Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է քննիչին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. գործն ուղարկվել է դատարան

Հունվար 18,2016 19:03

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում ավարտվել է քննիչին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Դեպքն արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով. մեղադրյալը գործը քննող քննիչին իր իսկ աշխատասենյակում առաջարկել է կաշառք՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու դիմաց, ինչի մասին քննիչն անմիջապես զեկուցագիր է ներկայացրել։

Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչի վարույթում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ  քննվող քրեական գործով Արարատի մարզի բնակչին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի), իսկ որպես խափանման միջոց՝ ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով քննություն է տարվել՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

2015թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 17:07-ին, մեղադրյալը զանգահարել է ՀԿԳ քննիչին և, քրեական գործով կարևոր տեղեկություններ հայտնելու պատրվակով, խնդրել ընդունել իրեն: Քննիչը վերջինիս հրավիրել է իր աշխատասենյակ։

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ մեղադրյալը մուտք է գործել Երևան քաղաքի քննչական վարչության վարչական շենք, բարձրացել քննիչի աշխատասենյակ և ցանկություն հայտնել խոսել առանձին։ Աշխատասենյակում մեղադրյալը քննիչին առաջարկել է կաշառք՝ իրեն քրեական պատասխանատվությունից ազատելու դիմաց՝ պատրաստակամություն հայտնելով գումարը տալ նույն պահին։ Քննիչն անմիջապես նրան դուրս է հրավիրել իր աշխատասենյակից և կատարվածի վերաբերյալ ներկայացրել գրավոր զեկուցագիր։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քննիչի զեկուցագրում մատնանշված հանգամանքների ուղղությամբ քննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, հարուցվել առանձին քրեական գործ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով որպես մեղադրյալ ներգրավված Արարատի մարզի բնակչին ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափերով կաշառք առաջարկելը)։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե       

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031