Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանն ու իշխանությունները ճգնաժամի մեջ են, Սերժ Սարգսյանն ընկել է դժվար կացության մեջ:
Aravot.am-ը պարոն Զուրաբյանին հարցրեց՝ վերջին 10 տարում չկա երեւի մի ասուլիս, հանրահավաքային, հրապարակային ելույթ, որտեղ դա կա՛մ Դուք, կա՛մ Ձեր թիմից որեւէ մեկն ասած չլինի: Միշտ ասում եք, որ` «Սերժ Սարգսյանը խուճապի մեջ է», «բուրգից քարեր են պոկվել, հիմա փուլ է գալու», «ՀՀԿ-ում գզվռտոց է, իրար մեջ իրար ուտում են»: Այս ամենը պարբերաբար ասվել է 10 տարի, բայց ոչ փուլ է եկել ՀՀԿ-ն, ոչ խուճապն է զգացվել, ոչ էլ ճգնաժամը, հանրաքվեն էլ շատ կուռ թիմով անցկացրեցին:
Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ձեր կարծիքով, ճգնաժամը չի՞ կարող երկար տեւել: Հիմա ի՞նչ եք ուզում ասել՝ այդ գզվռտոցը այնքան պիտի ազդեր, որ իրենք չկարողանային մի հատ հանրաքվե՞ կեղծեին: Հիմա ուզում եք, որ ես 10 տարվա ընդդիմության բոլոր հարցազրույցների համար պատասխա՞ն տամ: Ես համարում եմ, որ հիմա Սերժ Սարգսյանը թուլացել է, ամբողջ թիմն է թուլացել: Երկիրը լա՞վ վիճակում է: Դուք համարում եք, որ երկիրը կարող է անվերջ թուլանալ, իսկ իշխանությունը անվերջ ուժեղանա՞: Ես վստահեցնում եմ, որ այդպիսի բան հնարավոր չի: Ինչքան երկիրը թուլանում է, ինչքան նրա պրոբլեմները շատանում են, այնքան ավելի թույլ է եւ թուլանում է նրա իշխանությունը: Հակառակ բան մարդկության պատմության մեջ երբեք չի եղել: Այն, որ կարող է ռեժիմը երկարատեւ ճգնաժամի մեջ լինի, այդտեղ որեւէ կասկած կարող եք չունենալ: Օրինակ, Լեհաստանում ճգնաժամը սկսվեց 78-ին, ավարտվեց 1990-ին: Ճգնաժամը երկար տեւեց: Շատ երկրներ կան, որտեղ կարող է 10 տարի ճգնաժամը տեւի: Կարող է լինեն հեղափոխական մի քանի ալիք, շարժման վայրիվերումներ: Այդ ընթացքում ռեժիմին հաջողվում է մի քիչ կարգավորել, կայունացնել վիճակը եւ խուճապից դուրս գալ: Դա նշանակում է, որ պիտի ասենք՝ խուճապ չկա՞ր: Խուճապ եղել է, եղել է անկայուն վիճակ, արտակարգ միջոցառումներ են արել, տարբեր գործողությունների հետեւանքով կարողացել են կայունացնել վիճակը: Դա եղավ, որ ճգնաժամը պրծա՞վ, խուճապ չի եղել, հա՞: Դինամիկ գործընթաց է: Այս ռեժիմը ամեն մի ցնցումին ունենալու է այսպիսի վիճակ, մի օր կարողանալու է հաղթահարի այդ ցնցումը, մի օր էլ կարող է սկի խուճապի մեջ էլ չհասցնի ընկնի, արդեն կփլուզվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ