Այսօր Վարչական դատարանում (դատավոր Սամվել Հովակիմյանի նախագահությամբ) տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստներից մեկի՝ Տիգրան Մազմանյանի դեմ Ոստիկանության ներկայացրած վարչական հայցի նախնական դատական նիստը:
Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 11-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիները փակել էին Բաղրամյան պողոտան: Սեպտեմբերի 12-ին լուսաբացին ոստիկանության ուժերը Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասից հեռացրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիներին և բերման ենթարկված 48 քաղաքացիներին ոստիկանությունում երեք ժամ պահելուց հետո ազատ էին արձակել:
Վարչական դատարան ներկայացված հայցով Ոստիկանությունը պահանջում է Տիգրան Մազմանյանին ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկել:
Պատասխանող կողմն էլ հակընդդեմ հայց է ներկայացրել, որով պահանջում է ոստիկանների գործողությունները, կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտմամբ, ոչ իրավաչափ ճանաչել:
Կարդացեք նաև
Նախնական դատաքննությանը ներկա չէին Ոստիկանության ներկայացուցիչները: Դատավոր Սամվել Հովակիմյանն ասաց, որ այսօր դատարանը ստացել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, Երեւանի քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնի ավագ իրավաբան, ոստիկանության մայոր Մարինա Մարգարյանի դիմում, ըստ որի վերջինս խնդրում է հետաձգել դատական նիստը եւ հայտնում է, որ վատառողջ է: Դատարանը մերժեց այս միջնորդությունը, քանի որ ոստիկանը վատառողջ լինելու վերաբերյալ համապատասխան բժշկական ապացույց չէր ներկայացրել:
Պատասխանողի շահերի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղարագյոզյանը հիմնավորելով իրենց հակընդդեմ հայցն ասաց, որ հաջորդ դատական նիստին կներկայացնեն տեսաձայնագրություններ, որոնցում երեւում են, որ քաղաքացիները խաղաղ ցույց են անցկացրել եւ ի սկզբանե ոստիկաններն են խոչընդոտել այդ ցույցը: «Ոստիկանության ներկայացրած ձայնասկավառակով էլ է հիմնավորվում, որ ցույցը խաղաղ է եղել»:
Արա Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ հակընդդեմ հայցում ներկայացրել են «Ոչ թալանին» նախաձեռնության հայտարարությունները, որոնցում նշված է, որ ցույցը բացառապես խաղաղ բնույթ է կրում եւ Ոստիկանությունն իրավունք չունի խոչընդոտելու քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Դատավոր Սամվել Հովակիմյանը նաեւ հայտարարեց, որ հայցվորն իր պահանջը Վարչական դատավարության օրենսգրքի 216 հոդվածին համահունչ է ներկայացրել: Նա նշեց, որ նույն հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին գործերով վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման բեռը չի կարող դրվել այն անձի վրա, որի գործողությունների վերաբերյալ կազմվել է վարչական արձանագրություն: «Արձանագրությունն ինքնին ապացույց չէ, հետեւաբար ապացուցման բեռը դրվում է սկզբնական հայցվորի վրա: Նա պետք է դատարանում ապացուցի պատասխանողի կողմից կատարված զանցանքը»:
Գործը նշանակվեց դատաքննության:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Hetq.am-ի