Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոշիացնում ենք այն հաղթաթուղթը, որը մեր ձեռքերում է 90-ականներից»

Հունվար 18,2016 15:53

«Բաքվում հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված զանգվածային ջարդերից 26 տարի է անցել, և այդ տարիների ընթացքում մենք համառ ջանքեր ենք գործադրել, որ հարցը Հայաստանում ստանա իրավական ու քաղաքական լուծում: Այսինքն՝ ՀՀ պատկան մարմինները վերահաստատեն, որ Ադրբեջանում կատարվածը ցեղասպանություն էր ադրբեջանահայերի նկատմամբ, ճանաչի դա պաշտոնապես ու ներկայացնի իբրև ապացույց Ղարաբաղի անկախության համար: Սակայն մինչ օրս մեր ջանքերն ապարդյուն են եղել»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց ադրբեջանագետ, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:

«Փաստորեն, ադրբեջանահայերի ցեղասպանությունը երկրորդական, երրորդական պլան է մղված,- շարունակեց նա.- այն ճանաչելու ուղղությամբ որոշակի քայլեր չեն կատարվում, մինչդեռ դա ազգային անվտանգության խնդիր է լուծում: Ստացվում է, որ փոշիացնում ենք այն ակնհայտ հաղթաթուղթը, որը մեր ձեռքերում է 90-ական թվականներից»:

Դառնալով ադրբեջանահայերի սոցիալ-տնտեսական վիճակին՝ Գ. Այվազյանն այն օրհասական անվանեց. «Ադրբեջանահայ համայնքը գտնվում է հոգեվարքի վիճակում: Նրանք ներգրավված չեն կարևոր գործընթացների մեջ, ամեն քայլափոխի անտեսվում են նրանց տարրական շահերն ու իրավունքները: Բոլորը թմբկահարում են, որ շուտով, Բաքվի ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ, ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանահայ 50 մարդկանց վկայությունները պետք է տպագրվեն ու տարածվեն: Իսկ ի՞նչ է, ԱՄՆ-ում ադրբեջանահայեր ապրում են, իսկ Հայաստանում՝ ո՞չ: Թող գնան անմարդկային պայմաններում ապրող ադրբեջանահայերին հարցնեն՝ ինչ է եղել այն ժամանակ, և ինչպես են նրանք ապրում հիմա: Բայց չի արվում: Իսկ թե ինչու չի արվում, շատ պարզ է: Իհարկե, Ամերիկայում ապրող ադրբեջանահայերից ավելի հեշտ է ինչ-որ բանի մասին հարցուփորձ անելը, որովհետև նրանք օգնության կարիք չունեն, իսկ Հայաստանում բնակվող ադրբեջանահայերի վիճակն այնքան ողբերգական, այնքան ծանր է, որ մարդիկ իրենց պատասխանատվության չափն զգում են ու ավելի «լավ» մոտեցում չեն ցուցաբերում, քան հարցն անտեսման մատնելը: Կարծում են, որ եթե անտեսեն հարցը, այն ինքնըստինքյան կմարի»,- ասաց Գ. Այվազյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031