Առաջիկա օրերին Վերաքննիչ դատարանում կքննվի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող` 2 ամսով կալանավորված Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու բողոքը:
Ակտիվիստի փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, մերժման դեպքում եւս մեկ անգամ կդիմեն առաջին ատյանի դատարան՝ խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու պահանջով, ինչից հետո մերժման դեպքում անմիջապես կդիմեն մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Վտանգը ռեալ է, որ Գեւորգի նկատմամբ նոր ահաբեկչություններ կլինեն»:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանն էլ համոզված է, որ Գեւորգի նկատմամբ կատարվող գործողությունները Բաղրամյան 26-ի հրահանգով կազմակերպվող գործողություններ են. «Առանց խանի համաձայնության ճանճ չի կարող A կետից B կետ տեղափոխվել, բայց ակնհայտ է, որ չեն կարող Գեւորգին ստիպել հրաժարվել իր պայքարից: Այն, ինչ տեղի է ունենում ֆիզիկական հաշվեհարդարի, նրա կյանքը դժոխքի վերածելու ու այդ օրինակով այլ երիտասարդներին ահաբեկելու փորձ է»:
Փաստաբանի խոսքով, Գեւորգ Սաֆարյանը մտահոգություն ունի, որ պատժախցում քրեական հեղինակությունները, կռիվ հրահրելով, լուրջ սպառնալիք են ոչ միայն իր առողջությանը, այլեւ կյանքին. «Նախքան անազատության մեջ հայտնվելը, Գեւորգի նկատմամբ մեկուկես տարի տեղական կառավարման մարմինների, քրեական հեղինակությունների կողմից տարբեր ժամանակներում պահանջ է եղել դադարեցնել իր քաղաքական պայքարը, ինչից հետո մահափորձ է տեղի ունեցել, իսկ երբ նույնիսկ մահափորձից հետո Գեւորգը չի դադարեցրել պայքարը, փոխվել է նրա դեմ պայքարի մեթոդները….պետական մարմինները պետք է պարզեն՝ ինչպես եղավ, որ առանձնակի ծանր հանցագործություններ կատարած անձինք, սպանության մեջ մեղադրվող անձը հայտնվեցին Գեւորգի հետ նույն խցում: Վարչակազմը չի ապահովում Գեւորգի անվտանգությունը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ