Սպանված Ավետիսյանների իրավահաջորդներն ու նրանց փաստաբանները մի մարդու պես պահանջում են, որ Վալերի Պերմյակովի գործը քննող դատավոր Հարություն Մովսիսյանը ինքնաբացարկ հայտնի:
«Դուք ակնհայտ կանխակալ կարծիք ունեք տուժող կողմի նկատմամբ»,- հայտարարեց Արթուր Սաքունցը:
Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ ասաց. «Ձեր պահվածքն ու կայացրած որոշումները հիմք են տալիս ենթադրելու, որ դուք այս գործով անկողմնակալ լինել չեք կարող: Դուք խախտում եք Քրեական դատավարական օրենսգիրքը, բայց դա նրանից չէ, որ չեք տիրապետում, այլ կաշկանդված եք: Դուք այս գործը չեք կարող քննել, ձեր կաշկանդվածությունն ակնհայտ է: Իսկ այս գործով դատական ակտը կարևոր է բոլորիս համար: Ձեր կաշկանդվածությունը թույլ չի տա օբյեկտիվ որոշում կայացնել»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Կարդացեք նաև
Երեմ Սարգսյանն էլ ասաց. «Միանում եմ միջնորդությանն ու ցանկանում եմ շեշտել, որ դուք անկախ չեք, անկողմնակալ չեք, անկաշկանդ չեք, դատավորը պարտավոր է թույլ չտալ, որ իր վրա ազդեն քաղաքական շահեր, մինչդեռ նախորդ դատական նիստին Պերմյակովին հսկող ռուս զինծառայողներին դուրս չհրավիրելու, իսկ այս նիստին արդեն իսկ նրանց չլինելու հանգամանքն այդ մասին չի խոսում»:
Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ ասաց, որ իրենք չգիտեն՝ որտե՞ղ են կայացվում դատարանի որոշումները, խորհրդակցական սենյակո՞ւմ ու ինչպես՝ միգուցե հեռախոսազանգերո՞վ: «Դուք ինքնուրույն որոշումներ չեք կայացնում»,- հայտարարեց Միհրան Պողոսյանը:
Դատավորի միակ պաշտպանը դատախազն էր, որ գտնում էր, թե փաստաբանների միջնորդությունը զուրկ է հիմքից:
Դատավորն ակնհայտորեն ընկել էր վատ վիճակի մեջ: Նա մեկ ժամ ընդմիջում հայտարարեց միջնորդությունը քննարկելու համար:
Նկատենք, որ անգամ Վալերի Պերմյակովը չառարկեց դատավորի փոփոխությանը:
Այս դատական նիստին Վալերի Պերմյակովին ընդմիջումների ժամանակ չէին թողնում իր ճաղավանդակում, իսկ վանդակից ամեն անգամ տանելն ու բերելը ազդում էր առաջին շարքերում նստած Ավետիսյանների հարազատների վրա, վերջիններս ուզում էին գոնե մի հատ ապտակել Պերմյակովին: Նույնիսկ փորձեցին հեռախոս շպրտել նրա վրա, սակայն դատարանի կարգադրիչներն անմիջապես կանխեցին:
Նշենք, որ 102-րդ ռազամաբազայում կանգնած էին շտապօգնության երկու մեքենաներ:
Դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց փաստաբանների միջնորդությունը: Քանի որ աշխատանքային օրվա ավարտ էր, դատական նիստն ավարտվեց. այն նշանակվեց ամսի 22-ին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ