Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Պերմյակովը հայտարարեց, թե իր համար միեւնույն է՝ որտեղ կայանա դատավարությունը (Տեսանյութ)

Հունվար 18,2016 14:15

Սպանված Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները դատարանին միջնորդություն ներկայացրին դատական նիստերի վայրը փոխելու, 102-րդ ռազմաբազայից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենք տեղափոխելու մասին:

Սկզբում միջնորդությամբ հանդես եկավ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Սաքունցն, ընթերցելով դատավորի պատճառաբանությունը դատական արտագնա նիստ անցկացնելու մասին, ասաց. «Ձեր պատճառաբանությունը, այն է՝ Վալերի Պերմյակովը ռուսական կայազորային դատարանի կողմից դատապարտված է եւ իր պատիժը կրում է կալանատանը՝ ռուսական ռազմաբազայում: Նաեւ պատճառաբանել եք, որ այն բխում է նաեւ արդարադատության շահերից: Ես պնդում եմ, որ ռազմաբազայում արտագնա նիստ անցկացնելը բացարձակապես չի բխում արդարադատության շահերից, խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը: Եթե հետագայում վճիռը բողոքարկվի վերաքննիչ դատարան, ո՞նց են անցկացնելու նիստերը»:

Արթուր Սաքունցն ասաց, որ պատշաճ պայմաններ ապահովված չեն ոչ դատավորի, ոչ լրագրողների աշխատանքի համար, անգամ համոզված չեն, թե կա խորհրդակցական սենյակ դատավորի համար:

Նա ասաց, որ խախտված են անգամ Վալերի Պերմյակովի իրավունքները. նա մեկուսացված է, ձեռնաշղթաներով, լսելի չէ ինչպես Պերմյակովի, այնպես էլ թարգմանչի խոսքը, չեն հասկանում՝ արդյոք ճի՞շտ է թարգմանում դատական գործընթացը:

Արթուր Սաքունցը դժգոհեց նաեւ, որ չենք կարող տեսնել Պերմյակովի դեմքը, միմիկան, որը զգալի նշանակություն ունի դատական գործընթացում:

Նա ասաց, որ ռուսական ռազմաբազայում Պերմյակովի նկատմամբ հսկողություն են իրականացնում նաեւ այն անձինք, որոնք տեղեկատվության են տիրապետում Պերմյակովի հանցավոր գործունեության մասին:

Արթուր Սաքունցը պնդեց, որ 102-րդ ռազմաբազան ըստ ՀՀ օրենքի չի հանդիսանում մեկուսարան: Նա շեշտեց, որ սա Հայաստանի՝ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտականությունների բացահայտ խախտում է: Պերմյակովին ապօրինի են պահում ռուսական 102-րդ ռազմաբազայում, սպայական անձնակազմը ազատ ելումուտ ունի նրա մոտ ու կարող է ճնշումներ, սպառնալիքներ գործադրել նրա վրա: «Սա ավելի է հիմնավորում մեր կասկածները, որ դատարանը չի կարող այս պայմաններում արդարացի քննություն անցկացնել, քանի որ Պերմյակովը այս պայմաններում  կաշկանդված կլինի խոսել: Նման պայմանները չեն բխում ոչ ամբաստանյալի, ոչ տուժողների շահերից, միջնորդում եմ, որ գործի քննությունը իրականացնեն Շիրակի մազի ընդհանուր իրավասության դատարանում:

Միջնորդությանը միացան նաեւ մյուս փաստաբանները: Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ միանում է միջնորդության պահանջին, բայց որոշ վերապահումներով: Նա ասաց, որ Վալերի Պերմյակովի իրավունքները մինչ այս պահը չէին խախտվել, խախտվում է հենց այս պահին, քանի որ նա գտնվում է ճաղավանդակում, իսկ սա Եվրոպական դատարանի կողմից անընդունելի է: Պետք է այնպես անել, որ Պերմյակովը վաղը-մյուս օրը վիճարկելու թեմա չունենա, թե իր որեւէ իրավունք խախտվել է ու դրա հետեւանքները չկրենք մենք:

«Հարգելի դատավոր, դուք կաշկանդված եք, չէիք լինի այսպիսին, եթե աշխատեիք ՀՀ դատարանի շենքում: Ինչքան էլ փորձ անեք պայմանները բարելավելու, ռուսական ռազմաբազայի այս դահլիճում հնարավոր չէ: Չե՞ք տեսնում, թե ինչ պայմաններում են աշխատում լրագրողները: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու եք որոշել ռուսական ռազմաբազայի տարածքում անցկացնել, բոլորն էլ մի տեղ պատիժ կրում են, հիմա ի՞նչ, դատարանը գնա կալանավայրո՞ւմ դատավարություն անցկացնի: Սա անհիմն է, ես միջնորդում եմ վերանայել ձեր որոշումը»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, թե իր համար անհասկանալի է՝ ինչո՞ւ պիտի Հայաստանի Հանրապետությունը հավելյալ ծախսեր անի ռազմաբազայում դատավարություն անցկացնելու համար:

Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ նույնպես միանալով միջնորդությանը, հատուկ ուշադրություն հրավիրեց խորհրդակցական սենյակի հարցին: Ըստ նրա՝ դատավորի խորհրդակցական սենյակ մտնելը տեսանելի ու համոզիչ պետք է լինի դատավարության մասնակիցների համար: Նախ, սենյակը պետք է գաղտնիություն ապահովի, իսկ ռազմաբազայում գտնվող խորհրդակցական սենյակը արդեն իսկ կասկածի տակ է դնում դատավարական գործընթացի արդարությունը, այնտեղ ելումուտ են անում ռուս սպաներ:

Նա ուշադրություն հրավիրեց նաեւ այն փաստին, որ Պերմյակովը գտնվում է վանդակի ներսում, կաշկանդված է, նույնիսկ չի կարող խորհրդակցել իր պաշտպանի հետ: «Չենք կարողանա արդյունավետ հարցաքննություն իրականացնել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Փաստաբան Միհրան Պողոսյանը եւս հայտարարեց, որ անհիմն է դատարանի՝ ռուսական ռազմաբազայում արտագնա նիստ անցկացնելու որոշումը:

Միջնորդությունը դատարանի կողմից դեռ չի քննարկվել, դատարանը կես ժամ ընդմիջում հայտարարեց, երեւի Պերմյակովի ձեռնաշղթաները հանելու համար: Վալերի Պերմյակովը այս պահին հեռացված է ճաղավանդակից:

Հավելենք, որ Վալերի Պերմյակովը հայտարարեց, թե իր համար միեւնույն է՝ որտեղ կայանա դատավարությունը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031