Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսաստանի տնտեսության յուրաքանչյուր 1 տոկոս անկումը Հայաստանի տնտեսական աճի տեմպը նվազեցնում է 0,6 տոկոսային կետով. «168 ժամ»

Հունվար 19,2016 11:52

Ըստ ՀԲ մասնագետների՝ Ռուսաստանի տնտեսության յուրաքանչյուր 1 տոկոս անկումը Հայաստանի տնտեսական աճի տեմպը նվազեցնում է 0,6 տոկոսային կետով։ Կոնկրետ օրինակով խոսենք. եթե 2015 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կազմեց 3%, իսկ Ռուսաստանում գրանցվեց 3%-անոց անկում, ապա կարող ենք ասել, որ դա մեր տնտեսական աճը նվազեցրել է 1,8 տոկոսային կետով։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը գոնե զրոյական աճով փակեր տարին, ապա մեր տնտեսությունը 3%-ի փոխարեն՝ կաճեր 4,8%-ով։

Սա չափազանց վատ է, քանի որ վկայում է մեկ երկրից մեր տնտեսական շատ խորը կախվածության մասին։

Ու այս տեսանկյունից նայելու դեպքում՝ խնդիրն այն չէ, որ ՌԴ-ի տնտեսական վիճակը վատանում է, տրանսֆերտներն էլ՝ նվազում։ Տրանսֆերտների նվազումը խնդիրների այսբերգի երևացող մասն է միայն։ Չմոռանանք, որ 2000-ականներին մենք բողոքում էինք տրանսֆերտների շեշտակի աճից, որի պատճառով դրամն արժևորվում էր և վնասում տեղի արտադրողներին։ Այսինքն՝ մեր տնտեսության համար և՛ տրանսֆերտների աճն է վնաս, և՛ նվազումը։ Մեր տնտեսությունն այս առումով նման է թմրամոլի, որին թմրանյութի կոնկրետ չափաբաժին է պետք։ Անհրաժեշտ քանակից քիչ լինելու դեպքում տնտեսությունն ընկնում է ցնցումների մեջ (ինչպես վերջին 1 տարում), շատ լինելու դեպքում առաջանում է «передозировка»-ի վտանգ (ինչպես 2000-ականներին):

Ու ՀՀ իշխանությունները, կառավարությունները, թեպետ տարիներ շարունակ խոսում են այս կախվածությունը վերացնելու անհրաժեշտության մասին, սակայն գործնականում տեղի է ունենում հակառակը՝ կախվածությունն ավելի է խորանում, իսկ կառավարություններն իրենց գործողությունները բխեցնում են «թմրանյութի» քանակի դինամիկայից։

Ինչո՞ւ չեն թուլացնում այդ կախվածությունը՝ չե՞ն ցանկանում։ Ցանկանում են, սակայն չեն կարող։ Տնտեսական առումով կախվածությունն ամբողջությամբ վերացնել, իհարկե, հնարավոր չէ, և դրա կարիքն էլ չկա։ Սակայն թուլացնել և դուրս գալ վտանգավոր գոտուց հնարավոր է։ Դրա համար պետք է առավելագույնս օգտագործել տնտեսական աճի և զարգացման հնարավոր ներքին ռեսուրսները և Սփյուռքի հնարավորությունները։ Այդ պոտենցիալն ամբողջությամբ օգտագործել հնարավոր է, եթե բնակչությունը վստահություն ունի պետական համակարգի նկատմամբ։ Իսկ վստահության առանց այն էլ չնչին պաշարը գրեթե զրոյացել է նախորդ տարեվերջի սահմանադրական հանրաքվեից հետո։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031