Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Ո՞վ ասաց, թե օմբուդսմենը պետք է քննադատությունից զերծ լինի». «Հայոց աշխարհ»

Հունվար 19,2016 12:34

«ՀԱ»  հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ

  -Այս օրերին նորից ակտիվացել են խոսակցությունները կառավարության կազմում սպասվող փոփոխությունների, ընդհուպ՝ կոալիցիոն կառավարության ձեւավորման կամ առնվազն ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին նախարարական պորտֆելներ տալու մասին։ Հանրապետականը իսկապե՞ս քննարկում է այդ հարցը։

-Որեւիցե կոալիցիա ինքնանպատակ չի կարող լինել։ Մինչեւ խորհրդարանական ընտրություններ մոտ մեկ տարի է մնացել, եւ ՀՀԿ-ն խորհրդարանում ունի ավելի քան բավարար թվով պատգամավորներ օրենքներ անցկացնելու եւ կառավարության քաղաքական հենարանի իր գործառույթն իրականացնելու համար։ Անգամ այդ պարագայում նորմալ եմ համարում կոալիցիայի ձեւավորմանը՝ նույնիսկ ընտրություններից առաջ, եթե դրանում համատեղվելու են իրավունքը եւ պատասխանատվությունը։ Սա՝ մեկ։

Երկրորդ, եւ ամենակարեւորը՝ կոալիցիայի ձեւավորումը պետք է բերի կառավարության գործունեության արդյունավետացմանը եւ որակապես նոր իշխանության ձեւավորմանը։ Եթե կոալիցիան միտված է գլոբալ փոփոխությունների, որոնք փոխելու են քաղաքացու կյանքը, ապա ես պաշտպանում եմ նման կոալիցիայի գաղափարը, իսկ եթե դրանով ընդամենը այս կամ այն կուսակցությանը նախարարական պորտֆելներ տալու հարց է լուծվում, ես դրա կողմնակիցը չեմ։

Ընդհանրապես անընդունելի է, երբ քաղաքական ուժը կառավարության, իշխանության մաս է կազմում, հետագայում դուրս գալով կոալիցիայից՝ սկսում է քննադատել իշխանություններին այն գործողությունների եւ այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում ինքը եղել է իշխանության մեջ։ Սրանք քաղաքական հնարքներ են՝ անպատասխանատվության ցցուն դրսեւորում, որին վերջիվերջո ժողովուրդը պետք է գնահատական տա։

Ինչքան էլ հանրությունը քննադատում է մեզ, այդ առումով, կարծում եմ, մենք բավական շահեկան վիճակում ենք։

Մենք չենք խուսափել պատասխանատվությունից՝ բացասական զարգացումների ամբողջ բեռը միշտ ընկել է Հանրապետականի վրա, եւ ՀՀԿ-ն լուռումունջ տարել է այդ պատասխանատվությունը։ Այդ բեռը միշտ մնացել է մեր ուսերին, բայց մեր գործընկերները դրանից չեն շահել։

   -Ըստ ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված Կարեն Անդրիասյանի անակնկալ հրաժարականը՝ ճի՞շտ է, որ օմբուդսմենը Հանրապետականի կամ իշխանության «մի մասի» ճնշման տակ է վայր դրել իր լիազորությունները։

-Ի՞նչ է նշանակում՝ Հանրապետականի ճնշման տակ է հրաժարական տվել։ Ենթադրենք՝ Հանրապետականից մեկը, երկուսը, երեքը քննադատել են Մարդու իրավունքների պաշտպանին, միգուցե կոշտ, անձնավորված, բայց ինքը բազմապատիկ խիստ տոնայնությամբ արձագանքել է այդ քննադատությանը։

Եվ հետո՝ ո՞վ ասաց, թե օմբուդսմենը պետք է քննադատությունից զերծ լինի։ Իմ կարծիքը հետեւյալն է. Մարդու իրավունքների պաշտպանը երբեւիցե իրավունք չունի հրաժարական տալ. որեւէ երկրում, այդ թվում՝ Հայաստանում, օմբուդսմենի ճանապարհը սփռված չէ վարդերով։ Այդպես չի լինում՝ պաշտպանի գործիքակազմը իր հանրային հեղինակությունն է, հասարակության վստահությունը, եւ ինձ համար անհասկանալի է, երբ օմբուդսմենը ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե, ցավոք սրտի՝ ես այստեղ չունեմ քաղաքական հենարան, չունեմ համախոհներ, լրատվամիջոցներ, որոնք կպաշտպանեն ինձ։

ԱԺ-ը ձեզ ընտրել է, եւ շատ վատ է, որ այսքան տարվա պաշտոնավարումից հետո չունեք աջակիցներ Ազգային ժողովում. եթե փոքր խնդիրներից ընկրկելու էիք, ինչո՞ւ մտաք այդ դաշտ։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031