Լրահոս
Օրվա լրահոսը

Ձմեռային զորակոչ

Հունվար 18,2016 22:02

Հունվարի 18-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում՝ զինկոմիսարիատի մոտ, մարդաշատ էր. սկսվել է 2016 թվականի ձմեռային զորակոչը: Շրջանի տարբեր բնակավայրերից են զորակոչիկները, ովքեր ծնողների, բարեկամների, ընկերների ուղեկցությամբ տեղ էին հասել և ներկայացել զինկոմիսարիատ:

Շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը տեղեկացրեց, որ բոլորն էլ բժշկական հանձնաժողովի կողմից զննվել են, առողջական խնդիրներ չունեն և պատրաստ են՝ իրենց պարտքը կատարել հայրենիքի հանդեպ: Նախօրոք աշխատել են տղաների հետ, դպրոցներից ունեն նրանց մասին բնութագիր, որոնք լրացված են հատուկ տետրում: Կարևորեց նաև այն, որ համայնքների ղեկավարներն օժանդակում են զորակոչը ժամանակին իրականացնելուն:

Զորակոչի բաժնում զինկոմի տեղակալ, կապիտան Կամո Ալավերդյանը վերջնական տեսքի էր բերում զորակոչիկների փաստաթղթերը, զրուցում նրանց հետ, ճշտում՝ արդյոք որևէ խնդիրներ չունեն: Արդեն կա որոշում, որ զորակոչիկների ծնողները նույնպես պատասխանում են մի քանի հարցերի՝ կապված որդու՝ հայոց բանակ ուղարկելու հետ: Բոլոր ծնողներն էլ հաստատեցին, որ բարձր տրամադրությամբ են ուղարկում իրենց զավակներին հայրենիքը պաշտպանելու: Բոլորն էլ մաղթեցին, որ խաղաղություն լինի, տղաները տուն գան ողջ ու ավելի առնականացած: Հաստատեցին, որ չեն ընդունում այն փաստը, որ կան դասալիքներ, ինչ վերաբերում է իրենց զավակի ապագա հրամանատարին՝ կարևորեցին, որ նա լինի հայոց բանակին արժանի սպա: Հակ գյուղից է Հայկ Մաղաքի Մանուկյանը, ում հայրը վախճանվել է 2008 թվականին: Կ. Ալավերդյանը տեղեկացրեց, որ նա կծառայի իրենց բնակավայրին ամենամոտ զորամասում: Հայկի մայրը՝ Աելիտա Սահակյանը, հավատով է որդուն բանակ ուղարկում, որ նա կծառայի արժանավայել, կդառնա հայրենիքի իսկական պաշտպան:

Սոնասարի գյուղական համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեխյանը բանակ էր ճամփում միակ որդուն՝ Սամսոնին, ով կրում է Արցախյան գոյամարտում մարտիրոսված հորեղբոր անունը: Հայրը ցանկացավ, որ որդին նույնպես նվիրումով ծառայի հայրենիքին և տուն վերադառնա իսկական զինվորի պես: Նշեց նաև, որ բոլոր տղաներին ցանկանում է այն, ինչ՝ իր որդուն: Սամսոնն էլ հաստատեց՝ գնում է բանակ՝ գիտակցելով, որ առաջինը պաշտպանում է իր ծնողներին, տատին, քույրերին:

Վահան Եփրեմյանն ունի 5 երեխա՝ 3 աղջիկ, 2 տղա, որոնցից Արթուրն այսօր մեկնում է բանակ, կրտսեր որդին՝ Վահեն, սովորում է 7-րդ դասարանում: Վահանը նշեց, որ որդուն ուղարկում է բարձր տրամադրությամբ՝ հույսով, որ օրինակ կդառնա Վահեի համար: Նշեց նաև, որ արդեն 20 տարի ապրում են Քաշաթաղի Սոնասար գյուղում, որդիներն էլ այնտեղ են ծնվել: Մոշաթաղ համայնքի Հերիկ գյուղից Տիգրան Բակունցը ծնողների 4 որդիներից ավագն է: Ավարտել է Հենրիկի հիմնական դպրոցը և արդեն զինվորացու է: Աշխույժ ու ուրախ երիտասարդը գտնում է, որ բոլոր հայ տղաների պարտքն է պաշտպանել երկրի անդորրը:   Հովհաննես Հարությունյանը բնակվում է Լեռնահովիտ համայնքում: Երկրորդ որդուն՝ Արթուրին է ուղարկում բանակ: Անդրանիկ որդին՝ Սամվելը, այժմ ծառայում է հանրապետության զորամասերից մեկում: Ցանկություն հայտնեց, որ եղբայրները ծառայեն միասին:

IMG_0168 DSCN0496

DSCN0482

Վարազդատ Հայրապետյանը Բերձորից է, ուսանում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրատեխնիկական ֆակուլտետի երկրորդ կուրսում: Նշեց, որ ինքն ու ընկերները պատվով կկատարեն ծառայությունը և հուսախաբ չեն անի ծնողներին, ընկերներին, հարազատ-բարեկամներին: Վասիլյան Արմենը 2015-ին ավարտել է Վանի միջնակարգ  դպրոցը, ցանկանում է բանակում ծառայել որպես տանկիստ, տրամադրությունը նույնպես բարձր է:

Զորակոչի աշխատանքներին զուգահեռ զինկոմիսարիատի բակում հնչում էր հայոց զուռնան: Անցած տարի Հայոց երկրի սահմանը պաշտպանելիս հերոսաբար մարտիրոսվեցին հայ զինվորներ, որոնց թվում է նաև Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Հակոբ Խաչատրյանը: Եվ այս անգամ, առաջին զորակոչը շրջանում որոշվել է սկսել բարձր տրամադրությամբ, դհոլ-զուռնայով, որ նույն մթնոլորտը թևածի տարիներ շարունակ, այլևս զոհեր չունենանք բանակում: Եկավ հրաժեշտի պահը: Զորակոչիկները շարվեցին զինկոմիսարիատի միջանցքում:

Կապիտան Կ. Ալավերդյանը ևս մեկ անգամ հետաքրքրվեց՝ արդյոք խնդիրներ չունեն: Ապա մաղթեց բարի ճանապարհ և բարի վերադարձ: Զինկոմ, մայոր Ստ. Օհանջանյանը ողջունեց տղաներին, տեղեկացրեց՝ որն է նրանց անելիքն այս 2 տարիների ընթացքում, տվեց խորհուրդներ և մաղթեց բարի ու անվտանգ  ծառայություն՝ հավելելով՝ պետք է պետք է լինեն արի, խիզախ  ու համարձակ: Տղաներին ողջունեց ու բարին մաղթեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը՝ կարևորելով, որ խաղաղ պայմաններում անցնի նրանց ծառայությունը:

Այնուամենայնիվ կարևորեց, որ խիզախությանը զուգահեռ լինեն զգոն, զգույշ, չմոռանան, որ սպասում ենք բոլորի վերադարձին: Զինկոմիսարիատից զորակոչիկները ծնողների, հարազատ-բարեկամների շրջվարչակազմի և զինկոմիսարիատի աշխատակիցների հետ ուղևորվեցին Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցի, մոմեր վառեցին՝ հավատով, որ 2 տարի անց նույն ոգևորությամբ տուն են գալու՝ ուրախացնելու իրենց մայրերին, հայ ժողովրդին:  Լուսանկարվեցին նաև եկեղեցու դիմաց՝ Տիրամոր քանդակի տակ, այնուհետև հրաժեշտ տվեցին իրենց ուղեկցողներին և զինվորականի հրահանգով տեղավորվեցին ավտոբուս ու մեկնեցին Ստեփանակերտ: Հուզված մայրերն իրենց օրհնանքով ճանապարհեցին հայրենիքի արդեն պահապան որդիներին՝ հույսով ու հավատով՝ Տերը զորավիգ է լինելու մեր տղաներին, իսկ նրանք՝ Հայոց երկրին:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031