Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզուն մտքի հայելին է

Հունվար 19,2016 10:10

Դուք նկատե՞լ եք, որ այն մարդիկ, որոնք հանդես են գալիս ծայրահեղ ազգայնական դիրքերից, սովորաբար համացանցում գրում են տրանսլիտով: Հավանաբար, գտնում են, որ լատինական տառերով իրենց խարազանումները եւ վիրտուալ հարվածները՝ ուղղված azgi davajanner-ին, ավելի շեշտակի ու մահացու կդառնան:

Մեկ այլ օրինակ բերեմ՝ երդվյալ պուտինիստները՝ անկախ նրանից, թե որտեղ են ապրում, երբ համացանցում որոշում են պաշտպանել իրենց կուռքին, ապացուցում են, որ աղոտ պատկերացումներ ունեն ռուսաց լեզվի ուղղագրության, հոլովների ու դերբայական կառուցվածքների մասին՝ նույնիսկ այն դեպքում, երբ ռուսերենը նրանց մայրենի լեզուն է:

Հետաքրքիր է, չէ՞, նրանք, ովքեր աշխարհի փրկությունը տեսնում են ռուսական կայսրության վերականգնման եւ «ծավալման» մեջ, գրում են այնպես, ինչպես որ, օրինակ, ես կգրեի անգլերեն: Այդ կայսերապաշտների ռուսերենն ինձ հիշեցնում է ոչ թե Պուշկինին կամ Տոլստոյին, այլ կիսագրագետ ու կերած-խմած չինովնիկների կուշտ դեմքերը:
Թվում է, թե՝ էլ ի՞նչը կարող է ազգը համախմբել ու զորացնել, եթե ոչ՝ լեզուն: Հայերի դավանաբանական գերապատվությունները, ցավոք, տարբեր են (Հայաստանում հիմնականում ապրում են քրիստոնյա ձեւացող աթեիստներ), մենք տարբեր քաղաքական հայացքներ ունենք, ապրում ենք տարբեր սոցիալական եւ քաղաքական միջավայրերում, միակ բանը, որը կարող է մեզ համար ընդհանուր լինել, լեզուն է: Որովհետեւ azgi davajanner-ի մասին էլ մեր պատկերացումները խիստ տարբեր են: Մյուս կողմից՝ թվում է, թե ռուսասերները պետք է սիրեն նախեւառաջ ռուսաց լեզուն եւ ռուսական մշակույթը, բայց արի ու տես՝ նրանք ամենաշատը սիրում են ռուսաց թագավորին եւ նրա հավակնությունները:

Բայց հակասություն այստեղ իրականում չկա: Եթե դու ինչ-որ մի բան իսկապես սիրում ես, գնահատում ես եւ զգում ես, որ դա մի բան է, որի մեջ պետք է անընդհատ խորանալ, դու չես կարող գոնե հեռվից հեռու հարգանք չունենալ այն երեւույթների նկատմամբ, որոնք քեզանից հեռու են եւ հաճախ՝ ոչ այնքան հասկանալի: Եվ հակառակը` երբ դու խորապես չգիտես քոնը, հարազատը, դու ղեկավարվում ես դրա մասին աղավաղված պատկերացումներով եւ սկսում ես այն իբր պաշտպանել «արտաքին թշնամիներից»: Երբ մարդը հստակ պատկերացում չունի ազգային շահերից եւ արժեքներից, նա սկսում է եռանդուն ձեւով պաշտպանել կեղծ արժեքները «ոտնձգություններից»:

Ոմանց գուցե թվում է, որ մայրենի կամ որեւէ այլ լեզվով մտքերը գրագետ եւ տրամաբանված շարադրելը ինչ-որ երկրորդական հարց է: Բայց ինձ համար դա ցուցիչ է: Որովհետեւ մարդու խոսելու կամ գրելու ունակություններն, ի վերջո, նրա մտածողության արտացոլումն են: Իսկ այսօր Ռուսաստանում եւ Հայաստանում ոչ թե փողի կամ ուտելիքի պակաս կա` դրանք հետեւանքներ են: Ամենակարեւոր բանը, որը պակասում է` մտածող մարդիկ են: Իսկ մտածել նշանակում է ազատվել աղբից: Այդ թվում` լեզվական:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Ամենակարեւոր բանը, որը պակասում է` մտածող մարդիկ են: Իսկ մտածել նշանակում է ազատվել աղբից: Այդ թվում` լեզվական:»
    Ճշմարտություն է:

  2. Սիմակ says:

    Ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, բայց ինչպես վարվենք մեր բազմաթիվ բարբառներով խոսող հայենակիցների հետ: Լեզվի անաղարտությունը նույնպես ծանր խնդիր է գրավոր գրվածքմներում:: Ցավոտ հարց եք շոշափում:

    • Տիգրան says:

      Ես սովորաբեր խոսում եմ Երեւանի բարբառով, թեպետ Երեւանի խոսվածքը շատերը բարբառ չեն համարում: Բա ուրիշ ինչպե՞ս խոսեմ, եթե ծնվել ու մեծացել եմ Երեւանում: Կատարելապես գիտեմ նաեւ ծնողներիս բարբառները եւ մեծ բավականություն եմ ստանում, երբ առիթ եմ ունենում խոսելու Լոռվա եւ Գյումրվա բարբառներով: Տգեղը ոչ թե բարբառով խոսելն է, այլ գռեհիկ, ժարգոնային ձեւերով խոսելը: Ուզում ես ասել, որ Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» ֆիլմում Գագիկի Գյումրվա լեզեւն տգե՞ղ է, կամ նույնը Սերգեյ Իսրայելյանի «Գիքորում»` Գիքորի՞: Բարբառը գեղեցիկ է, եթե խոսողը գեղեցիկ է խոսում, եւ հակառակը` ամենագրական լեզուն անգամ տգեղ է, եթե խոսողը տգեղ է խոսում` ճիշտ եւ ճիշտ գրավորի նման: Հնարավոր չէ հայերեն գրել ոչ հայերեն տառերով ու դա լինի գեղեցիկ:

    • Ալեքսանդր says:

      Թող գրեն բարբառով, բայց հայերեն: Բարբառը նույնպես հարստություն է: Բացի այդ նրանք նույնպես կարծես հաճախել են հայկական դպրոցը, չէ:՞

  3. Տիգրան says:

    Վերջին ժամանակներս, ցավոք, եզակի են դարձել Ձեր այս կարգի լավ հոդվածները:

  4. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Շնորհակալություն բոլոր մեկնաբանությունների համար: Բարբառներին դեմ չեմ:

  5. Հ.Շ. says:

    Հայերէն լեզուն աղետալի վիճակի մէջ կը գտնուի Սփիւռքի մէջ, նամանաւանդ արեւմտեան աշխարհում: Հոգեվարքի մէջ է: Այդտեղ հայերէն գիտցողը այլեւս չի գիտեր ինչ է անելու անով, ինչ բանի կարող է ծառայել տակաւին այդ մահամերձ լեզուն: Ահա ուրիշ – էական – ցաւ մը, որմէ զերծ են գոնէ Հայաստանի մեր ազգակիցները:

    Լատիներէն տառերով հայերէն գրելը յաճախ ծուլութեան արդիւնք է: Հաւանաբար նաեւ ոմանք այդ ձեւով կ’ուզեն ծածկել ուղղագրական թերութիւններ – ի մասնաւորի անոնց պարագային որոնք դպրոցը սորված պէտք է ըլլային մեսրոպեան ուղղագրութիւն – :

    Բարբառները խնդիր չեն, պայմանաւ որ անձը նաեւ կարենայ խօսիլ տիեզերական հայերէնով (զորս «գրական հայերէն» կը կոչեն կարգ մը շրջաններ…) Այդպէս չէ սակայն կացութիւնը, կարգ մը տեղեր, գոնէ վերեւի սերունդների պարագային: Այդ պարագաներուն ալ սակայն, հայը հայուն հետ կը խօսի աչքերով: Ուր զետեղուած է հոգւոյ հայելին:

  6. Ալեքսանդր says:

    Առավոտի ամենամեծ ձեռքբերումներից մեկը տառադարձության արգելքն է: Գրեք ռուսերեն, անգլերեն կամ նույնիսկ ճապոներեն, բայց գրեք այն լեզվի տառերով, որով գրում եք:Ես խիստ դեմ եմ գրաքննությանը, բայց դեմ չեմ լինի տառադարձության գրաքննությանը: Ինչ վերաբերում է տառադարձ բառերին, ապա կարգելեի հայերենը այլատառ գրելը, օրենքով տուժ կսահմանեի (հասկանում եմ, որ սա ընդամենը երազանք է) ամեն տառադարձ գրված բառի համար, ասենք գոնե 1 դրամ: Որպես բողոք, չեմ կարդում ինձ ուղղված լատինատառ կամ ռուսատառ գրված հայերեն էլմակները և ընդանրապես որևէ բան: Պարզապես ջնջում եմ: Եթե Հայստանի բոլոր կայքերը արգելեն տառադարձությունը, ապա հայ ժողովուրդը երևի կսովորի հայատառ գրել:

  7. Armen says:

    Հարգելի Արամ ,

    Ձեր այստեղ արտասանած ճառը հիանալի էր, նույնիսկ լացս եկավ, հիմա լուրջ . Խնդրում եմ անկեղծ պատասխանեք մի հարցիս.
    Ինչ/որ դպրոցում եք սովորել (հայկական թե ռուսական ) և ինչու

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031