Ինչո՞ւ բենզինը Հայաստանում չի էժանանում, այն դեպքում, երբ միջազգային շուկայում նավթի գինն օր օրի աննախադեպ անկում է ապրում: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի սրահում տնտեսագետ Բաբկեն Թունյանից հետաքրքրվեցին լրագրողները` մեջբերելով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի բացատրությունները, թե մեր երկրում բենզինը չի էժանանում հարկերի պատճառով: Ըստ Բաբկեն Թունյանի, 3-4 տարի առաջ նույն ինքը` պարոն Շաբոյանը բենզինի գների բարձրացումը պայմանավորել է միջազգային շուկայում նավթի գների աճով: Այսինքն` Բաբկեն Թունյանի համոզմամբ, «Մեզ մոտ, ավելի շատ, ընտրանքային մոտեցում է, երբ միջազգային շուկայում գներն աճում են մեզ թանկանում է, բայց երբ էժանանում են, մեզ մոտ չի ազդում: Մեզ մոտ խնդիրների պատճառն այն է, որ այդ շուկայում օլիգոպոլիա է, այսինքն` կան մի քանի խոշոր խաղացողներ եւ շուկայում գինը ձեւավորվում է ոչ թե մրցակցային հիմունքներով, այլ նրանց թելադրանքով: Մեզ մոտ նայում են պարզապես, այդ պահին որն է ամենաբարձր գինը եւ այդ գինն էլ շուկայում հաստատում են»: Բենզինի գերբարձր գնի պատճառներից մեկն էլ տնտեսագետը համարում է այս վառելիքի սպառման ծավալների նվազումը. «Բենզինի պահանջարկը նվազել է, քանի որ մեքենաների 70 տոկոսը մեր երկրում գազով են աշխատում եւ այդ պայմաններում, այդ տարբերությունը, բնականաբար, պետք է փոխհատուցեն գնի հաշվին, մարդիկ ներդրումներ են արել բենզալցակայաններ են սարքել»:
Այս տարի էլ պարոն Թունյանի վստահեցմամբ, Ռուսաստանի վիճակով պայմանավորված, Հայաստանին տնտեսական ծանր տարի է սպասվում: Նավթի գների անկումը, ռուբլու արժեզրկումը մեծ վնասներ կհասցնեն նաեւ մեր տնտեսությանը: Հարցին, թե Իրանի դեմ պատժամիջոցների վերացումն ավելի շատ ուղղված է Ռուսաստանի դեմ, պարոն Թունյանն ասաց. «Եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը բերում է նավթի գնի անկման, նավթի գներն էլ իր հերթին բերում է Ռուսաստանի վիճակի վատթարացման, ուրեմն, դա, միանշանակ, Ռուսաստանի տնտեսության դեմ է»:
Ըստ տնտեսագետ Թունյանի, Ռուսաստանում տնտեսական վիճակն արդեն շատ վատ է, եւ այդ մասին ռուսներն էլ չեն թաքցնում. «Նրանք արդեն խոսում են խնայողության ռեժիմին անցնելու, սեկվեստորի մասին, այսինքն` ռուսական իշխանություններն ընդունում են, որ այս տարի ավելի վատ է լինելու»:
Այն հարցին էլ, թե դրամի չարզերկումը օգուտ է, թե վնաս Հայաստանին, պարոն Թունյանն ասաց, որ միանշանակ ասել օգուտ է կամ վնաս հնարավոր չէ, քանի որ նրանք, որոնք պնդում են, որ հայկական դրամը պետք է արժեզրկվի, որպեսզի արտահանումը աճի, իրենց հիմնավորումներն են բերում, իսկ նրանք, որոնք կարծիք են հայտնում, որ պետք է դրամը կայուն մնա, իրենց հիմնավորումներն ունեն:
Կարդացեք նաև
«Եթե դոլարի գինը դառնար 600 դրամ, մենք, ըստ էության, պետք է արտահանելու բան ունենանք, որ արտահանենք, սկսենք դրանից, իսկ այսօր մենք ի՞նչ ունենք, որ արտահանենք, ու դրա համար ժամանակ է պետք: Դրա ազդեցությունը միանգամից չի զգացվում եւ դա վերաբերում է նորմալ տնտեսական կառուցվածք ունեցող երկրներին, որոնք նորմալ տնտեսագիտական օրենքներով են առաջնորդվում, իսկ դրա բերած վնասները միանշանակ են, դա կբերեր ներմուծվող ապրանքների գների աճին, այսինքն` ընդհանուր գնաճ կարձանագրվեր եւ բացի այդ ֆինանսական լուրջ դժվարությունների առաջ կկանգնեցներ, որովհետեւ այսօր մեր տնտեսության մեջ դոլարային վարկերի տեսակարար կշիռը ավելի մեծ է, եւ դոլարային վարկ ունեցողները լուրջ խնդիրների առաջ են կանգնում: Այսինքն` մարդիկ որոնք եկամուտը ստանում են դրամով բայց բանկին վճարում են դոլարով իրենց վարկային բեռը ծանրանալու էր, դա բերելու էր անվճարունակության տոկոսային աճի ու բանկային համակարգին կանգնեցնելու էր լուրջ խնդիրների առաջ: Դրա համար գտնում եմ, որ ավելի լավ է մի քիչ տնտեսությունը զսպելով, թեկուզ այդ սոցիալական վիճակը պահել այս մակարդակի վրա, քան` բաց թողնեն ու հայտնվեն անկանխատեսելի իրավիճակում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ