Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանում արվող ամեն հակավրացական հայտարարություն օգտագործվում է մեր համայնքի դեմ». Ջոնի Մելիքյան

Հունվար 18,2016 16:44

«Վրաստանում սոցիալական վիճակը գնալով վատանում է, քանի որ լարին շարունակում է արժեզրկվել: Սա, բնականաբար, ազդում է նաև այնտեղի հայ համայնքի վրա: Սակայն ջավախահայության վրա ավելի շատ ազդում է ռուբլու արժեզրկումը, քանի որ այնտեղ ընտանիքների մեծ մասը ֆինանսական ներհոսք ունի ՌԴ-ից»,- այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

Շարունակելով անդրադարձը վիրահայության խնդիրներին՝ վրացագետը խոսեց նաև նախորդ տարվա վերջին խորհրդարանի ընդունած որոշման մասին, ըստ որի՝ Նինոծմինդայի ու Ախալքալաքի ընտրատարածքները պետք է միավորվեն. «Այսինքն՝ եթե նախկինում վիրահայերը կարող էին երկու պատգամավոր-ներկայացուցիչ ունենալ խորհրդարանում, ապա այժմ ունենալու են միայն մեկ պատգամավոր: Սա առաջ է բերել ջավախահայերի դժգոհությունը»։

Անկախ այս ոլորտում եղած որոշ խնդիրներից՝ վրացագետը հայ-վրացական հարաբերություներում տեսնում է նաև դրական փոփոխություններ նկատի ունենալով մասնավորապես Սուրբ Գևորգ եկեղեցու վերաբացումը, որը, նրա ձևակերպմամբ, հանգեցրեց թիֆլիսահայության հոգևոր վերածննդին:

Ջոնի Մելիքյանն անդրադարձավ նաև վերջերս հայ մի շարք գործիչների՝ Վրաստան մուտք գործել թույլ չտալու փաստին՝ նշելով, որ դեռևս նախկին իշխանություններից մնացած խնդիրներ կան. «Կան անձինք, որոնք ժամանակի ընթացքում հակավրացական հայտարարություններ են արել և «պերսոնա նոն գրատա» հայտարարվել Վրաստանում: Կարծում եմ, որ դիվանագիտական շփումների ընթացքում այսպիսի խնդիրները պետք է կարգավորվեն։ Երևանում արվող ամեն հակավրացական հայտարարություն օգտագործվում է մեր համայնքի դեմ։ Մենք պետք է շատ զուսպ ու զգույշ լինենք այս հարցում»,- ընդգծեց վրացագետը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031