Լրահոս
Օրվա լրահոսը

«Կկառուցվի Մեղրու ՀԷԿ-ը». իրանագետ

Հունվար 19,2016 12:04

Իրանագետ Գոհար Իսկանդարյանի գնահատմամբ, Իրանի նկատմամբ միջուկային ծրագրի շրջանակներում ավելի քան քսան տարի կիրառվող պատժամիջոցներն առաջիկա օրերին ամբողջությամբ կհանվեն, ինչի արդյունքում Իրանի տնտեսությունը նոր շունչ կստանա:

«Միջուկային թափանցիկ ծրագրի շրջանակներում իրականացվող՝ տարիներ շարունակ տեւող բանակցություններն անցած տարեվերջին տվեցին իրենց արդյունքը, երբ Վիեննայում եկան համաձայնության: Նկատվեց, որ Իրանը բռնում է այն ձեռքը, որը մեկնում է Արեւմուտքը: Իսկ Արեւմուտքն ուներ իր պահանջները՝ Իրանի միջուկային ծրագիրը թափանցիկ լինի: Հստակ լինի, որ Իրանի ատոմն ուղղված է խաղաղ նպատակներով: Իսկ Իրանն ուներ մի պահանջ, որ Համաշխարհային հանրությունը հաստատի, որ Իրանը իրավունք ունի «խաղաղ ատոմ» ծրագրի շրջանակներում հարստացնել ուրան: Ի վերջո` Վիեննայում անցած տարի եկան համաձայնության այս հարցում: Կատարված ստուգատեսներն էլ հաստատել են, որ Իրանը հետեւել է Վիեննայում իրականացրած բանակցությունների բոլոր կետերին»,- ասաց իրանագետը:

Ըստ նրա, պատժամիջոցներից ազատվելուց հետո, Իրանը հնարավորություն կունենա մտնել տարածաշրջանի զարգացման բուն խնդիրների իրականացման փուլ. «Իրանը հնարավորություն կստանա նավթի ու գազի առեւտրով զբաղվել, գորգերի վաճառքով, պիստակի, ձկնկիթի վաճառքով: Չորս հարյուր քաղաքացիների անուններ դուրս հանվեցին սեւ ցուցակից, որոնք չէին կարող առեւտրական գործունեություն իրականացնել, զրկված էին ազատ տեղաշարժից: Իրանին թույլ տրվեց նաեւ մարդատար ինքնաթիռներ գնել»:

Գոհար Իսկանդարյանի խոսքով, պատժամիջոցներից ազատվելուց հետո Իրանը կօգտագործի հավելյալ գումարներ՝ կյանքի կոչելու բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսված էին, բայց սառեցված ֆինանսական խնդիրների պատճառով. «Վերջնականապես կկառուցվի Մեղրու ՀԷԿ-ը, ինչը ֆինանսական խնդիրների պատճառով չէր իրականանում, շինարարությունը դանդաղում էր: Այս պահին կարող ենք այս ծրագիրը ավարտված համարել: Կան այլ ծրագրեր եւս, որոնք կյանքի կկոչվեն: Բայց միաժամանակ ամեն ինչ վարդագույն գույներով չեմ ցանկանում ներկայացնել: Եվրոպական երկրներն ու հայտնի բիզնես կենտրոնները հերթ են կանգնել, որ Իրանի հետ նոր պայմանագրեր կնքեն, նրանք գալիս են իրենց լուրջ ֆինանսական ծրագրերով: Հայաստանը չունի այդ ֆինանսները, որ կարողանա ներդրումներ անել ու համագործակցել»:

Նա նկատեց, որ Իրանը մինչ այս խրախուսել է սեփական արտադրողին ու այդքան էլ ներմուծմանը հակված չէ. «Դրսի ապրանքները շատ դժվարությամբ են Իրան մտնում: Գուցե Իրանը վերանայի իր այդ քաղաքականությունը, ու Հայաստանի համար իրանական շուկա մտնելը հաջողվի»:

Հարցին Իրան- ՀՀ հարաբերությունների սերտացումն ու համագործակցությունը կառաջացնի՞ ՌԴ դժգոհությունը, իրանագետը բացասական պատասխան տվեց. «Իրանն ու ՌԴ-ն համագործակցում են, հատկապես Սիրիայի հարցում ձեւավորվեց նույնիսկ դաշինք: Վիեննայի բանակցություններում լուրջ ներդրում է ունեցել ՌԴ-ն՝ ամեն ինչ անելով, որ Իրանը դուրս գա այս իրավիճակից ու չի կարող ՌԴ դժգոհությանը հանգեցնել Իրան-ՀՀ համագործակցությունը: Այս հարցում խնդիր չեմ տեսնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031