների գնագոյացումը միայն էներգակիրների արժեքով պայմանավորված չէ, եւ եթե էներգակիրներն էժանանան, դա դեռ չի նշանակում, թե ապրանքերի գները նույնպես համարժեք ձեւով կիջնեն: Գնագոյացման վրա համալիր գործոններ են ազդում:
Արտահանումը զարգացնելու համար պետք է համակարգված ձեւով համապատասխան փոփոխություններ արվեն ոչ միայն դրամավարկային, այլեւ հարկաբյուջետային քաղաքականության մեջ, լուծվեն արտահանողների ապրանքի վարկավորման, ապահովագրության հարցերը, շուկայի խիստ վերահսկողության եւ կարգավորման հարցերը:
Անհրաժեշտ է համապատասխան մեխանիզմեր մշակել եւ ներդնել` տնտեսավարողներին հնարավորինս աջակցելու եւ նրանց բիզնեսի զարգացման համար: Ի վերջո նաեւ պետք է վերջնականապես հնարավորինս նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, որոնք սուբյեկտիվ բացասական ազդեցություն են ունենում արտահանման շուկայի վրա:
Միայն համակարգված համալիր մոտեցումը մեր երկրի արտահանման վրա դրական ազդեցություն կունենա: Եթե խնդիրները դիտարկվեն իրարից տարանջատված, ապա դրանց լուծումն արդյունավետ չի լինի:
-Վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանություններն արդեն դիմել են ՌԴ իշխանություններին` մեզ համար գազի գինը հնարավորինս նվազեցնելու խնդրանքով, եւ դրական պատասխան են ակնկալում: Որքանո՞վ եք հավանական համարում ռուսական կողմի բարյացակամ վերաբերմունքն այդ հարցում, հնարավո՞ր է, որ Ռուսաստանը նման քայլի գնա:
-Այն, որ ՌԴ իշխանություններն իրենց տնտեսական գործընկերոջ համար կգնան նման զիջումների, շատ հավանական եմ համարում: Դա, ինչպես ասացի, ԵԱՏՄ պայմանագրի դրույթներից է բխում, ինչպես նաեւ միության անդամ երկրների միջեւ մրցակցային հավասար պայմանների ապահովումը, ինչը հնարավոր է ռուսական գազը Ռուսաստանում գործող գնին մոտ արժեքով այդ երկրներին վաճառելու միջոցով:
Իսկ ԵԱՏՄ պայմանագիրը, ի դեպ, ավելի բարձր է, քան ազգային օրենսդրությունը: Երկրների ինտեգրումը միայն հավասար պայմանների ապահովմամբ է հնարավոր: Ես, համենայն դեպս, լավատեսորեն եմ տրամադրված այդ հարցում, եւ կարծում եմ, որ մոտակա ժամանակահատվածում էներգակիրների հարցում կձեւավորվեն ինտեգրման համար նպաստավոր պայմաններ:
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում