Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Իրանի տեղն ու դերը ժամանակակից միջազգային հարաբերություններում և Հայաստանի առջև բացվող հնարավորությունները

Հունվար 18,2016 17:59

Արմեն Վարդանյան
ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ

2015թ. հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի և «Վեցյակ»-ի միջև կնքված պատմական համաձայնագրի ստորագրումից հետո Իրանի և Արևմուտքի հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ: Թեհրանն սկսեց աստիճանաբար դուրս գալ միջազգային մեկուսացումից:

Եթե նախկինում Իրանի Իսլամական Հանրապետությունը համարվում էր միջազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող պետություն և ԱՄՆ-ը վերջինիս Իրաքի, Հյուսիսային Կորեայի, Լիբիայի և մի քանի այլ երկրների հետ ներառել էր, այսպես կոչված, «չարիքի առանցքի» մաս կազմող պետությունների շարքում, ապա այժմ մերձավորարևելյան այդ պետության հեղինակությունը միջազգային ասպարեզում աստիճանաբար ավելի է մեծանում, և այն այլևս չի համարվում «իզգոյ» երկիր: Պատկերավոր ասած՝ հուլիսի 14-ից հետո ավարտվեց Իրանի դեմոնիզացիայի (հրեշայնացում) դարաշրջանը, և միջազգային ասպարեզում սկսվել է Թեհրանի դիրքերի և հեղինակության բարելավումը:

Մինչև 2013թ. կեսերը Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, Իրանի նկատմամբ կիրառում էր «զսպման քաղաքականություն» (policy of deterrence)՝ ձգտելով նրան ամեն կերպ մեկուսացնել միջազգային հանրությունից, սակայն Հասան Ռոուհանիի՝ նախագահ ընտրվելուց հետո Իրանի նկատմամբ սկսեց իրականացնել «ներգրավման քաղաքականություն» (policy of engagement): Ապամեկուսացնելով Իրանին, նրա տնտեսությունն ինտեգրելով համաշխարհային տնտեսության մեջ՝ միջազգային հանրության համար այդ երկիրն ավելի կանխատեսելի է դառնում:

Պակաս կարևոր չէր նաև այն հանգամանքը, որ Արևմուտքում շատ լավ հասկանում էին Իրանի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում առանցքային նշանակություն ունենալը, և որ առանց այդ երկրի մասնակցության անհնար է տարածաշրջանային մի շարք հակամարտությունների, մասնավորապես, սիրիական խնդրի լուծումը: Պատահական չէ, որ 2015թ. հոկտեմբերի 29-ին Վիեննայում Սիրիայի հարցով տեղի ունեցած բանակցություններին առաջին անգամ մասնակցեց նաև Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը: Մինչ այդ Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի ունեցած առարկությունների հետևանքով իրանական կողմը չէր մասնակցել 2012 և 2014 թթ. Ժնևում տեղի ունեցած նախորդ բանակցություններին:

Իրանը ներկայումս համարվում է տարածաշրջանային տերություն Մերձավոր Արևելքում: Այն համոզմունքն է ձևավորվում, որ մոտ ապագայում այն ավելի կամրապնդի իր դիրքերը ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանում, այլ նաև Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, Աֆղանստանում և այլուր: Եթե նախկինում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները կաշկանդված էին իրենց հարաբերությունները Իրանի հետ խորացնելու հարցում, ապա այժմ՝ հետպատժամիջոցային ժամանակաշրջանում, Իրանը լուրջ քայլեր է ձեռնարկում այդ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Ուժեղ տարածաշրջանային տերություն լինելու համար ներկայումս Իրանն ունի անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, գաղափարախոսական մեծ ռեսուրսներ:

Իրանը իսլամական աշխարհի առաջատար պետություններից է, ինչը քաղաքական մեծ ազդեցություն է ապահովում այդ երկրի համար: Ներկայումս Թեհրանը բավականին մեծ ազդեցություն ունի Իրաքի, Լիբանանի, Բահրեյնի, Եմենի (հանձինս շիա հուսիների) և Քուվեյթի շիաների վրա: Սիրիայում Իրանն աջակցում է շիաների մի ճյուղը համարվող ալավիներին՝ հանձինս Բաշար Ասադի վարչակարգի: Նույնիսկ Սաուդյան Արաբիայում, որը Մերձավոր Արևելքում և իսլամական աշխարհում Իրանի հիմնական գաղափարական, ռազմական, տնտեսական և քաղաքական հակառակորդն է, կա մոտ 4 մլն շիա: Նրանք նույնպես բացահայտ համակրանք են տածում Իրանի և թշնամական վերաբերմունք՝ Սաուդյան Արաբիայի նկատմամբ: Վերոնշյալ երկրների շիաները Իրանի գլխավորությամբ կազմում են «շիիթական աղեղը» կամ «շիիթական կիսալուսինը»:

Ռազմական առումով Իրանը մեծ ներուժ ունի՝ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը: Իրանական բանակի թիվը կազմում է մոտ 500.000 մարդ, որից 350.000-ը բուն իրանական բանակն է, իսկ 125.000-ը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Զինվորների մեծության թվով իրանական բանակն զբաղեցնում է 8-րդ տեղն աշխարհում: Այնտեղ կան նաև «Բասիջ» կիսառազմական ուժերը, որը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներից մեկն է և ենթարկվում է երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիին: Բացի ցամաքային ուժերից Իրանն ունի նաև հզոր ռազմածովային և ռազմաօդային ուժեր: Այդ երկրի սպառազինության մեջ կան մի քանի հարյուր մարտական ինքնաթիռներ, մի քանի սուզանավեր, մի քանի հազար տանկեր, ուղղաթիռներ և այլն:

Տնտեսական առումով Իրանը նույնպես մեծ ներուժ ունեցող երկիր է: Այդ երկիրը, չնայած երկար տարիներ գտնվել է արևմտյան խստագույն պատժամիջոցների ներքո, այնուամենայնիվ, այն ՀՆԱ-ի ծավալով Մերձավոր Արևելքի և, ընդհանրապես, իսլամական աշխարհի ամենախոշոր տնտեսություն ունեցող երկիրն է Թուրքիայից հետո:

Միջազգային արժութային հիմնադրամի գնահատականներով՝ 2015թ. Իրանի ՀՆԱ-ն կազմել է 393.5 մլրդ դոլար: 2015թ. Իրանի ՀՆԱ-ի աճը կազմել է մոտ 1%, սակայն 2016-2017թթ.՝ Իրանի վրայից պատժամիջոցները հանվելուց հետո սպասվում է, որ այն կկազմի 4-5,5%, միջնաժամկետ հեռանկարում այն կկայունանա 4%-ի մակարդակում: Իրանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմում է 5.100 դոլար: Ներկայումս այդ երկիրը բանակցություններ է վարում Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու համար:

Այնուամենայնիվ, չնայած Իրանի ունեցած տնտեսական դժվարություններին՝ սպասվում է, որ 2016թ. հունվարից սկսած, երբ Իրանի վրայից ամբողջովին կհանվեն պատժամիջոցները, իրանական տնտեսությունը դրական մեծ աճ կարձանագրի: Առաջին հերթին դա հնարավոր կլինի Իրանի կողմից նավթի և գազի արտահանման ծավալները մի քանի անգամ ավելացնելու շնորհիվ: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են այդ մասին:

Իրանը նաև ժողովրդագրական առումով մեծ ներուժ ունեցող երկիր է: Ներկայումս այդ երկրի բնակչության թիվը կազմում է մոտ 80 մլն մարդ՝ տարեկան աճելով մոտ 1 մլն-ով: Ընդ որում, վերջին տարիներին ծնելիությունն զգալիորեն նվազել է և պետությունը լուրջ քայլեր է իրականացնում այն խթանելու համար: Հատկանշական է, որ Իրանի բնակչության մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները. 15-64 տարեկանները կազմում են երկրի բնակչության 70,9 %-ը: Իրանն աշխարհի ամենաերիտասարդ բնակչություն ունեցող երկրներից մեկն է:

Այսպիսով, ակնհայտ է, որ Իրանն օրեցօր ավելի է հզորանում, և նրա տեղն ու դերն ավելի է մեծանում ժամանակակից միջազգային հարաբերություններում: Այդ երկիրն արդեն մեծ ազդեցություն է ձեռք բերել ամբողջ Մեծ Մերձավոր Արևելքում, ուստի Հայաստանը պետք է ձգտի առավել խորացնել հարաբերություններն իր հարավային հարևանի հետ: Որքան փոխկապված լինեն երկու երկրների տնտեսությունները, այնքան ավելի բարձր կլինի նրանց միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը:

Եթե նախկինում պաշտոնական Երևանը, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված, չէր կարողանում ավելի սերտ հարաբերություններ ունենալ Թեհրանի հետ, ապա այժմ հուլիսի 14-ին կնքված համաձայնագրից հետո Հայաստանի առջև իր հարավային հարևանի հետ հարաբերություններն ավելի խորացնելու լայն հնարավորություններ են բացվում:

Սակայն, հայ-իրանական հարաբերությունների խորացման և ռազմավարական ծրագրեր իրականացնելու համար կան նաև որոշակի խոչընդոտներ: Առաջին խոչընդոտը Հայաստանի իշխանությունների ունեցած մեծ կախվածությունն է Ռուսաստանից: Հայաստանը չի կարող ձեռնարկել քայլեր, որոնք կհակասեն Ռուսաստանի շահերին: Այդ համատեքստում պաշտոնական Երևանը ոչ այնքան վստահելի գործընկեր է համարվում Թեհրանի համար:

Հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող հաջորդ հանգամանքը երկու կողմերի ապրանքների համար կիրառվող բարձր մաքսատուրքն է: Ճիշտ է՝ իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են Հայաստանի հետ համագործակցությունը խորացնել ինչպես ԵՏՄ-ի շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս, սակայն փաստ է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո մեր երկրում գործող ԵՏՄ միասնական մաքսատուրքերը բարդացնում են իրանական ապրանքների մուտքը հայկական շուկա: Դեպի Ռուսաստան և ԵՏՄ երկրներ իրանական ապրանքների համար արտահանման սակագները հասնում են 20%-ի, որը մրցակցության տեսանկյունից բավականին բարդացնում է մասնավոր հատվածի վիճակը:

Ներկայումս Իրանը մաքսային սակագների նվազեցման համար բանակցություններ է վարում Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի հետ: Նույնը կարելի է ասել նաև հակառակ ուղղության մասին. Իրանի կողմից սահմանված բարձր մաքսատուրքերի և ոչ տարիֆային վճարների պայմաններում գործնականում անհնար է Հայաստանից ապրանքների արտահանումն այդ երկիր:

Այս հարցը ևս մի քանի անգամ բարձրացվել է ՀՀ իշխանությունների կողմից, ինչը, սակայն, առայժմ դրական լուծում չի ստացել: Եվս մեկ խնդիր է երկու երկրների միջև գոյություն ունեցող վիզային ռեժիմը: Հայաստանի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն Իրանի հետ վիզային ռեժիմը հանելու համար: Դրա շնորհիվ Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների թիվը կտրուկ կմեծանա:

Հայաստանի իշխանությունները պետք է արագ տեմպերով ավարտին հասցնեն «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցումը, որը Հայաստանի հյուսիսը կապում է հարավի հետ: Պակաս կարևոր չէ նաև Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման համար ներդրողներ գտնելու հարցը: Այդ երկու ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի իրականացումը Հայաստանին հնարավորություն կտա իր ապրանքներն արտահանել Իրան և Պարսից Ծոցի երկրներ, իսկ Իրանին՝ Հայաստանի միջոցով Վրաստան, Ռուսաստան և Եվրոպա:

Այսպիսով, Իրանի վրայից միջազգային պատժամիջոցներն ամբողջությամբ հանելուց հետո Հայաստանի համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ թուլացնելու Թուրքիա-Ադրբեջան տանդեմի կողմից իրականացվող Հայաստանի մեկուսացման ազդեցությունը: Ակնհայտ է, որ Իրանն առաջիկայում կդառնա տարածաշրջանային առավել ուժեղ դերակատար, և նրա ազդեցությունը կմեծանա նաև Հարավային Կովկասում, որտեղ այժմ նրա ազդեցությունը թույլ է: Ուստի Հայաստանի իշխանությունները հայ-իրանական քաղաքական և տնտեսական կապերի մակարդակն առավել խորացնելու առավելագույն ջանքեր պետք է գործադրեն:
«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)
Միջազգային և Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031