2016 թվականի հունվարի 16-ին` ժամը 23:35 և 23:37-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ կեսի թափանցող, ձախ բազուկի կտրած-ծակած արյունահոսող վերքերով և կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերքով իրենց մոտ են ընդունվել համապատասխանաբար Թումանյան քաղաքի բնակիչներ, 1985 թ.ծնված Հրաչ Մովսեսյանն ու 1960 թվականին ծնված Ռոբերտ Հովսեփյանը:
Դեպքի առթիվ 2016 թվականի հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Հ.Մովսեսյանը և Ռ.Հովսեփյանը ճանաչվել են որպես տուժողներ։
Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Քննության արդյունքներով՝ նշված երկու անձանց կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով 2016 թվականի հունվարի 17-ին ձերբակալվել է Լոռու մարզի բնակիչ, 1981թ. ծնված Բարխուդարյանը։
Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: