Լրահոս
Օրվա լրահոսը

Կադաստրի պետը վրե՞ժ է լուծում ընտրությունների համար

Հունվար 18,2016 19:15

Իջեւանում կան կառույցներ, որոնց հանդեպ սեփականության իրավունքը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Տավուշի մարզային ստորաբաժանումում պետական գրանցում չի ստանում: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, թե սպասելի էր, որ կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար, Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը նման կերպ բնակիչներից վրեժխնդիր կլինի 2011 եւ 2015 թվականներին քաղաքապետի ընտրություններում իր պարտվելու համար: Քաղաքապետի խոսքերով՝ անշարժ գույքի նկատմամբ  իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելով՝ կադաստրը վնաս է հասցվում Իջեւան քաղաքին. հնարավորություն չի ստեղծվում ավարտված կառույցները գործարկելու, գույքահարկ չի վճարվում քաղաքի բյուջե, հարկեր՝ պետական բյուջե, նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, ինչը արտագաղթի խթան է:

Օրինակ, Ռոբերտ Մարկոսյանին պատկանող, Արցախյան փողոցի 51 հասցեում գտնվող անշարժ գույքի հանդեպ  իրավունքի պետական գրանցումը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Տավուշի մարզային ստորաբաժանումը 2015թ. դեկտեմբերի 24-ին կասեցրել է հղում անելով «Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքերին, քանի որ «հողամասը գտնվում է միջպետական մայրուղուց 80 սմ հեռավորության վրա, ուստի նորակառույց շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կառավարության 29.12.2005թ. 2404-Ն որոշման 8-րդ կետով նախատեսված,քաղաքաշինության նախարարի համաձայնությունը»:

Վերոհիշյալ որոշման 8-րդ կետը վերաբերում է միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների մոտ քաղաքաշինական նպատակով հողօգտագործմանը, ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրմանը: Քաղաքապետն ասաց, որ Ռ. Մարկոսյանին պատկանող անշարժ գույքն արդեն կառուցված է, ավարտական ակտը հաստատված է քաղաքաշինության նախարարության կողմից, այդ նախարարության կողմից՝  կնքված, այսինքն՝ քաղաքաշինական բոլոր պահանջները պահպանված են :

«Կադաստրը վաղն էլ կարող է այդ շինության մեջ օգտագործված ցեմենտի որակի եւ ամրալարի ծագման սերտիֆիկատ պահանջի»՝ ասաց Վ. Ղալումյանը:

Նա հայտնեց, որ այդ շինության հողամասի օտարման աճուրդը 2007թ. կատարել է Իջեւանի քաղաքապետարանը: Այդ ժամանակ Իջեւանի քաղաքապետը Վարուժան Ներսիսյանն էր: Վ. Ղալումյանը տարակուսանք հայտնեց, թե այդ հողամասի աճուրդ կատարելու ժամանակ Վ. Ներսիսյանը չի՞ իմացել, որ այն միջպետական ավտոճանապարհից 80 սմ է հեռու: Նա նշեց, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման» մասին ՀՀ օրենքի 37 հոդվածով սահմանված են ավարտված շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները, նշված է, թե ինչ փաստաթղթեր են պահանջվում այդ գրանցումը կատարելու համար, այնտեղ քաղաքաշինության նախարարի համաձայնության մասին նշում չկա:

Զանգահարեցինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանին: Նրան ասացինք, որ Իջեւանի քաղաքապետ Վ. Ղալումյանը կամայականություն է համարում անշարժ գույքի պետական կոմիտեի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Վարուժան Ներսիսյանի կողմից անշարժ գույքի իրավունքի գրանցման որոշ վարույթներ  կասեցնելը: Ա. Մուսայանն ասաց, որ քաղաքապետի կարծիքն իրեն չի հետաքրքրում, իրենք գործում են միայն օրենքների շրջանակներում: Նա  տեղեկացավ, որ հարցը, մասնավորապես, վերաբերում է  Ռ. Մարկոսյանի անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վարույթի 2 անգամ կասեցմանը: Ա. Մուսայանն առաջարկեց հարցը իրեն ուղարկել գրավոր , ինչը եւ մտադիր ենք անել:

Քաղաքապետ Վ. Ղալումյանը հայտնեց, որ ինքը խնդրի վերաբերյալ կարծիք չի հայտնում,այլ հղում է անում օրենքի կետերին, իսկ Աշոտ Մուսայանն էլ լինելով անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ, նախկինում դատավոր աշխատած լինելով, պետք է լավ իմանար օրենքները: Քաղաքապետը նշեց, որ 2011թ. Իջեւանի բնակիչ Զավեն Մարդանյանը վարչական հայց է ներկայացրել ընդդեմ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, պահանջելով պարտավորեցնել գրանցել Իջեւանի Արցախյան 30 հասցեում գտնվող սրճարանային մասով ավտոտեխսպասարկման կետի հանդեպ իր սեփականության իրավունքը: 2011թ. հունիսի 21-ին Երեւանում ՀՀ վարչական դատարանը բավարարել է քաղաքացու հայցը, նշելով. «Կադաստրը հանդիսանում է միայն ծագած իրավունքները գրանցող պետական մարմին եւ չի կարող անձանց համար սահմանել«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով չնախատեսված փաստաթղթեր կամ հիմնավորումներ ներկայացնելու պարտականություններ»:

Վ. Ղալումյանը տարակուսանք հայտնեց, որ անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանումը միջպետական ավտոճանապարհից նույն հեռավորությամբ գտնվող կառույցների հանդեպ սեփականության իրավունքը որոշ դեպքերում գրանցում է , որոշ դեպքերում՝ ոչ: Իջեւանի քաղաքապետարանը գրավոր դիմել է կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանում՝ պարզելու համար, թե պետական գրանցում ստացած կառույցներից քանի՞սի դեպքում է առկա քաղաքաշինության նախարարի համաձայնությունը: Պատասխանը դեռ չի ստացվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Իջևանցի says:

    Ներսիսյանը շարունակում է ձեռքի եկած վատությունն իջևանցիներին անել:
    Բնական հարց է առաջանում, ինչ գործ ունի նրա նման հեղինակազրկված մարդը կադաստրի պետ աշխատի:

  2. Իջևանցի says:

    Ինչա վարուժից լավ բան էիք սպասում

  3. Արմինե says:

    Վարուժն իրան դրել ա քաղաքաշինության նախարարի տեղ: Ընդամենը գրանցող մարմին ես…

  4. Նարեկ says:

    Վարդան Ղալումյանին ասեք, հերիք է ամեն տեսակ կեղծանուններով կայքերում մեկնաբանությունների պատվիրի: ԱՅ Վարդան, եթե իրոք հաղթել ես, գնա հաղթանակդ վայելիր, ոչ թե շարունակիր պայքարել Վարուժան Ներսիսյանի դեմ: Քաղաքաշինության փոխնախարարն էլ Տավուշի նախկին մարզպետն է ու Վարդանի քաղաքական ՊԱՊԱ-ներից մեկը: Հաղթողը չի ջղաձգվում: Վարդանը ջղաձգվում է: Սրանով ամեն ինչ ասված է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031