Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Մարգարյանի և այլոց ձերբակալությունները՝ հոկտեմբերի 27-ին հաջորդող նրանց պահվածքի համար հաշվեհարդա՞ր

Հունվար 18,2016 18:01

«Գառնիկ Մարգարյանին ճանաչել եմ նախկինում և որևէ առիթ չի եղել ինձ մտածելու, որ նա քաղաքականության մեջ ուժային մոտեցումներ ներկայացնող է, ճանաչել եմ նաև Վահան Շիրխանյանին, հավատացեք, ոչ պակաս»,- Aravot.am-ի հետ զրույցում վերջին ձերբակալությունների հետ կապված այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Founder of the Institute for International and Security Affairs, political analyst Stepan Safaryan is guest in Hayatsk press club

Հիշեցնենք, որ ձերբակալվել են «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գեւորգի Մարգարյանը եւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Գառնիկ Մարգարյանը երկու օր առաջ կալանավորվեց:

Ստեփան Սաֆարյանի համար այս գործում դեռ մի շարք հարցականներ կան:

Ըստ նրա՝ կարելի է հիմնավոր անվստահություն հայտնել ԱԱԾ գործողությունների հետ կապված, բայց մյուս կողմից էլ բացի «մենք չենք արել», «մենք կապ չունենք» հայտարարություններից ուրիշ ձևակերպումներ չենք լսել:

Ստեփան Սաֆարյանը, իրավիճակը վերլուծելով, նման եզրահանգման է եկել. «Մեկ-մեկ աբսուրդի է նմանվում, որ 30-ից ավելի մարդիկ են ձերբակալվել և ափաշքյարա բոլորը օրը ցերեկով հավաքվել, քննարկել են այսքան մեծաթիվ կազմով, ինչպես Գորիկ Հակոբյանն է ասում՝ շատ հրեշավոր արարքներ: Դժվար եմ հավատում, որ խումբն այդքան մեծ լինի. նման բաներ փոքր խմբերով են անում: Ինչքան մարդ բռնել են կարծես թե այդքանին էլ պահում են մեկուսարաններում: Վստահություն չունեմ, որ նրանք բոլորը խմբի անդամներ են»:

Ստեփան Սաֆարյանը չի հերքում, որ ինչ-որ գործողություններ նրանք պլանավորել են, ի վերջո, գործ ունենք զինված խմբի հետ: Բայց նպատակի մասին այս պահի դրությամբ դատողություններ չի անում:

Գառնիկ Մարգարյանի և այլ հայտնի անձանց ձերբակալությունների մասին պարոն Սաֆարյանը կասկածներ ունի, թե դրանք կարող են կապված լինել հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ: Ըստ նրա, քանի որ գործի նկատմամբ կա հանրության ուշադրության պակաս, ապա դա վտանգ է ստեղծում, որ իշխանությունները գործը կարող են այլ ուղղությամբ տանել, և որպես քաղաքական գործիք օգտագործվի քաղաքական հաշվեհարդարը. «Այս շրջանակները նաև բավականին լուրջ ձեռնոց նետեցին իշխանությանը հոկտեմբերի 27-ից հետո: Ո՞վ գիտի՝ միգուցե հաշվեհարդար է հենց 1999-ից հետո նրանց պահվածքի համար: Ի վերջո, նրանք լուրջ խնդիրներ ստեղծեցին Քոչարյանի իշխանության և նրա աջակիցների համար»:

Պարոն Սաֆարյանի կասկածները դեռ չեն փարատվել. օրինակ՝ կասկածելի է այն, որ այդ երեսուն հոգանոց խումբը հավաքվել ու քննարկումներ է արել: Կես կատակ-կես լուրջ քաղաքագետը նկատում է, թե ստացվում է՝ ազգովի քննարկել են:

Նա նաև վստահ չէ, որ աղջիկները խմբի լիարժեք անդամներ են ու շեշտում է, որ դա ոչ թե ասում է՝ դատելով նրանց տեսքից, այլ բնազդն ու տարօրինակ հանգամանքներն են նրան ստիպում նման եզրահանգումներ անել: Պարոն Սաֆարյանի կարծիքով՝ այս ձերբակալություններն առաջին հերթին պետք է ընդդիմության ուշադրության կենտրոնում լինեին, ինչը չենք տեսնում: Նա համարում է, որ քաղաքական դաշտն ամայացած է, և խորհրդարանում ոչ մեկ չի խոսում, անգամ այդ մասին հայտարարություններ չեն եղել: Ըստ նրա՝ խորհրդարանում սուր, կրակոտ, լիրիկական տեքստերից ու փաթեթավորված հայհոյանքից բացի ոչինչ չենք լսում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031