«ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը սկսում է հունվարի 25-ին եւ հունվարի 26-ին առաջին բանաձեւերը, որ դրվելու են քննարկման, այն չարաբաստիկ բանաձեւերն են՝ «Բռնության էսկալացիան ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» եւ երկրորդ զեկույցը, որը վերաբերում է Սարսանգին: Հայաստանին մեղադրում են, որ բացի այն, որ գրավել է տարածքները, նաեւ կտրել է ջրամատակարարումը: Շատ վտանգավոր զեկույցներ են, միակողմանի մեղքը դրվում է ՀՀ-ի վրա: Խոսք է գնում ՀՀ-ի կողմից միակողմանի զիջումների մասին, ընդհուպ մինչեւ հայկական ուժերի դուրսհանումը Ղարաբաղից: Սա նշանակում է, որ արդեն բանակցելն անիմաստ է»,- այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքերով՝ թեեւ տեսականորեն շանսեր կան փոխելու իրավիճակը, բայց ստեղծվել է չափազանց բարդ իրավիճակ. «Սա ձախողում է, սա արդեն խայտառակություն է, միակողմանի պարտադրանք ՀՀ-ին, որն անընդունելի է: Խոսել հավասարակշռության, որեւէ բալանսի մասին անհնար է: Պարզագույն մի սուտ է ասվում, թե հղում եմ կատարում այն միակ բանաձեւին, որը նվիրված է եղել բացառապես ԼՂՀ հարցին: Պարզ սուտ է, որովհետեւ եթե ԵԽԽՎ արխիվներում փնտրեն 1994-ի եւս մի բանաձեւ կգտնեն: Ես ունեմ այդ բանաձեւը»,- ասաց պարոն Զուրաբյանն ու ցուցադրեց այն՝ հորդորելով անպայման ծանոթանալ այդ բանաձեւին ու տեսնել, թե ինչ դիվանագիտություն են իրենք ունեցել 94-ին ու ինչ դիվանագիտությունն ունեն մեր իշխանությունները:
Ըստ Լեւոն Զուրաբյանի, այս վիճակը ստեղծվել է ոչ միայն Ադրբեջանի խավիարային դիվանագիտության պատճառով. «ՀՀ իշխանությունները չունեն ինտելեկտուալ ներուժ, ՀՀ դիվանագիտությունը չունի ճշգրիտ հարցեր ձեւակերպելու ինտելեկտուալ վերլուծական ուժ: Ես չեմ ուզում Ադրբեջանին այս նստաշրջանում զինամթերք տալ, հիմա եթե կոնկրետ բաներ բացահայտեմ՝ զինամթերք կտամ: Պատմությունը ավարտվի, ես կխոսեմ այդ մասին: Մեր իշխանությունը, որոշ պատվիրակներ չեն հասկանում, որ կարեւորն այն չի, որ գնաս եւ քլնգես Ստրասբուրգում Ադրբեջանին: Բացարձակ պետք չի գնալ եւ ինչ-որ հայհոյանքներ անես ադրբեջանցիներին ու ՀՀ-ում ցույց տաս, թե ինչպես ենք մենք պայքարում ադրբեջանցիների դեմ: Դա ՀՀ-ին վնաս է: Այդ մարդիկ չեն հասկանում՝ նպատակն այն չի, որ ՀՀ-ում մի քանի ազգայնամոլներ ծափահարեն, նպատակն այն է, որ բանաձեւը չընդունվի: Պետք է աշխատել բանաձեւի վրա, համոզել, որ ոչ թե այս ձեւակերպումը լինի, այլ՝ այն: Դրա համար ադրբեջանցիներին հայհոյելը լրիվ հակառակ արդյունքն է տալիս:
Պետք է ոչ թե ասել, որ ադրբեջանցիները վատն են, այլ պետք է խոսել եվրոպացիների համար հասկանալի լեզվով: Օրինակ, պետք էր ասել, որ սա վնաս է բանակցություններին եւ լարվածություն է ստեղծում տարածաշրջանում: Այդ բանը չի արվում, ես արել եմ, բայց պետք է դա լինի իշխանության գործը, պետք է լինեն հետեւողական: Դա մեկ հոգու գործ չի»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ստեղծված իրավիճակում Դուք ի՞նչ լուծում եք տեսնում, Հերմինե Նաղդալյանը, իշխանություններն ասում են, որ լուրջ պլան են մշակում՝ չեզոքացնելու համար վտանգը՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Այս պահին լուծումն այն է, որ մենք մեր կապերն օգտագործելով՝ փորձենք լիագումար նիստում հասնենք քվեարկության արդյունքի, բայց սա շատ դժվար է, տեսականորեն անհնարին: Նշանակություն ունի համանախագահների դիրքորոշումը: ՌԴ-ն ունի իր դիրքորոշումը, իր խնդիրները, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան տեսնենք; Իրենք ԵԺԿ-ի հետ ախպեր են, ինչն է խանգարում, որ իրենք էլ աջակցեն:
Դեռ շանսեր կան: Ինչ մեզանից գալիս է, բոլորս պետք է կարողանանք անենք: Այս վիճակին մեզ հասցրել է այս իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը, բայց չպետք է խաղը համարել ավարտված, պետք է խաղալ մինչեւ վերջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ