Հունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ու գնումների կազմակերպման հարցերին:
Խորհրդակցությանը մասնակցել են նյութատեխնիկական ապահովման, ռազմարդյունաբերական և գնումների գործընթացում ընդգրկված, ինչպես նաև իրավապահ, վերահսկողական, աուդիտի, բարեկարգության և այլ հարակից ոլորտների ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտել է, որ անցած տարիների ընթացքում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կողմից իրականացված հետևողական աշխատանքի, գների և շուկայի ուսումնասիրության շնորհիվ լուրջ հաջողություններ են արձանագրվել գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազման և զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ուղղությամբ: Ընդգծելով, որ գործընթացը գտնվում է հանրապետության նախագահի ուշադրության ներքո` Սեյրան Օհանյանը ցուցում է տվել հատուկ ուշադրություն դարձնել ձեռք բերվող միջոցների տեխնիկական բնութագրերի կազմման, գնագոյացման քաղաքականության ուսումնասիրության, պայմանագրերի կատարման որակի նկատմամբ վերահսկողության խստացման հարցերին:
Ամփոփելով խորհրդակցությունը` պաշտպանական գերատեսչության ղեկավարը կոնկրետ ցուցումներ է տվել գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ, հորդորել է նոր ջանքեր ու գործուն միջոցներ ձեռնարկել գործընթացի թափանցիկության ապահովման ու կոռուպցիոն ռիսկերի նվազմանը միտված աշխատանքների ակտիվացման ուղղությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ