Հունվարի 18-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահի հյուրընկալել էր երիտասարդ գյուտարարների։
19-ամյա Անի Ասատրյանը սովորում է ՀԱՊՀ Կիբեռնետիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում։ Նա մասնակցել է տարբեր մրցույթների և DigitecExpo ցուցահանդեսներին: Նա ռոբոտներ է պատրաստել, այդ թվում՝ տորթ կտրող ռոբոտ: Նրա ստեղծած ռոբոտները ներկայացվել են DigitecExpo-երին։
Անին մասնակցել է «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների թիմային մրցույթին, որի անդամ է նաև Լեւոն Ասատրյանը: Նրանց թիմը գրավել է 3-րդ տեղը՝ ապակի մաքրող ռոբոտի շնորհիվ։ Իսկ «Սահմանապահ Տուռել» հեռակառավարվող ռոբոտը բացառիկ է սահմանային նշանակության առումով:
ՀԱՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսում սովորող Լեւոն Ասատրյանը եւս մի շարք մրցույթների է մասնակցել, նա էլ DigiCamp -ին ներկայացրել է ավտոմատ կառավարվող լցնովի պաղպաղակի սարքը եւ գրավել 2-րդ տեղը։ Լեւոնն ասում է՝ տվյալ դեպքում մարդկային գործոնը բացակայում է, սարքը զվարճալի է, գովազդային առումով՝ գրավիչ: «Այն շատ էժան է, քիչ էլեկտրաէներգիա է պահանջում, եւ 4-5 ամիսը մեկ կարիք կլինի շարժիչները ստուգելու: Բացի այդ, ամսական 60000-70000 դրամի փոխարեն, որ տալիս են պաղպաղակ լցնող աշխատողին, կարելի է մեկ անգամ ռոբոտ գնել ու անընդհատ օգտագործել»,-ասում է Լեւոնը:
Կարդացեք նաև
18-ամյա Արշակ Խաչատրյանը, որ աշխատել է հայկական X-Tech, BetConstruct, 360Stories ընկերությունների հետ, ներկայումս աջակցում է Google ընկերության կողմից ստեղծված Polymer նախագծին, նաեւ գրում է գիրք «Getting Started with Polymer» խորագրով: Երիտասարդը հրավեր է ստացել լինել CSS Design Awards կայքի այս տարվա ժյուրիի կազմում՝ որպես front-end ծրագրավորող:
Լեւոն Ասատրյանը փաստեց, որ մի շարք կազմակերպություններ այսօր Հայաստանում ավելի շատ շեշտադրում են դպրոցական տարիքի երեխաների գյուտարարությունը, ինչ վերաբերում է ուսանողներին, նրա խոսքով պետք է շատ բարձր մակարդակի գիտելիքներ ունենաս, որ հիմնես ինչ-որ գործակալություն ու քեզ ցանկանան օգնել: «Դպրոցական տարիքում մեզ օգնում էին, իսկ եթե հիմա բիզնեսի համար ինչ-որ բան ներկայացնենք, մեզանից անպայման բիզնես պլան կուզեն, կպահանջեն բաներ, որոնց համար ուղղակի մեր գիտելիքները չեն հերիքի»,- ասում է Լեւոնը: Նաեւ հավելում, որ իրենք առայժմ ձեռնպահ են մնում դրամաշնորհների համար դիմելուց:
Անիի համոզմամբ, հայաստանցի ուսանողները ստեղծարարության ու ստեղծագործ մտքի մեծ ներուժ ունեն, սակայն միշտ չէ, որ կարողանում են աշխատանք գտնել, իրենց հղացած գաղափարները կյանքի կոչել: Անին ասում է, որ երբ ուսանողը չի կարողանում աշխատանք գտնել, փորձում է իր գործը ստեղծել, արդյունքում ֆինանսական եւ փաստաթղթային խնդիրներ է ունենում, մինչդեռ գաղափարները խելացի են, գործարկելու դեպքում ՝էլ մատչելի կլինեն: «Միակ հնարավորությունը, որը կարելի է Հայաստանում օգտագործել, դա մրցույթներով առաջ գնալն է, երբ մարդիկ տեսնում են փաստաթղթեր, հասկանում են, որ դա դու ես արել, վստահում են քեզ, իսկ ինքնուրույն գործելու դեպքում մեր շանսերը քչանում են»,-ափսոսանքով հայտնում է Անին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Նոյան տապանի»