Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հարավային Կովկասում Իրանի հարաբերությունները միայն Ադրբեջանի հետ են բարելավվում»

Հունվար 19,2016 12:18

«Պատժամիջոցների վերացումն Իրանին կբերի որոշակի մակրոտնտեսական կայունություն, որովհետեւ կվերադառնա միջազգային բանկային համակարգ, ֆինանսական համակարգ»,- այս մասին «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սևակ Սարուխանյանը:

Նա նշեց, որ Իրանի միջազգային պահուստները, որոնք գնահատվում են մոտավորապես 90 միլիարդ դոլար, միջուկային ծրագրի պատճառով սառեցվել էին. «Այժմ դրանք կապասառեցվեն: Սակայն այս 90 միլիարդից մոտավորապես 55 միլիարդն ուղղվելու է Իրանի կողմից վերջին տարին վերցրած վարկերի մարմանը: Ճիշտ չէ ասել, որ այդ 90 միլիարդը կգա տնտեսություն»:

Սեւակ Սարուխանյանը կանխատեսում է, որ մոտակա ժամանակներս Իրանը լուրջ տնտեսական ծրագրեր չի իրականացնի, քանի որ երկրում նախընտրական շրջան է սկսվում. «Մեկ ամսից քիչ ավելի ժամանակ անց լինելու են խորհրդարանական ընտրություններ, մեկ տարի 3 ամիս հետո լինեն նախագահական ընտրություններ: Իրանում ոչ ոք թույլ չի տա գործող իշխանությանն այդ միջոցները ծախսել սեփական հանրային աջակցությունն ավելացնելու համար»:

Պատժամիջոցներից հետո, ամենայն հավանականությամբ, Իրանի քաղաքականությունն այս տարածաշրջանում կակտիվանա: «Իրանն առանց այդ էլ առանցքային դերակատարում ունի Սիրիայում եւ Իրաքում ընթացող գործընթացներում, մասնավորապես՝ մի դեպքում «Իսլամական պետության» դեմ պայքարում, որին գումարվել է նաեւ իրաքյան քրդերի դեմ պայքարը, մյուս կողմից՝ Սիրիայում ներգրաված է Ասադի իշխանության պահպանմանը: Այս քաղաքականությունն էլ ավելի կակտիվանա, քանի որ նախկինում նրանք վախենում էին, որ դա կարող է վնասել պատժամիջոցների վերացմանը: Հիմա դրա խնդիրը չկա»,- ասաց Սեւակ Սարուխանյանը:

Փորձագետը կարծում է, որ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններում միայն Ադրբեջանի հետ է, որ Իրանն առաջընթաց է ունեցել: «Վերջին մեկ եւ կես տարիների ընթացքում Իրան-Ադրբեջան հարաբերությունները որակական փոփոխություններ են կրել: Տարաձայնությունները բավականին սահմանափակվել են: Ադրբեջանն ավելի է հեռանում Արեւմուտքից: Դա Իրանի համար դրական է»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031